...

«Յուքոմ»-ն ու «Բիլայն»-ը՝ իրենց ֆինանսական խնդիրների մասին

«Յուքոմ»-ն ու «Բիլայն»-ը՝ իրենց ֆինանսական խնդիրների մասին

Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է, որ կապի և հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող «Յուքոմ» ընկերությունը հնարավոր է գնի «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը, որին պատկանում է «Բիլայն» ապրանքանիշը: 

Անցյալ տարվա վերջին «Վեոն Արմենիա»-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ընկերության բաժնետոմսերի 100 %-ը «Յուքոմ» ՍՊԸ-ին օտարելու համաձայնություն ստանալու նպատակով։ 

Բաժնետոմսերը վաճառելու հայտ ներկայացնելով՝ «Բիլայնը» նաև հիմնավորումներ է նշել, որ ֆինանսական վիճակի վատթարացման ու տվյալ ոլորտում բիզնես հետաքրքրությունը կորցնելու պատճառով բաժնետերն այլևս հետաքրքրված չէ շարունակել ոլորտում իր գործունեությունը:

Հեռահաղորդակցության ոլորտում նոր գործարքի մասին խոսել է նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նա նշել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուսումնասիրություններ կիրականացնի` պարզելու, թե ինչ ազդեցություն կունենա շուկայի վրա «Բիլայնի» վաճառքը «Յուքոմ»-ին: 

Հարցը հանձնաժողովում դիտարկվելու է նաև շուկայում մենաշնորհի ստեղծման վտանգի տեսանկյունից։ Ընդ որում, հաշվի է առնվելու անգամ ԱԱԾ կարծիքն այդ հարցի շուրջ, ինչը նախատեսված է օրենքով:

Տիգրան Ավինյանը նաև որոշ բիզնես գաղտնիքներ է բացել՝ երկու ընկերություններում առկա են ֆինանսական խնդիրներ և չմիավորվելու դեպքում կարող են լուրջ խնդիրներ առաջացնել:

«Օրինակ` «Վեոն Արմենիան», եթե չեմ սխալվում, 2018 թ. 9.5 մլրդ դրամ վնասով է փակել։ «Յուքոմ»-ը ևս ծանրաբեռնված է ֆինանսական մեծ բեռով։ Իհարկե, ներդրումների ոլորտում են հիմնական մեծ ծախսերն արված»,- մանրամասնել էր փոխվարչապետը:

Մինչդեռ կապի ոլորտի ընկերությունները շրջանցում են և ֆինանսական խնդիրներ ունենալու հարցին հստակ չեն արձագանքում:

«ՉԻ»-ն փորձեց պարզել, թե արդյոք ընկերությունները ֆինանսական խնդիրների առաջ են կանգնած: Թեպետ բաժնետոմսերը վաճառելու հայտ է ներկայացրել, բայց «Բիլայնը» չի հաստատում, որ նման խնդիր ունի:

«Բիլայնից» մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ  2018 թվականին դրամական զուտ հոսքերը դրական են, իսկ շահույթը կազմել է 8,6 մլրդ դրամ: Ընկերությունից փոխանցել են, որ ըստ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների՝  ընկերությունները պարտավոր են պարբերաբար անցկացնել երկարատև հեռանկարում իրենց ապագա դրամական հոսքերի գնահատում և ստացած տվյալներն արտացոլել ֆինանսական հաշվետվություններում։

Որպես միջազգային խմբի մի մաս, ընկերությունը հետևողական է մոտեցել այդ պահանջին և, հաշվի առնելով հեռահաղորդակցության ոլորտի համաշխարհային միտումները ու մեր շուկայի իրողությունները, շատ խիստ է գնահատել իր ակտիվների արժեքի ապագա հնարավոր անկումը։

Հետևաբար 2018 թ. վերանայեցինք մեր գնահատականները և ավելի պահպանողական մոտեցում ցուցաբերեցինք: Համապատասխանաբար, դա արտացոլվեց ֆինանսական հաշվետվություններում, որպես լրացուցիչ կանխատեսումային ծախս, որը փաստացի տեղի չի ունեցել։

Ինչ վերաբերում է փաստացի տարեկան գործառնական ցուցանիշներին, ապա 2018 թ. դրամական զուտ հոսքերը դրական են, իսկ շահույթը՝ նախքան տոկոսը, հարկերը, մաշվածությունը և ամորտիզացիան կազմել է 8,6 մլրդ AMD:

Հավելենք նաև, որ 2019 թ․ Հայաստանում Beeline-ն ընդգրկվել է խոշոր հարկատուների տասնյակում։

«Յուքոմ» ընկերությունն էլ հստակ չի պատասխանել մեր այն հարցին, թե 2018-2019 թվականները ընկերությունը բացասական հաշվեկշռով է ամփոփե՞լ, թե՞ ոչ:

Ի պատասխան մեր հարցմանը` հայտնել են, որ ըստ սահմանված կարգի, «Յուքոմ» ՓԲԸ-ն հրապարակում է բոլոր ֆինանսական հաշվետվությունները իր կայքի «Հաշվետվություններ» բաժնում՝ այնտեղ տեղադրված են տնտեսական ցուցանիշները` 2018թ-ի համախմբված Ֆինանսական հաշվետվությունները և անկախ աուդիտորական եզրակացությունը:

Ի դեպ, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր լրագրողներին հայտնել է, որ երկու ամսից պարզ կլինի` Բիլայնին թույլ կտան վաճառել բիզնեսը Հայաստանում, թե ոչ։

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3247 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ