...

Զինվորի անձնվիրությունը ձեր PR-ի համար չէր

Զինվորի անձնվիրությունը ձեր PR-ի համար չէր

Թշնամու դեմ մեն-մենակ մնացած և չհանձնված հայ զինվորի հուսահատ արարքը այսրոպեական PR-ի առիթ դարձավ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր կողմերի համար։ Պիոներական-ոգեշունչ տեքստերի պակաս չունեցանք։ Ահա իռացիոնալ, տրամաբանությունից չափազանց հեռու խոսքի մի նմուշ․

«Հետադարձ գնահատելով Տարոնի սխրանքը, կարելի է պնդել, որ եթե բոլորս, կամ գոնե մեր մեծամասնությունն ունենար Տարոնի անձնվեր գիտակցությունը, մենք կհաղթեինք այս պատերազմում, ինչպես հաղթել էինք նախորդում, այսօր էլ չէինք ապրի պարտվածի խարանով, հաղթողը պարբերաբար չէր ստորացնի մեզ նոր ոտնձգություններով և զիջումների պահանջով։ Ցավոք, այս անգամ այդպես չստացվեց, Տարոնները մնացին փոքրամասնության մեջ, և իրենց կյանքով հատուցեցին մեծամասնության անտարբերության, նյութապաշտության և վախերի համար»։ Սա գրել է ինտելեկտուալի հավակնություններ ունեցող Ավետիք Չալաբյանը։

Անձնվիրության մասին խոսելիս պետք է հիշել, թե ինչու պարտվեցինք։ 

1․ Պարտվեցինք պետության թիվ մեկ իշխանավորի աններելի դիլետանտիզմի պատճառով։ Հիշենք՝ նա չէր ուզում դավաճան լինել, արցախյան հարցի լուծումն ի՛ր կետից էր սկսում։ Անձնվիրաբար հայտարարում էր՝ Արցախը Հայաստան է, և վերջ։ 
2․ Պարտվեցինք ջախջախվելով, որովհետև պետության գլուխն ախր շա՜տ էր ուզում հաղթել և չօգտագործեց պատերազմը կանգնեցնելու պատեհ առիթը։ Դե մարդն ուզում էր հերոս դառնալ։ Դրա գինը հազարավոր զոհերն ու հանձնված Շուշին էին։
3․ Պարտվեցինք, որովհետև 2020-ի պատերազմում անձնվիրությամբ կամ դուխով հաղթել հնարավոր չէր։ Սա ուրիշ պատերազմ էր։ 

Իսկ եթե մեկ արտահայտությամբ ասենք․

Պարտվեցինք, որովհետև 20 տարվա կեղծ ազգայնական պաթոսն իսպառ բացառել էր բանականությունը, ուղեղը։

Անձնվիրության մասին խոսելիս մի բան էլ պետք է հիշեն մեր ինտելեկտուալ-չինտելեկտուալները։ 

Միայնակ երիտասարդը շատ լավ գիտակցում էր, թե ինչ էր անում։ Նրա արարքը ինչ էլ անվանենք, նման էր գիտակցված ինքնասպանության։ Այո՛, դարեր շարունակ «մահ իմացեալ»-ով ենք հայրենասիրություն քարոզել։ Իմացյալ մահը մարդը գերադասեց ամոթից կամ թուրքի գերի դառնալուց։

Իսկ գիտե՞ք, հարգելի ինտելեկտուալ-չինտելեկտուալներ, որ կամավորագրված տղաների մեծ մասն էր պատրաստ զոհվելու։ Իսկ գիտե՞ք, թե ինչ են ասել իրենց զավակներին հայոց բանակ ճանապարհող հազարավոր ծնողներ նաև հարաբերականորեն խաղաղ ժամանակներում։ Ասեմ՝ «Քեզ պայթացրու, կրակի՛ր, բայց թուրքի գերի չդառնաս»։ Դե հիմա պատկերացրե՛ք՝ ինչ զոհաբերության են միշտ պատրաստ եղել մարդիկ, որոնց զավակներն իրենց պարտքն են կատարել։ Իսկ դուք ասում եք՝ եթե բոլորս, եթե մեծամասնությունը․․․

Եվ իհարկե, որքան էլ պաթոսախեղդ լինեք, որքան էլ փորձեք խեղաթյուրել պատմությունը, երբեք չմոռանաք, որ․

Արցախյան առաջին պատերազմի հաղթանակը նախ և առաջ պետության ղեկավարների քաղաքականության արդյունքն էր։ 

Որքան էլ ձեզ համար, հարգելի՛ իշխանավորներ և ընդդիմադիրներ, ցավոտ լինի, որքան էլ հայտնի կենդանու համառությամբ պնդեք, թե այն ժամանակ Շուշին գրավվել է՝ ի հեճուկս ՀՀ նախագահի (գոնե պարտությունից հետո պետք է հասկանաք, թե ինչ է նշանակում գերագույն գլխավոր հրամանատար), մի՛ մոռացեք, որ․

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր։

Այդ նրա՛ ամրագրած հաղթանակը բոլորդ միասին մատաղ արեցիք ձեր հավակնություններին, ձեր՝ իշխելու և հարստանալու անհագ մարմաջին։ Հիմա էլ միասին մատաղ եք անում Հայաստանը։

Իսկ զոհված, հաշմված, պատերազմի արյունոտ հորձանուտով անցած տղաներին հանգի՛ստ թողեք։ Նրանք ձեզ գովազդելու համար չեն զոհաբերել իրենց կյանքն ու առողջությունը։

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1917 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ