...

Ա՛յ դու կկու, «խաղաղության օրակարգին հավատարիմ» կկու․․․

Ա՛յ դու կկու, «խաղաղության օրակարգին հավատարիմ» կկու․․․

Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ «թշնամանքը կառավարելու» քաղաքականությունը դրսևորվում է շատ կոնկրետ մեխանիզմով։ Ադրբեջանն ինչ-որ բան է պահանջում, նա անմիջապես կատարում է այդ պահանջն ու հայտարարում, թե ակնկալում է, որ Ադրբեջանն էլ իր հերթին համարժեք զիջումներ կանի, բայց Ալիևն իր ուզածը ստանալուց հետո ոչ մի «համարժեք զիջում» էլ չի անում ու նոր պահանջներ է առաջ քաշում, Նիկոլը դրանք նույնպես կատարում է ու դարձյալ «համարժեք քայլեր անկալում», դրանք նույնպես չեն կատարվում, և այսպես շարունակ։ Այդպես եղավ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, երբ նա վերադարձրեց ադրբեջանական բոլոր գերիներին, բայց «համարժեք զիջում» չստացավ, երբ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախն ու անկլավներն էլ հետը, բայց «հայելային պատասխան» չստացավ, երբ լուռումունջ ընդունեց Արցախի հայաթափումը, բայց այդպես էլ ՀՀ տարածքում ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը բանակցային օրակարգից դուրս բերելուն չհասավ, և այլն։ 

Հիմա էլ, ակնհայտորեն կատարելով Ադրբեջանի պահանջները, նույն մեխանիզմով հայտարարում է, թե պատրաստ է նրանց թույլ տալ վերահսկել ՀՀ զինված ուժերի սպառազինությունը, պատրաստ է «լրացուցիչ երաշխիքներ տալ», որ Հայաստանը երբեք տարածքային նկրտումներ չի ունենալու Ադրբեջանի նկատմամբ, և, սովորության համաձայն, ակնկալում է, որ նույնն էլ Ադրբեջանը կանի։ Իսկ արդյունքը, մեծ հավանականությամբ, կլինի նույնը․ Ադրբեջանը կօգտվի Նիկոլի «սրտաբաց առաջարկներից», բայց փոխարենը ոչ մի «հայելային զիջում» չի անի։ 

Տարօրինակն այն է, որ Նիկոլ Փաշինյանը բոլոր այս միակողմանի զիջումներն անում է՝ զգուշանալով (վախենալով) նոր պատերազմից, բայց հարցն այնպես է ներկայացնում, թե Ադրբեջանն է մեզանից զգուշանում (վախենում)։ Այդպես նա ժամանակին հրաժարվեց ՀԱՊԿ աջակցությունից՝ հայտարարելով, թե Ադրբեջանը դա կընկալի որպես իր նկատմամբ սպառնալիք, հիմա էլ անուղղակիորեն այն միտքն է առաջ քաշում, թե նույն Ադրբեջանը վախի՛ց է «լրացուցիչ երաշխիքներ պահանջում», որ Հայաստանը երբևէ իր նկատմամբ տարածքային պահանջներ առաջ չի քաշի։ Պարզ ասած՝ Ադրբեջանը վախենում է, որ Հայաստանը հետագայում կհզորանա և նորից կբարձրացնի Արցախի հարցը, այսինքն՝ Ադրբեջանը Հայաստանի հետագա զարգացումն ու հզորացումն ընկալում է որպես ուղիղ սպառնալիք իր անվտանգությանը։

Իրականում այդպես էլ կա, բայց հարցին նայենք այլ տեսանկյունից։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանը երկու պնդում է անում, երկուսն էլ՝ մեծ հաշվով ճիշտ։ 1․ «Խաղաղության խաչմերուկի» իրականացման դեպքում Հայաստանը կզարգանա և կհզորանա, 2․ Ադրբեջանը Հայաստանի զարգացումն ու հզորացումն ընկալում է որպես իր համար լուրջ սպառնալիք։ Հարց՝ այդ դեպքում որքա՞ն է հավանականությունը, որ Ադրբեջանը կհամաձայնվի կյանքի կոչել «խաղաղության խաչմերուկը», այսինքն՝ նպաստել մի ծրագրի, որն իր համար վտանգավոր է։ Պատասխանն ակնհայտ է՝ դրա հավանականությունը մոտ է զրոյին։ Իսկ սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը, «ճիշտ-ճիշտ բաներ ասելով», գործնականում զիջում է հնարավոր ամեն ինչ՝ հանուն այնպիսի «ծրագրի», որն իրականություն կդառնա միայն մի դեպքում․ եթե ադրբեջանցիները հիմար են։ 

Իսկ ինչպե՞ս է վարվում Ադրբեջանը։ Ճիշտ է, ձևացնում է, թե իսկապես էլ հիմար է (խոսում է «խաղաղության անկեղծ ձգտման» ու «ապաշրջափակման» մասին), մեծ գոհունակությամբ հերթով ընդունում է հանուն դրա Նիկոլի արած «մեծահոգի զիջումները», բայց ամեն անգամ որևէ պատրվակ է գտնում ու հետաձգում «խաղաղության դարաշրջանի բացումը»։ Իհարկե՝ հայտարարելով, թե «շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին»։

Քանի դեռ Հայաստանը զիջելու բան ունի։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2655 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ