ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ՀՀ օրհներգին, գրել է. «Մահը մի է, Մարդ մի անգամ պիտ մեռնի, երանի, որ կզոհվի...
Այս մահվան, տառապանքի և անցյալի մասին երգը, միանշանակ, պետք է մի օր փոխվի:
ՀԵՐԻՔ Է»:
«ՉԻ». Էս երիտհայերին դժվար է բացատրել, թե ինչ է օրհներգը: Սրանց գլուխը չի մտնի, որ օրհներգը արտացոլում է հայրենասիրական զգացողությունները, երկրի պատմությունը, հարգանքն այդ պատմության հանդեպ, ակնածանքը պետականության հանդեպ:
Քյալ.... լավ, բան չենք ասում, թե չէ մինչև հոգու խորքը վիրավորված, ահեղ դատաստանի կդիմի: Դրանում մասնագիտացել է: Փաստերի իրազեկման... մի խոսքով, մեկը կա, որ իրեն ամենագիտունի տեղն է դրել, իրեն էլ կանչեք, որովհետև իր գործն ենք արել, նստեք, ու հանգիստ կարդացեք: Ձեզ քաջ հայտնի մի քանի պետության օրհներգների տեքստեր ներկայացնենք, որ դրանք էլ փոխելու նախաձեռնությամբ հանդես գաք: Միանգամից ենք ասում, օրհներգներ կան, որ կարդաք, աչքերներդ չռվելու է: Կատաղությունից, իհարկե:
Արգենտինա
Եվ հավերժ են դափնիները,
Որոնց մենք արժանացանք,
Փառքով թագադրված ենք ապրելու,
Կամ կերդվենք մեռնել փառքով:
Իռլանդիա
Մենք զինվորներ ենք,
Ում կյանքը կտրվի Իռլանդիային,
Մեզանից ոմանք հեռու ծովերից են եկել,
Երդվել, որ կլինեն ազատ:
Ֆրանսիա (Էս «Մարսելյեզն» է, հա)
Մենք կշարունակենք այն կյանքը,
Երբ այնտեղ մեր ավագ ընկերները չեն լինի,
Բայց մենք կգտնենք նրանց աճյունները,
Նրանց հերոսությունների հետքերը,
Կշարունակենք ապրել, բայց ավելի շատ կնախանձենք,
Որ նրանց հետ գերեզմանը չենք կիսել,
Մենք հպարտանալու ենք, որ
Նրանց վրեժն ենք լուծելու կամ նրանց կողքին ենք հայտնվելու:
Շվեյցարիա
Հայրենիքի զոհասեղանին,
Քո բարիքները, քո սիրտը, քո կյանքը դիր,
Այդ անգին գանձերը:
Իտալիա
Միավորվենք կոհորտաներում,
Մենք պատրաստ ենք մեռնել,
Մենք պատրաստ ենք մեռնել:
Իտալիան է կանչում:
Մեքսիկա (հեղինակը երևի դաշնակ է եղել)
Արյունոտ մարտերում ձեռք ես բերում
Քո սերն ամբողջ սրտով,
Դեմ առ դեմ գնդակին հանգիստ հանդիպել,
Մահ կամ անմահություն փառավոր փնտրել:
Պապերի հերոսական գործերի հիշատակը,
Քո երեխաների միտքն է բռնկում:
Նորվեգիա
Ու եկավ աղետը,
Կապտաչյա Ազատությունը,
Այն ժամանակ ծնվեց:
Նրա հետ ամեն ինչ հեշտ էր,
Ի՜նչ մի բան էր սովը կամ պատերազմը:
Նույնիսկ մահն էր մեզ համար պատիվ:
Հունգարիա (էս մեկն արժեր ամբողջությամբ ներկայացնել, ուշադի՛ր)
Օ՜, ինչ հաճախ էր բարբարոս ցեղեր
Թուրքերի բերանից,
Մեր զինվորների աճյունների վրա,
Հաղթական ճիչ հնչում:
Օ՜, ինչ հաճախ էր սպանում,
Քո որդին որդուն, հայրենի տո՛ւն,
Քո երեխաների համար
Դարձար հավերժ դագաղ:
Ամրոցի փոխարեն – քարերի բեռ,
Երջանկության ու ուրախության փոխարեն,
Լացն ու մահվան հեծեծանքն է
Համատարած միայն հնչում:
Ա՜խ, ազատությունը չի ծաղկում,
Զոհվածների արյունից,
Եվ տանջալից հոսում է,
Որբացածի արցունքը:
Մի հատ նայեք, եվրոպական կարգին զարգացած երկրների օրհներգներ ենք ներկայացրել, ու ամեն տեղ մահ, տառապանք ու անցյալ: Անասուն երկրներ են, էլի, մանավանդ Շվեյցարիան: Ալեն Սիմոնյանից դարերով հետ են մնացել: