ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակել է IRI ընկերության անցկացրած հարցումների տվյալներն ու հայտարարել, թե «դե հիմա թող նորից իրենց ճղեն, պատեպատ տան, ասեն, որ ռեժիմը խուճապի մեջ է․․․»։
«ՉԻ»․ Հասկանալի է, որ իշխանությունները կարգին ճոխացրել են հարցման արդյունքները և իրենք իրենց համար առավելագույնս հաճելի թվեր նկարել, բայց եթե նույնիսկ այդ թվերը ճիշտ են՝ նրանց հորթային հրճվանքը, մեղմ ասած, տարօրինակ է։ Ինչպե՞ս կարող է որևէ իշխանություն պարծենալ 29 տոկոս վարկանիշով, ինչը նշանակում է, որ ընտրողների երկու երրորդից ավելին՝ 71 տոկոսը, ձայն չի տալու իրենց։
Բայց խնդիրը նույնիսկ սա չէ։ Հանրային տրամադրություններին շատից-քչից ծանոթ ցանկացած մարդ գիտի, որ իշխանությունների իրական վարկանիշն առնվազն երկու անգամ պակաս է Ալեն Սիմոնյանին հրճվանք պատճառած 29 տոկոսից, հետևաբար՝ թվերը կեղծ են։ Այլ հարց է, որ սրանք անգամ այս կեղծիքն են իրականացրել իրենց բնորոշ փնթիությամբ։ Բանն այն է, որ ըստ նույն «հարցումների»՝ թեև ՔՊ-ի վարկանիշը 29 տոկոս է, բայց Նիկոլ Փաշինյանին վստահում է ընդամենը 18 տոկոսը։ Այսինքն՝ ստացվում է, որ հարցվածների 11 տոկոսը Նիկոլին չի վստահում, բայց ՔՊ-ին է ընտրելու։ Հետաքրքիր է՝ ո՞ր դդումի գլխում է ծնվել այս «հանճարեղ» միտքը։ Թե՞ պարզապես ՔՊ-ի վարկանիշի թիվը փոխել են, բայց Նիկոլի վստահության տոկոսը մոռացել կամ ալարել են փոխել։
Ամեն դեպքում՝ մեծ հավանականությամբ, այս անհեթեթությունը վկայում է ոչ թե ռեժիմի խուճապի, այլ փնթիության մասին։ Իսկ երբ իշխանությունները փնթի են՝ խուճապի պիտի մատնվի հասարակությունը։