«Վարչապետը երեկ կարկանդակ էր ուտում, այսօր՝ եգիպտացորեն, վաղն էլ կարող է պաղպաղակ ուտել, որովհետև Հայաստանում խաղաղություն է», հայտարարել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
«ՉԻ»․ Հիմա հասկացա՞ք, թե ինչու էր Նիկոլը հարձակվել պեռաշկու վրա։ Ոչ թե այն պատճառով, որ նախընտրական քարոզարշավ է սկսել և ուզում է դուր գալ ժողովրդին, այլ որովհետև խաղաղություն է։ Իսկ երբ խաղաղություն չկար՝ ոչ մի բան չէր ուտում, օր-օրի հյուծվում ու հալումաշ էր լինում։ Տեսախցիկների առջև քյալլա ուտելը, խոզ խանձելը, հենց մանղալի վրայից խորոված պլոկելը, այլևս նախկին տիկնոջ եփած տոլման ու կանաչ լոբին էլ ընդամենը բուտաֆորիաներ էին։
Չէ, մենք, իհարկե, հասկանում ենք, որ նախընտրական ժամանակահատվածը ցանկացած քաղաքական գործչի համար սթրես է, իսկ որոշ կենդանատեսակներ (օրինակ՝ ծովախոզուկները, գերմանամկները և այլն) սթրեսային իրավիճակներում անընդհատ ուտում են, բայց համաձայնվեք՝ միայն ինչ-որ բան ծամելու վրա հիմնված քարոզարշավը հազիվ թե շատ արդյունավետ լինի։ Ցանկալի է ցուցադրել ստամոքսաաղիքային համակարգի գործունեության ո՛ղջ ցիկլը։
Եվ ընդհանրապես՝ նախընտրական քարոզչության սցենարը շատ պարզունակ է․ կինը թողեց-գնաց, հաջորդ օրն ինքը արդեն պեռաշկի է ուտում, երրորդ օրը տեսախցիկների առջև կհայտնվի շաուրմայով ու ճմրթված վերնաշապիկով․․․ Պետք է օրինակ վերցնել Ալեն Սիմոնյանից և պոզիտիվ քարոզչություն իրականացնել՝ հեփփի-էնդով․ մարդը մի օր Նիկոլի խելքին ընկավ, պեռաշկի կերավ, խրատվեց ու հենց հաջորդ օրը նշանվեց։
Ինչ վերաբերում է «վաղն էլ կարող է պաղպաղակ ուտել» կանխատեսմանը, ապա ամեն դեպքում խորհուրդ ենք տալիս կաթնամթերքի հետ ձուկ չօգտագործել։ Հակառակ դեպքում առնվազն մի քանի օր երկրում խաղաղություն չի լինի։