...

Ամոթ կանանց ու մնացածներին

Ամոթ կանանց ու մնացածներին

Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, գրել է. «2018 թվականի ամռանը նախաձեռնեցի «Կանայք հանուն խաղաղության» արշավը: 

Արշավի իմ ուղերձը հետևյալն էր. «Մենք որպես կին և մայր կոչ ենք անում ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերին, և միջնորդ երկրներին, երբեք և երբեք թույլ չտալ պատերազմական գործողությունների վերսկսում, և վտանգի տակ չդնել հայ և ադրբեջանի երիտասարդ զինվորների կյանքը։ Մենք կոչ ենք անում բոլոր կանանց, ազդեցիկ և հեղինակավոր կանանց, պետությունների ղեկավարների տիկիններին միանալ այս նախաձեռնությանը, ինչի շնորհիվ այն ավելի ուժեղ և հզոր կլինի»:

Արշավի վերջնանպատակն էր ոտքի հանել հարյուր հազարավոր հայ կանանց, ովքեր օրինակ կծառայեին, քաջություն կփոխանցեին բռնապետության մեջ ապրող ադրբեջանցի կանանց, և վերջիններիս ճնշման արդյունքում իսկապես հնարավոր կլիներ կանխել լայնածավալ պատերազմը, հակամարտության լուծման այլ ճանապարհ որդեգրել։

Եվ ի՞նչ կատարվեց: Կատարվեց այն, որ դեռ սաղմնային փուլում «Կանայք հանուն խաղաղության» արշավը տապալվեց՝ հանդիպելով հայ կանանց մեռելային լռությանը»:

«ՉԻ». Մեզ թվում էր, թե արդեն սպառվել է այն մեղավորների ցանկը, ում պատճառով պարտվել էինք 2020-ի պատերազմում:

Այս իշխանությունները վերջին երկու տարում պարտության պատասխանատու են ճանաչել բոլոր նախկին իշխանություններին, Արցախի ու Հայաստանի զինվորականներին, գեներալիտետին, լրատվամիջոցներին, աշխարհի բոլոր գերտերություններին, Իսրայելին, Թուրքիային, նույնիսկ՝ Պակիստանին:

Բայց որ 2020-ի պատերազմի պարտության համար մեղավոր կհամարվեն նաև հայ կանայք... նման բան չէինք լսել, սկսած Աքեմենյան Պարսկաստանի ժամանակներից: 

Այսինքն՝ Աննա Հակոբյանն ինչ-որ ֆորմալ նախաձեռնություն է սկսում, ինքն իրենով որոշում է, որ դա չափազանց հզոր նախաձեռնություն է, ինքն իրենով որոշում է, որ այդ նախաձեռնության պատճառով հնարավոր է կանխել պատերազմը, էն էլ հայ կանայք հարամեցին նրա նպատակը, այնքան էլ ակտիվ չաջակցեցին: Այ, որ միանային Աննա Հակոբյանի կոչին, վերջ, պատերազմը չէր լինի, Ալիևն էլ կամաչեր իր ռազմաշունչ ծրագրերից: 

Միայն թե մի փոքր սպրավոչկա. Աննա Հակոբյանը 2016-ին Խորենացի փողոցում ծափ էր տալիս, երբ կողքին կանգնած Նիկոլ Փաշինյանը դավաճանություն էր համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման և խաղաղություն հաստատելու ծրագիրը, որն այդ պահին դրված էր բանակցությունների սեղանին: Ծափահարում էր, թեպետ, եթե խաղաղության այսպիսի սիրահար է հիմա ներկայանում, պիտի շրջվեր, ասեր՝ մարդ ջան, ինչի՞ ես հիմա փորձում վիժեցնել խաղաղություն հաստատելու գործընթացը, բա մտածե՞լ ես 18-20 տարեկան զինվորների մասին, կապ չունի, հայ զինվոր են, ադրբեջանցի զինվոր են, բա մեղք չե՞ն այդ զինվորներն ու նրանց ծնողները, եթե պատերազմ սկսվի: 

Չի ասել: Ու հիմա եկել, կանանց վրա մուննաթ է գալիս, թե բա ես խաղաղություն էի ցանկանում, դուք բանի տեղ չդրեցիք ինձ: Իյա, իրո՞ք:

Հ.Գ. Պարտության հաջորդ մեղավոր կճանաչվեն հայ տղամարդիկ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   674 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ