- Եվ այսպես, սիրելի հեռուստադիտողներ, եթերում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի հերթական թողարկումն է, և այսօրվա մեր հյուրն է Աննա Հակոբյանը։ Ծափահարություններ։ Մի՛ վախեցեք, ծափ տվեք։ Բարև ձեզ, տիկին Հակոբյան։ Նախ՝ ինչպե՞ս ներկայացնեմ Ձեզ, նախկին առաջին տիկի՞ն, թե՞ առաջին նախկին տիկին։
- Ոնց ուզում եք՝ ներկայացրեք, միևնույն է՝ շուտով ներկայացնելու եք որպես «նախկին նախկին առաջին տիկին»։
- Հասկացա, տիկին Հակոբյան, չնայած՝ մեր ՔՊ-ականները հայտարարում են, որ նախկինների վերադարձը բացառված է․․․
- Ամենաբարձրն էլ երևի Ալենչոն ա ասում, չէ՞։ Բայց ՔՊ-ում ի՞նչ գիտեն մեր ներընտանեկան պայմանավորվածությունների մասին։
- Լավ, տիկին Հակոբյան։ Եթե ընդունել եք մեր հրավերը՝ նշանակում է ուզում եք դառնալ միլիոնատեր․․․
- Ոչ, ոչ, եթե կարևորը փողը լիներ՝ մի 50-60 հաջողակ տղամարդու կհրավիրեի ընթրիքի ու 50-60 միլիոն կունենայի։ Ես այս հաղորդմանը մասնակցում եմ «կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում, որպեսզի ցույց տամ, որ կրթությամբ հնարավոր է կարգին գումար վաստակել։
- Վստա՞հ եք։
- Իհարկե։ Եթե կրթություն չունենայի՝ ո՞նց էի նամակներ գրելու գործարարներին։
- Լավ, ժամանակին ասում էիք՝ մարդիկ իրար հանդիպելիս պիտի հարցնեն՝ «հիմա ի՞նչ ես կարդում», թեև Նիկոլ Փաշինյանի քարոզարշավներին հետևողներն իրար այլ հարց են տալիս՝ «հիմա ի՞նչ է ուտում»։ Հենց քարոզարշավի մասին հարցից էլ սկսենք։ Առաջին հարցը, և հազար դրամ։ Ձեր կարծիքով՝ քարոզարշավի «ուրախ ավտոբուսի» ուղևորները մեր ժողովրդին ի՞նչ օրգան են ցուցադրում։
Տարբերակ ա՝ սրտիկ, բ՝ լյարդիկ, գ՝ քարաճիկ, դ՝ տուտուզիկ։
- Հի-հի․․․ Գիտե՞ք, ձեր հարցադրումը սխալ է, որովհետև նրանք մեր ժողովրդի՛ն չեն ցուցադրում։ Եթե մեր ժողովրդին ցուցադրեին՝ ընդամենը երկու ձեռքերի միջնամատերը կբարձրացնեին։ Նրանք դա ցուցադրում են հարևան ժողովրդին, հետևաբար ճիշտ պատասխանն է՝ սրտիկ։
- Այո՛, և դա իսկապես ճիշտ պատասխանն է։ Երկրորդ հարցը՝ «կրթվելը նորաձև է» շարժման և ընթերցանության թեմաներով։ Նշված գրքերից ո՞րը ոչ մի կապ չունի այսօրվա Հայաստանի իրավիճակի հետ։
Տարբերակ ա՝ «Քաջ Նազարը», բ՝ «Շան սիրտը», գ՝ «Անասնաֆերմա», դ՝ «Մկների ժողովը»։
- Շատ բարդ հարց տվեցիք, ախր ոնց որ թե բոլորն էլ մեր մասին են․․․
- Հիշեցնեմ, որ Դուք ունեք երեք օգնության հնարավորություն․ 50-50, դահլիճի օգնությունը և զանգ ընկերոջը։
- Ի՞նչ 50-50, ակնարկում եք, որ ես էլ մեր օրերի՞ Սաշիկն եմ, հազար անգամ ասացի՝ արդեն համարյա երկու ամիս է մեր ամուսնությունն ավարտված է։ Դահլիճի կրթական ցենզի վրա էլ հույս դնել չարժե, ինչքան հասկացա՝ հիմնականում իշխանամետներ են։ Մնաց երրորդ օգնությունը։ Իսկ կարելի՞ է զանգել նախկին ընկերոջը։ Բայց անունը չեմ ասի։
- Խնդրեմ, իհարկե։ Ունեք 30 վայրկյան։
- Ալո՛, բարև։ Մի րոպե, վրա մի՛ տու, ի՞նչ «պալիտ անել»․․․ Ոչ մեկին չեմ ասել, թե ում եմ զանգում․․․ Չհասկացա, հլը մի բան էլ դու ես մուննաթ գալի՞ս, ինչ ոտս քաշեցի՝ պեռաշկի ուտելով ընկել ես մարզերը, ինչքան ծյոծ կա՝ վզիցդ կախվում են, թշերդ պաչպչում են, ուզում են բեղմնավորվեն․․․ Մոռացել ե՞ս, որ դեմը ընտրություններ կան, պերեդաչի բերել կա, բան կա․․․ Ո՞նց թե «ես որ ասում եմ ես՝ ուրեմն Արուսն էլ հետս ա»․․․ Չհասկացա, էս անջատե՞ց, թե՞ 30 վայրկյանը պրծավ։
- Եվ այսպես, Ձեր պատասխանը։
- Ի՞նչ պատասխան։ Մենակ դու էիր մնացել՝ ինձ հարցեր տայիր, այ եթերային ճիճու։ Ախռանաս ո՞ւր ա, սրան հավաքեք-տարեք։ Էն միլիոնն էլ արագի մեջ կփոխանցեք «Իմ քայլին»․․․