...

Բանականության ջահն ու խեղկատակության տեղատարափը

Բանականության ջահն ու խեղկատակության տեղատարափը

Հայաստանում երբևէ նման խայտառակ քարոզարշավ չի եղել։ Իհարկե՝ Հայաստանն ինքն էլ անկախությունից ի վեր երբևէ նման խայտառակ վիճակում չի եղել, բայց սովորաբար ծանր իրավիճակները ժողովուրդներին ստիպում են համախմբել ուժերն ու վերջապես սկսել «շարժել ուղեղները», իսկ մեզանում կարծես հակառակն է՝ քարոզարշավի որակը տպավորություն է ստեղծում, թե մենք որոշել ենք վերջնականապես հրաժարվել բանականությունից, և վերջ։

Ասվածի լավագույն ապացույցն, իհարկե, առաջին հերթին «Իմ քայլի» քարոզարշավն է։ Մարդիկ մեծ հետաքրքրությամբ ու միաժամանակ սարսափով են հետևում Նիկոլ Փաշինյանին, որովհետև հայտնի չէ, թե ադեկվատության ի՞նչ աստիճանի վրա կլինի հաջորդ պահին, այս անգամ ի՞նչ գործիք կհանի գրպանից՝ բենզասղո՞ց, թե «բալգարկա», ի՞նչ նոր «բլթոցներ» կարձակի, ի՞նչ նոր մեղավորներ կհայտնաբերի, և այլն։ Այնպիսի մանր-մունր հարցերը, թե բարոյականության ի՞նչ դեգրադացիա պիտի ապրի մարդը, որ իր կործանարար խեղկատակության արդյունքում գերության մեջ հայտնվածների մի չնչին մասի վերադարձն օգտագործի սեփական գովազդի համար, մարդկանց այլևս չի հետաքրքրում։ Իմքայլականներն էլ իրենց հերթին են կրակն ընկել նրա ձեռքը, որովհետև քարոզարշավի ընթացքում ստիպված են ի թիվս այլ ռեկվիզիտների մարզից մարզ տեղափոխել նաև հանդիպումների մասնակիցներին, բայց՝ այնպես, որ և՛ տեսախցիկները չֆիքսեն, և՛ ռեկվիզիտներից մեկնումեկը որևէ բան «չբլթացնի»։ Իսկապես բարդ խնդիր է, և ոչ բոլորի նյարդերն են դիմանում։

Քոչարյանի համար էլ է բավականին բարդ, բայց՝ առաջին հերթին հոգեբանորեն։ Որովհետև մարդ հավաքելու խնդիր առանձնապես չունեն (փողին մուննաթ), բայց ի՞նչ հոգեվիճակում պիտի գտնվի մարդը, ով հստակ գիտակցում է, որ իր ետևից գնացողների մեծ մասն իրեն ոչ թե որպես քաղաքական կամ պետական գործիչ է ընկալում, այլ ընդամենը որպես բութ գործիք, որով հնարավոր է իշխանական աթոռներից քերել օրվա պատուհասներին։ Ի՞նչ պիտի զգա մարդը, ով հայտարարում է, թե իշխանության գալուն պես պիտի կառավարական առանձնատները դարձնի վերականգնողական կենտրոն, ու համարյա բոլոր դեպքերում ստանում է նույն պատասխանը՝ «հա, շատ էլ ճիշտ կանես, բայց լավ կլիներ «Կոնգրես» և «Էրեբունի Պլազա» հյուրանոցները նույնպես դարձնեիր»։

Սերժ Սարգսյանի հոգեբանական վիճակն էլ է ծանր։ Նախ՝ որովհետև Նիկոլից խորշողներն իրեն են մեղադրում (ինչքա՞ն պիտի ժողովուրդը զզված լինի իշխանությունից, որ գնա առաջին պատահած փողոցային ղժղժանի ետևից), և երկրորդ՝ որովհետև ինքը ստիպված եղավ Ռուսաստանին հաճոյանալու համար դաշինք կազմել Վանեցյանի հետ, թեև ՀՀԿ-ն միայնակ հաստատ խորհրդարանում հայտնվելու շատ ավելի մեծ շանսեր կունենար։ Իսկապես՝ պիտի որ ծանր լինի անկախականների հիմնած կուսակցությունը Վանեցյանի գլխավորած ցուցակով ու կարմիր աստղի լոգոյով ընտրությունների տանելը։

Հայ ազգային կոնգրեսի վիճակը նույնպես բարդ է։ Եթե ուշադրություն եք դարձրել, ցանկացած բանավեճում, որտեղ, առանց որևէ անուն տալու, տեսակետ է արտահայտվում, թե պետք է առաջնորդվել առողջ բանականությամբ, պատասխանը սկսվում է հետևյալ բառերով՝ «հա, բայց Կոնգրեսը․․․»։  Այսինքն՝ այն, որ առողջ բանականության կրողը Կոնգրեսն է, չի էլ վիճարկվում, բայց քաղաքական այդ ուժի՝ անգամ հաջորդ խորհրդարանում հայտնվելն է կասկածի տակ։ Որովհետև հանրային գիտակցության որակն է տասնամյակներ տևած հետևողական քարոզչության արդյունքում իջեցվել այդ մակարդակի ու հիմա էլ համատեղ ջանքերով շարունակում է իջեցվել, որովհետև «բանավեճն» ընդամենը իրար գլուխ ջարդելու մասին է։ Մուրճով, կացինով, բենզինի շշերով, ծովից ծով Հայաստանի քարտեզի մեջ փաթաթած մետաղաձողով․․․

Մի խոսքով՝ մի գիժ մի քար գցեց ձորը, հազար հոգի մտածում են, թե ոնց իրենք էլ գժին գցեն ձորը։ Իսկ քարը հանելը երկրորդական է։ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1223 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ