...

Բլից-վիրտուալ Ալեն Սիմոնյանի հետ

Բլից-վիրտուալ Ալեն Սիմոնյանի հետ

- Բարև ձեզ, պրն Սիմոնյան․․․

- Ի՞նչ պրն Սիմոնյան, ես պետության երկրորդ դեմքն եմ, պետության կողմից հատուկ պահպանվող անձ եմ, բարի եղեք ասել Ձերդ Գերազանցություն։

- Լավ, իսկ Ձերդ Գերազանցությունը պատրա՞ստ է պատասխանել հարցերին։

- Այո, Մերդ Գերազանցությունը պատրաստ է պատասխանել ցանկացած հարցի, որն իր մեջ հայհոյանք չի պարունակում կամ որի անկեղծ պատասխանը չի հանգեցնում իշխանությունների հասցեին հնչող հայհոյանքների։

- Երբևէ կպատկերացնեի՞ք, որ դառնալու եք ԱԺ նախագահ։

- Ո՞նց թե։ Դու Իմդ Գերազանցության կենսագրությանը ծանոթ ե՞ս։ КВН-շիկ, դերասան, «Ալաբալանիցա» ֆիլմի պրոդյուսեր, «Սիցիլիա» մաֆ-կլուբի սեփականատեր, բնականաբար՝ հաջորդ պաշտոնս պիտի լիներ ԱԺ նախագահը։

- Լավ, ինչո՞ւ եք սահմանափակում լրագրողների գործունեությունը ԱԺ-ում։

- Դու թատրոնում կամ կրկեսում եղել ես, չէ՞։ Միշտ սկզբում զգուշացնում են, չէ՞, որ նկարահանումներն արգելված են։

- Բայց արդյո՞ք դա ճնշում չէ լրատվամիջոցների նկատմամբ։ 

- Լսի՛, հիմա եթե ես, օրինակ, ընտանեկան բռնության ենթարկվելուց խուսափելու նպատակով «Հրապարակ» թերթը փակեմ, էլի պիտի ասեք, որ լրատվամիջոցնե՞ր եմ ճնշում։

- Լավ, ամեն անգամ, երբ ձեր իշխանությանն անվանեն կապիտուլյանտ․․․

- Կապիտուլյանտը դո՛ւք եք։

- Այսինքն՝ կապիտուլյացիան ե՞ս եմ ստորագրել։

- Հունիսի 20-ի ընտրությունները ցույց տվեցին, թե ով է ստորագրել։

- Չէ, ուրիշ բան էի հարցնում։ Ամեն անգամ, երբ ԱԺ դահլիճում հնչի «կապիտուլյանտ» բառը, պիտի զո՞րք կանչեք դահլիճ։

- Չէ, ինչո՞ւ միայն «կապիտուլյանտ»։ Թող որևէ մեկը համարձակվի վսեմաշուք վարչապետին դիմել անուն-ազգանունով կամ հիշեցնի նրա անցյալը․․․

- Հըմ․․․ Փաստորեն ԱԺ դահլիճում ՀՀ զինված ուժերի նոր զորամաս է ստեղծվելու՝ մշտական դիսլոկացիայով․․․ Լավ, անցնենք Ձեր քաղաքական ծրագրերին։ Ժամանակին պնդում էիք, որ պետք է օրինականացնել մարիխուանայի օգտագործումն ու մարմնավաճառությունը։ Որպես ԱԺ նախագահ՝ պատրաստվո՞ւմ եք իրականացնել այդ ծրագիրը գոնե ԱԺ տարածքում։

- ԱԺ-ում մարիխուանայի օրինականացման հիմքերն, ինչպես հայտնի է, դրվել են դեռևս Արարատ Միրզոյանի օրոք, իսկ ահա մարմնավաճառության օրինականացումը․․․ Հի-հի․․․ Ամեն դեպքում՝ քաղաքական մարմնավաճառությունը չեմ խրախուսում։

- Ի դեպ՝ Դուք ժամանակին աշխատել եք Դաշնակցության «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, հետո ընտրությունների եք մասնակցել «Ժառանգության» ցուցակով, հետո դարձել եք ՔՊ անդամ․․․

- Վերջ, դադարեցրեք ձայնագրությունը։ Անվտանգության աշխատակիցներին հրավիրում եմ դահլիճ։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3512 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ