...

Բլից-վիրտուալ Ալեն Սիմոնյանի հետ

Բլից-վիրտուալ Ալեն Սիմոնյանի հետ

- Պրն Սիմոնյան, սկսենք ամենացավոտ հարցից․․․

- Ստոր հերյուրանքներ են, դրանք իմ քաղաքական հակառակորդներն են պատվիրում։

- Չէ, չէ, ես ընդամենը 200 հազար դոլարանոց մեքենայի մասին էի հարցնում։

- Բայց ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ, ես ընդամենը մեծահոգաբար թույլ եմ տվել, որ պետական միջոցներն իմ հաշվին խնայվեն։ Նախկին մեքենան զրահապատ էր, շատ ծանր էր, պահպանման ծախսերը շատ էին, վառելիք շատ էր ծախսում, ու մենք որոշեցինք բյուջեի միջոցները խնայել։

- Այ հիմա հասկանալի է, թե ինչու անցած տարի ընդամենը 44 օրում բանակի զրահատեխնիկան մի քանի հարյուր միավորով պակասեցրեցիք, անձնակազմի թվաքանակը 4-5 հազարով նվազեցրեցիք․․․

- Չէ, չէ, դրա միակ նպատակը խնայողությունը չէր։ Համ էլ՝ հասկացեք վերջապես, որ այդ մեքենան Ալեն Սիմոնյանինը չի, դա պետության մեքենան է։

- Այսինքն՝ էն որ բյուջեից ամեն ամիս լրացուցիչ 250 հազար դրամ եք ստանում սրճարաններում վիսկի խմելու համար, իրականում պետությունն է վիսկի խմում․․․

- Այո, այո։

- Պետության եղբայրն է ասֆալտի տենդերները շահում․․․

- Բա իհարկե։

- Պետությունն էր հունական կղզում տժժում․․․

- Լավ, էլի, լուրջ հարցեր տվեք։

- Եղավ, լուրջ հարցեր տամ։ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ մինչև 2024 թվականը ջրի սակագինը չի բարձրանա, բայց բարձրացավ․․․

- Նախ՝ մեծարգո պարոն վարչապետը նման բան չէր խոստացել, սխալ էիք հասկացել։ Երկրորդ՝ ջրի սակագինը սոցիալապես անապահով խավերի համար չի փոխվել։ Հիմա մենք երկու տարբերակ ունենք՝ կամ համակերպվենք ջրի, հոսանքի ու գազի սակագների բարձրացման հետ, կամ այնպես անենք, որ ամբողջ ժողովուրդը դառնա սոցիալապես անապահով և վճարի հին սակագներով։ Պետք է ասեմ, որ մենք երկու ուղղություններով էլ ինտենսիվ աշխատում ենք։

- Ձեր ղեկավարած խորհրդարանի ամենակարևոր հանձնաժողովներից մեկի նախագահը․․․

- Էլ մի՛ շարունակեք, Անդրանիկ Քոչարյանը փայլուն է կատարում իր վրա դրված հիմնական պարտականությունը։

- Կճշտե՞ք, թե ինչ պարտականություն նկատի ունեք։

- Ամեն անգամ պիտի դահլիճից դուրս գա ու լրագրողներին զբաղեցնի, մինչև ԱԺ ղեկավարությունը թաքուն դահլիճը լքի ետնամուտքով։ 

- Բայց միշտ չէ, որ ստացվում է։

- Դե հենց որ չի ստացվում՝ ուղարկում ենք պատվաստվելու․․․

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   9695 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ