...

Ծանր հարված

Ծանր հարված

Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ «Ադրբեջանի հարձակումը հարված է հասցրել ռուսական դիրքերին։ Սահակյանի և Ղուկասյանի ձերբակալությունը, որը կատարվել է փաստացի ռուսական խաղաղապահ զորախմբի առջև, իմ կարծիքով, շատ լուրջ կշտամբանք է այն գործառույթին, որը մենք ստանձնել ենք մեր վրա՝ խաղաղապահի առաքելություն այս տարածաշրջանում։

Որոշ ռուս պաշտոնյաներ այնքան հեռուն են գնացել, որ հրապարակայնորեն հայտարարել են, որ պետք չէ մեղավորներ գտնել Լեռնային Ղարաբաղից հայերի հեռանալու համար: Սա, նրանց կարծիքով, կամավոր գործողություն է։ Սա տգեղ հայտարարություն է, որն անվանարկում է Ռուսաստանին՝ որպես խաղաղարարի։

Այն, որ բոլոր հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը, նշանակում է, որ այդ պահի դրությամբ նրանք արդեն դադարել են հավատալ, որ մեր խաղաղապահ զորախումբն ի վիճակի է պաշտպանել իրենց։

Բաքվի գործողությունները «վարկաբեկել են» Ռուսաստանին՝ որպես ուժեղ տերության։ 

Կարծում եմ, որ Ադրբեջանը մեծ սխալ թույլ տվեց, քանի որ չափն անցավ թե՛ ձերբակալություններով, թե՛ նրանով, որ իրականում հայերին վտարեց Լեռնային Ղարաբաղից»:

«ՉԻ». Դե ասեք, թե էս մարդն ինչ սխալ բան է ասել: Իհարկե, Արցախի հայաթափումը ծանր հարված էր Ռուսաստանի հեղինակությանը: Ոչ միայն Հայաստանում, այլ նաև միջազգային ասպարեզում:

Բայց ավելի էական է այն (Զատուլինը սրա մասին էլ է կես բերան խոսել), որ այս գործընթացի արդյունքում Ռուսաստանը դուրս է մղվում Արցախից: Էն Միկա Բադալյան է, ինչ է, հայտնի սադրիչը, իր տելեգրամ-ալիքում ողբացել է, որ մինչև նոյեմբերի 1-ը ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են գալու Արցախից: Եթե ինքն է ասում, ուրեմն որոշ ազդակներ ստացել է: 

Ահա սա ավելի ծանր հարված է Ռուսաստանին, որն այսպիսով ազդեցության լծակ է կորցնում տարածաշրջանում, Ադրբեջանի ու Հայաստանի վրա: Թե Ադրբեջանի վրա ինչպես է այսուհետ ազդելու, դեռ պարզ չէ, իսկ մեր դեպքում այդ լծակներն առայժմ շատ-շատ են: Վերին Լարսը վկա:

ՎԱՐԿԱՆԻՇ

   418 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ