Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը ենթադրություն է հայտնել, թե Նիկոլ Փաշինյանը վերցրել է այն 5 միլիարդ դոլարը, որն Իլհամ Ալիևն առաջարկել էր դեռևս Սերժ Սարգսյանին՝ Ղարաբաղի շուրջ տարածքները վերադարձնելու դիմաց, և մերժում ստացել։ «Կարծում եմ՝ նա գրպանեց 5 միլիարդը կամ ավելին, որովհետև նա ավելի քան լուծեց այն խնդիրը, որն Ադրբեջանն ու Թուրքիան դրել էին իրենց առջև», ասել է նա։
«ՉԻ»․ Եթե Զատուլինի ենթադրությունը ճիշտ է՝ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը դոլարային միլիարդատեր է, իսկ դա իր հերթին նշանակում է, որ մոտ ապագայում նա պիտի պաշտոնանկ անի իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին։ Ինչո՞ւ։ Որովհետև Զատուլինի այդ ենթադրությունից հետո պրն Չախոյանը հայտարարել է, թե «Հայաստանը չի լինելու որևէ միլիարդատիրոջ գրպանային պետություն», այսինքն՝ ընտրություններից 4 ամիս առաջ բաց տեքստով դեմ է արտահայտվել Նիկոլի վերընտրությանը։
Չնայած՝ մեծ հավանականությամբ, Զատուլինի ենթադրությունը սխալ է, և Նիկոլ Փաշինյանը չի վերցել այդ «5 միլիարդը կամ ավելին»։ Եթե վերցրած լիներ՝ հետագայում, սովորության համաձայն, չէր կատարի խոստումը, «սուխոյ ատկազ կկանգներ» ու ոչ մի տարածք էլ չէր հանձնի, իսկ եթե ապացույցներ հրապարակվեին՝ կհայտարարեր, որ դա նախկիններն են արել, իրենք են բանկային հաշիվների տվյալները տրամադրել Ալիևին, և ընդհանրապես՝ այդ ամենը Հայաստանի ինքնիշխանության դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմի մաս է։
Իսկ հետո մարդկանց սրտիկ ցույց կտար ու կգնար մասնակցելու հերթական «անհամ պատարագին»։