...

Ցավդ էլ տանենք

Ցավդ էլ տանենք

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Վոլոդյա Հովհաննիսյանի և վերջինիս պարտավորեցրել վիրավորանքի և զրպարտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրել:

Այս առթիվ Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր ալիքում գրել է. «Նենց, որ շատ մի ոգևորվեք:

Ու այ սենց բոլոր նրանք, ովքեր իրենց թույլ կտան վիրավորել, զրպարտել ինձ, իմ ընտանիքի անդամներին, խելոք ներողություն են խնդրելու և վճարելու են փոխհատուցում»:

«ՉԻ». Իսկականից, էլի, ի՞նչ եք կպել էս մարդուց: Նենց, սենց... Ազգային Ժողովի նախագահի բառապաշարն է: Չէ, չմտածեք, թե վատ իմաստով ենք գրել: Քավ լիցի: Հրաշալի հայերենի է տիրապետում: Ոսկեղենիկ:

Ալեն Սիմոնյանը վերջին 30 տարվա մեծագույն պետական գործիչներից մեկն է: Փայլուն դինավագետ, կիրթ, պարկեշտ, գրագետ: Նրա հանդուրժողականության մասին լեգենդներ են պտտվում: Ասում են, որ երբ իրեն քննադատում են, համբերատար լսում է, շատ հանգիստ պատասխանում է, երբեմն էն մի թուշն էլ է դեմ տալիս, որ քննադատեն: Ինչքան էլ թունդ քննադատեն, մեկ է, միշտ պահպանում է հավասարակշռությունը: 

Իսկ թե որքան պեդանտ է պետական բյուջեի գումարները խնայելու հարցում... հավասարը չունի: Աշխատում է հնարավորինս քիչ արտերկրյա ճանապարհորդությունների մեկնել, ծովափնյա երկրներից խուսափում է, որ շահարկումների առիթ չտա, գիշերային ակումբներ, ռեստորաններ, քեֆ-ուրախություն, այդ ամենից կիլոմետրերով հեռու է մնում: Մեր պետության համար ծանր պահերին նա միշտ կանգնած է օգնության կարիք ունեցող մարդկանց կողքին, ոչ թե ուրիշների պես գնում է, սուպերաստղերի հետ տժժում: 

Նա իսկական պետականամետ գործչի օրինակ է մեր ոսկե երիտասարդության համար: Դուք նրա մտերիմների մեջ չեք գտնի գոնե մեկին, որը, նրա հովանավորչությունը վայելելով, խոշոր գործարար դառնար, հարստանար, տենդերներ շահեր: Երբեք թույլ չի տա:

Հպարտ ենք, որ կարող ենք համարվել Ալեն Սիմոնյանի ժամանակակիցները:

Հ.Գ. Դուք ծանոթացաք «Ի՞նչ պետք է գրել Ալեն Սիմոնյանի մասին» ուսումնական ձեռնարկին: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   536 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ