...

«ՉԻ» ռիթմով

«ՉԻ» ռիթմով

Գյուղացուն ազատագրեք վերավաճառողներից

Քրեասպանդանոցային այս շաբաթը մի շարք հետաքրքիր եզրահանգումների տեղիք տվեց: Սպանդանոցների հարցի շուրջ բողոքի ակցիաներ ընթացան Կառավարության շենքի դիմաց: Որքան էլ փորձեցինք լարել մեր հիշողությունը, այդպես էլ չկարողացանք մտաբերել, որ այս ոլորտի վերաբերյալ նախկինում լուրջ, ծավալուն ուսումնասիրություններ կատարված լինեին, լուսաբանվեին: Բողոքի այս ակցիաները առիթ հանդիսացան, որ մենք էլ մի քիչ պրպրտանք:

Եվ գիտեք ի՞նչ պարզեցինք. մթերումներից ամենաշատը տուժում են գյուղացիները, իսկ բողոքում են վերավաճառողները: Ոչ միայն մսի մթերումների մասին է խոսքը, այլև՝ կաթի, պանրի, գյուղմթերքների: Տարիներ շարունակ այս ոլորտը նախկին իշխանությունները ծայրից ծայր վերահսկել են, նրանց հովանավորյալները գերշահույթներ են ստացել, իսկ ահա գյուղացիները՝ ընդամենը կոպեկներ: 

Մեր գործընկերներից մեկը երեկ պատմեց, թե ինչպես է ամռանը Վայք մեկնելիս ճանապարհին մտել մոտակա այգիներից մեկը և այնտեղ ծիրան գնել: Ասում է, այգեպանը այնպիսի էժան գնով էր տալիս, որ ամաչեցի, հարցրեցի՝ ինչի՞ այսքան էժան, պատասխանեց՝ դե, այդ գնով են մեզանից առնում: Մեր գործընկերը ծիրանը գնել է, հետո Վայքում տեսել է, որ ճամփեզրին ծիրան են վաճառում և պարզել, որ 7-8 անգամ ավելի թանկ է, քան այգեպանի վաճառած ծիրանը: 7-8 անգամ: 

Ռուսաստան արտահանվող գյուղմթերքների, մրգերի մասին ընդհանրապես չենք խոսում. «Սպայկան» ու նման մի քանի ընկերություն կլպում են գյուղացիներին: 

Կաթնամթերքներ արտադրող ընկերությունները մարզերում կաթը մթերում են 60-80 դրամով: Ամենուրեք այս վիճակն է: Դա է պատճառը, որ գյուղացիները շատ հաճախ վնասով են փակում տարին. եկամուտները, որոնք նրանք ստանում են, չեն ծածկում այգին, դաշտը, հանդը մշակելու, անասուն պահելու ծախսերը: Հետևաբար, այստեղ կառավարությունը շատ լուրջ անելիք ունի. պետք է ուսումնասիրվի ոլորտը, և այնպիսի միջոցներ ձեռնարկեն, որ գյուղացի-գնորդ կապը հնարավորինս զերծ մնա վերավաճառողներից: Շատ հաճախ մի քանի ձեռք է անցնում գյուղացու արտադրանքը, մինչև հասնում է գնորդին: 

Հիմա արդեն կարելի է հասկանալ, թե ինչու նախորդ տարիներին՝ մի օրվա մեջ, մեկ էլ տեսնում էիր, մսի, կաթի, պանրի գները միանգամից բարձրացան: Շուկայական, ազատականացված տնտեսության դեպքում դա հնարավոր չէ: Նշանակում է, ոլորտը վերահսկվում էր, կային մոնոպոլիաներ, որոնք էլ թելադրում էին խաղի կանոնները, գին բարձրացնում կամ իջեցնում: Հարյուր հազարավոր գյուղացիական տնտեսություններ անասելի վնասներ են կրում սրա պատճառով: Եթե իշխանություններին հաջողվի ապամենաշնորհացնել այս ոլորտը և գյուղացիների աշխատանքը հավուր պատշաճի գնահատվի, ապա մի քանի հարյուր հազար «երկաթբետոնե» աջակից կստանա:

Երկրի թիվ մեկ օլիգարխի ուրվականն է շրջում

Իմիջայլոց, մենաշնորհացման վտանգ է սպառնում նաև հեռահաղորդակցության ոլորտին: Այստեղ էլ իշխանությունները պետք է վճռական գտնվեն և թույլ չտան նման զարգացումներ, քանի որ դրանք լուրջ սպառնալիք կարող են դառնալ ոչ միայն ոլորտի, այլև ընդհանրապես՝ պետության շահերի համար:

Խոսքն այն մասին է, որ այդ ոլորտում երեք ընկերություն կա. «Յուքոմը», «Վիվասելը» և «Բիլայնը»: Եվ ահա այժմ «Յուքոմն» ու «Բիլայնը» ցանկանում եմ միավորվել: Պաշտոնապես՝ «Յուքոմը» ցանկանում է ձեռք բերել «Բիլայնի» բաժնետոմսերը: Այսինքն, եթե հանկարծ միավորվեն, ապա դրա հետևանքով ֆիքսված կապի շուկայում կունենանք գերմենաշնորհի պատկեր, երբ մի ընկերություն կվերահսկի ամրակցված (ֆիքսված) հեռախոսակապի՝ 90%-ը, ամրակցված (ֆիքսված կամ Wi-Fi միջոցով տնային տնտեսություններին տրամադրվող) ինտերնետը՝ շուրջ 80% տոկոսը: Իսկ դա էլ իր հերթին կարող է հանգեցնել մրցակցության նվազեցմանը, գին թելադրելուն, և մի օր «Վիվասելը» կարող է խաղից դուրս մնալ, ու մենք մի նոր «ԱրմենՏել» ստանանք՝ այստեղից բխող ծանր հետևանքներով: 

Հարցը նաև քաղաքական բաղադրիչ ունի: Այն էլ ինչպիսի: «Յուքոմի» հիմնական բաժնետերերից մեկը «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն է: Վերջինս առանց այդ էլ Հայաստանի տնտեսության վրա բավական մեծ ազդեցություն ունի, իսկ եթե հանկարծ հեռահաղորդակցության ոլորտն իր վերահսկողության տակ վերցնի, ապա կդառնա երկրի թիվ մեկ օլիգարխը: Այն էլ ռուսաստանյան գրանցումով օլիգարխը: Ուզում է աշխարհի ամենահայրենասեր հայը լինի, բայց նա ռուսաստանահպատակ է, և, ուզած-չուզած, առաջնորդվելու է Ռուսաստանի շահերով: Հենց այդ շահերը սպասարկելու հիմքով Սամվել Կարապետյանը դարձավ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» և Հրազդանի ՋԵԿ-ի սեփականատերը: Հիմա էլ՝ բացի հեռահաղորդակցության ոլորտը իրենով անելու մտադրությունից, «Տաշիրի Սամոն» ցանկանում է նաև ձեռք բերել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը»: Այսինքն, կարող ենք ունենալ մի իրավիճակ, երբ Հայաստանում մեկ մարդ վերահսկում է երկրի երկու կարևորագույն, ստրատեգիական նշանակության ոլորտ՝ կապի և էներգետիկայի: Երկրի փաստացի ղեկավարը ինքն է դառնալու: Իշխանությունները պետք է հասկանան, որ 70-80 տոկոս ռեյտինգը կարող է նվազել, մարել, իսկ նման օլիգարխի հնարավորությունները՝ միայն աճել: Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանին հասցրեք մեր խոսքը, որ ոչ մի դեպքում թույլ չտա նման հեռանկար: Մեր մեջ ասած, եթե հանկարծ Սամվել Կարապետյանին հաջողվի իրականացնել իր մտադրությունները, ապա Հայաստանի հաջորդ ղեկավարը կարող է իսկապես Արթուր Վանեցյանը դառնալ: Գնացեք, մտածեք, թե ինչու:

«Չորրորդ իշխանություն», թիվ 17, 2020

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   5149 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ