...

Չզարմանաք, եթե 800 վկաները փոխեն ցուցմունքները

Չզարմանաք, եթե 800 վկաները փոխեն ցուցմունքները

Հայկ Հարությունյան, երեկ նաև Աշոտ Կարապետյան: Մինչ Մարտի 1-ի բուն դատավարության սկսելը, հնարավոր է վկա չմնա: Այսքան պատահականություն չի լինում: Անգամ այն նախկին պաշտոնյաները, որոնք հակված էին ճիշտ ցուցմունքներ տալու, այսուհետ հազար անգամ կգցեն-կբռնեն՝ արժի՞ գնալ այդ քայլին:

Ստեղծված իրավիճակում Քոչարյանին մեղադրելն իմաստ չունի: Նա պաշտպանվում է իր իմացած մեթոդներով, ինչ-ինչ, բայց հաստատ նրան չի կարելի մեղադրել ռոմանտիկության մեջ: Նա լավ գիտի, որ փաստաբաններով ոչնչի չի հասնի: Պարզապես առաջ պետական տեռորով էր լռեցնում հակառակորդներին, հիմա՝ սիցիլիական փորձն է կիրառում:

Վաղը դատարանում դատախազները, հանրությունը և իշխանությունները չպետք է հանկարծակիի գան, երբ 800 վկաների գերակշիռ մասը փոխի նախաքննության ժամանակ տված ցուցմունքները: Նրանցից շատերի հետ Քոչարյանի էմիսարներն արդեն բացատրական աշխատանքներ են տանում: Արդյունքում հանրությունը անգամ բարոյական իրավունք չի ունենա մեղադրելու այդ մարդկանց՝ ցուցմունքներից հրաժարվելու համար: Նրանք 11 տարի հետո պատրաստ են եղել խոսելու՝ ակնկալելով պետության պաշտպանությունը: Բայց պետությունը ոչինչ չի ձեռնարկում այդ ուղղությամբ՝ հույսը դնելով վկաների բարձր գիտակցության և խիզախության վրա: Այս տեմպերով անգամ զավեշտալի չի լինի, եթե մի գեղեցիկ օր ցուցմունքներից հրաժարվի վարչապետի խորհրդական, գեներալ Արշակ Կարապետյանը: Մինչդեռ նա մեղադրանքի առանցքային վկաներից է:

800 վկաները տեսան, որ պետությունը չի ցանկանում կամ կարողանում պաշտպանել անգամ մեկ վկային: Անցած տարի գտնվեց մեկը, որ ցուցմունք տվեց Սաշիկ Սարգսյանի որդու դեմ՝ պատմելով, թե ում ճնշմամբ է իր վրա վերցրել հրազենային վիրավորում հասցնելու դեպքը: Բայց մեկ տարի հետո վկան արդեն հայտարարում է, որ հիվանդ է և չի հիշում երբ ու ինչ է ասել: Մի խոսքով հրաժարվում է ցուցմունքներից:

Այնպես որ՝ ուտոպիա և ինքնախաբեություն է նստել սպասելը, թե Քոչարյանը բոլոր գումարները կվատնի ֆեյքերի ու պիցցայի վրա և արդյունքում կզրկվի դիմադրելու կարողությունից: 

Քանի դեռ շատ ուշ չէ, Մարտի 1-ի բոլոր առանցքային վկաները պետք է ստանան պետական գործուն պաշտպանություն: Ինքնահոս վիճակը դատապարտված է, երբ դիմացինը մղում է առանց կանոնների պայքար:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1895 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ