...

Դատախազը մերժել է Քյարամյանին, ԱԱԾ-ն էլ օպերատիվ գործել է

Դատախազը մերժել է Քյարամյանին, ԱԱԾ-ն էլ օպերատիվ գործել է

Հոկտեմբերի 8-ը Քննչական կոմիտեի ծառայողի օրն է։ Այդ օրն է նշվում նաև համակարգի կազմավորման տարեդարձը։ Այս տարի Քննչական կոմիտեի կազմավորման 8-րդ տարեդարձն էր։ Այդ առիթով բացի ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանից, քննիչներին պարգևներ են հանձնել այլ ուժային գերատեսչությունների ղեկավարներ։ «ՉԻ» տեղեկություններով Քյարամյանի կոմիտեից ՀՀ գլխավոր դատախազությանը պարգևատրման ենթակա անձանց 4 հոգանոց ցուցակ է ներկայացվել։ Սակայն նրանցից մեկի մասով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մերժել է Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Այսինքն՝ Վարդապետյանը հրաժարվել է պարգևատրել ՔԿ աշխատակիցներից մեկին, որի անունը պարգևատրվողների ցանկում տեղ է գտել հենց Քննչական կոմիտեի ղեկավարության համաձայնությամբ։   

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԱԾ-ը հայտարարեց, որ ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել։ Պարզվել է, որ Վ.Ա-ն, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչի պաշտոնը, առանձնապես խոշոր չափերի՝ 61 հազար ԱՄՆ դոլար կաշառք է ստացել։

ԱԱԾ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեի կողմից պարգևատրման ներկայացված և դատախազի կողմից մերժված պաշտոնյայի անմիջական ղեկավարությամբ է աշխատել կաշառքի վրա բռնված քննիչը։ 

Հավելենք նաև, որ Վարդապետյանի՝ դատախազ նշանակվելուց հետո դիրքային պայքարի նոր փուլ է սկսվել։ Քյարամյանն ամեն ինչ անում է, որպեսզի ուժային կառույցների առանցքը շարունակի ինքը մնալ, իսկ դատախազն այդ իմաստով փորձում է հակակշռել Քյարամյանին։ ԱԱԾ-ը այս պահին կարծես թե արբիտրի դերում է։ Կարելի է ասել՝ կաշառքով «վերցված» քննիչի փաստը առիթ է տալիս ենթադրելու, որ Քյարամյանի՝ բոլորին վերահսկողության տակ պահելու ջանքերը ոչ միայն դատախազին են նյարդայնացնում, այլև ԱԱԾ-ին։ Մնում է հասկանալ, թե այս մրցապայքարում Փաշինյանն ում կընտրի։ Չնայած նրան, ըստ էության, պայքարի ինտրիգային ընթացքն է հետաքրքրում, վերջն այնքան էլ կարևոր չէ։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   683 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ