...

Վարդապետյանը՝ դատախազ, Ռոտենբերգն էլ՝ քաղաքապետ

Վարդապետյանը՝ դատախազ, Ռոտենբերգն էլ՝ քաղաքապետ

Աննա Վարդապետյանը ՀՀ գլխավոր դատախազի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուն է։ «Ես ստացել եմ առաջարկ: Խնդրել եմ մեկ օր մտածելու ժամանակ և համաձայնվել եմ: Կարծում եմ՝ կշռադատված, առանց էմոցիաների որոշում կայացնելու համար գոնե 24 ժամն անհրաժեշտ է: Ցանկացած կարևոր որոշումից առաջ ես այդ 1 օրը վերցնում եմ»,- հայտարարել է Վարդապետյանը: Նկատենք, որ վերջինս 2020 թ․ մարտից առ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականն է։

Շատ երկար է մտածել Աննա Վարդապետյանը։ 24 ժամ մտատանջվելուց հետո որոշել է ստանձնել իրավական համակարգի կարևորագույն և առանցքային պաշտոններից մեկը։ Որպես նշաձող սահմանել է պրոֆեսիոնալիզմը՝ նկատելով, որ գլխավոր դատախազի պաշտոնում երբևէ կին թեկնածու չի առաջադրվել, և սա էլ լրացուցիչ պատասխանատվություն է։ Մամուլն այսօր արձանագրել է, որ ՔՊ-ականներն անգամ չեն ճանաչել, թե խոսքն ում մասին է, նրա հետ հանդիպմանը վերջիններս չեն էլ շտապել։ Ավելին՝ տեղեկացրել են, որ նա որևէ կոչում չունի, իսկ նրա նախորդներն արդեն կոչում են ունեցել, երբ ստանձնել են դատախազի պաշտոնը։ Բայց սա էական չէ։ Էականն այն է, որ մինչ այս գոնե ֆորմալ առումով նշանակման կամ ընտրության պահին դատախազի թեկնածուն որևէ մեկինը չէր։ Իսկ տիկնոջ պարագայում ճիշտ հակառակն է՝ նա Նիկոլ Փաշինյանինն է, և հիմա պարզապես աշխատավայրն է փոխվում՝ վարչապետի կաբինետից գնում է դատախազի կաբինետ։ Պարզ է, չէ՞, որ ողջ գործունեության ընթացքում կաշկանդված է լինելու հենց այդ հանգամանքով։ Օրինակ՝ վարչապետի դեմ դատախազություն բերված և բերվելիք հարյուրավոր դիմումներին ինչպե՞ս է ընթացք տալու։ Պարզ է, չէ՞, որ չի տալու, հղում է անելու պրոֆեսիոնալիզմի բարձր նշաձողին։ Վարչապետի հակառակորդների դեմ քրեական գործեր հարուցելու հարցում էլ նույն սկզբունքն է մատնանշելու։ Մի խոսքով՝ ամեն ինչ անելու է, որ Նիկոլ Փաշինյանը գոհ լինի։ Իսկ դատաիրավական ոլորտի հերն էլ անիծած։ Մեկ է, մինչ իրեն արդեն անիծվել է։ 

Աննա Վարդապետյանը դատախազ կդառնա, այ որ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգն էլ քաղաքապետ ընտրվի, լրիվ ընտիր կլինի։ Կանայք, հնարավոր է, փրկեն Հայաստանը։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1934 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ