...

Դոգի Գագային սպասելիս

Դոգի Գագային սպասելիս

Աշխատավարձ և զվարճալիք

Էս շաբաթը հլը որ վերջին ժամանակներում ամենաբարաքյաթովն էր: Դե, մենակ էն, որ ամերիկացի ռեպեր Սնուփ Դոգն է գալու, արդեն հերիք է: Ընդ որում, կառավարության կանալներով է գալու: 

Սա արդյունք է մեկ այլ հաճելի իրադարձության, որ պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու են 60 տոկոսով: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բարձրացնում են քաղաքացիներիս համար, ու հիմա տեսնում ենք, որ իսկապես այդպես է: Հենց որոշեցին բարձրացնել, միանգամից Սնուփոյին հրավիրեցին Հայաստան՝ դա նշելու և տժժալու:

Այնպես որ, հաջորդ անգամ որ բարձրացնեն պաշտոնյաների աշխատավարձերը, Հայաստան է գալու Մորգենշտերնը, իսկ եթե մնա նույնը, այդ դեպքում Սինդի Լոուփերը: Լեդի Գագան մենակ աշխատավարձը ահավոր շատ բարձրացնելու դեպքում է հասանելի:

Մարսը մեր կողքին է

Պահ, Արայիկ Հարությունյանը՝ կառավարության եսիմինչ պաշտոնյան, ստատուս է գրել. «Մեզ հաճախ հարցնում են, թե ինչու են հարևան պետություններում համերգներով հանդես գալիս երաժշտության ոլորտի մեգա աստղերը, սակայն Հայաստանում նման համերգներ տեղի չեն ունենում, իսկ մեր քաղաքացիները ստիպված են լինում գնալ այլ պետություններ ներկա գտնվելու այդ շոուներին Եվ ուրեմն, կառավարությունը նախաձեռնել է թոփ աստղերից մեկի համերգ-շոուն Երևանում»:

Մեծ նվաճում է, հպարտանում են: Սնուփ Դոգ են կպցրել: Ընդամենը: Համաշխարհային աստղ, չէ մի չէ: Եկեք ձեզ ցույց տանք, թե Վրաստանում առաջիկայում ովքեր են համերգ տալու, որ համեմատելու բան լինի, նաև հրավիրվածների մակարդակով: 

Ուրեմն, մենակ օգոստոսին Վրաստանում համերգ են տալու Nile Rodgers & Chic-ը, The Killers խումբը, Դամիան Լազարուսը, ամիսն էլ փակելու է գիտե՞ք ով. Imagine Dragons խումբը: Էհե՜յ, You made me believer...  Նենց հավեսով կգնայինք, էդ խումբ է, թոփից թոփ: Ու սա ընդամենը մի փոքր մասն ենք նշում, հլը Բրունո Մարսի մասին չենք ասում, նա էլ է համերգ տալու Թբիլիսիում, մանր-մունր Noize MC-ներին ընդհանրապես հաշիվ չկա: 

Քեզ համար, իմ բադրիջան

Լավ, եկեք Մարսից իջնենք, մի քիչ ավելի երկրային թեմաներից խոսենք: Էսօր հարևաններից մեկը մեզ հարցնում է. էն օգնությունը տեղ հասա՞վ: Իբր մենք էլ թույն ինֆորմացվածն ենք: Ասացինք՝ ոնց որ չէ, որովհետև եթե տեղ հասած լիներ, դժվար Էդմոն Մարուքյանը Լաչինի միջանցքի կողմերում ելույթ ունենար: Շան լափ էր թափում անիրավ ադրբեջանցիների գլխին: 

400 տոննա օգնությունը, հաշվեք, անիմաստ փչանում է: Արդեն քանի օր է, արևի տակ, լրագրողների կամերաների առջև հոտում են: Մինչդեռ կարելի էր ավելի էֆեկտիվ աջակցություն ցուցաբերել, տասնապատիկ քիչ ծախսով: Ընդամենը պետք էր մեյլով Արցախ ուղարկել ուսումնական ձեռնարկ. «Ինչպե՞ս տոտալ բլոկադայի պայմաններում բադրիջանի լավ բերք ստանալ»: Այ, էդ օգնություն կլիներ: Էնքան բադրիջան կաճեցնեին, որ մի բան էլ արցախցիները ֆուռերով դրանք մեզ կուղարկեին: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   485 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ