...

Դուք անխոցելի եք

Դուք անխոցելի եք

Այսօր խորհրդարանում քննարկվում էր «Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած՝ «Քրեական օրենսգրքում» և «Քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը, որով հեղինակներն առաջարկում են ամրագրել՝ ՀՀ տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանին պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նաև նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պատժվում է տուգանքով` 1-2 մլն դրամով, կամ ազատազրկմամբ` 2-4 տարի ժամկետով: 

Այս նախագծի քննարկումները ունիկալ էին: Մենակ Հայաստանում կարող է նման բան լինել: Որ շատ գլուխներդ չցավեցնենք, համառոտ ներկայացնենք քննարկումների բովանդակությունը:

Արտառոց N1. «Հայաստան» խմբակցության պատգամավոր (նախագծի հեղինակներից). «Սա իրավական գործիք կլինի նաև Ադրբեջանի նախագահի և պաշտոնյաների հանդեպ՝ այն Ադրբեջանի, որի դեպքում Եվրոպան աչք է փակում, օրինակ, Ալիևի կնոջ համար պաշտոն ստեղծելու և այդ պաշտոնին նրան նշանակելու ու նմանօրինակ այլ դեպքերի առնչությամբ»:

Թե սա ինչ կապ ունի նախագծի հետ, դուք ասեք: 

Արտառոց N2. ՔՊ խմբակցության պատգամավոր. «Իսկ ի՞նչ կասեք ընտրակեղծարարության, եղբորը պաշտոնի նշանակելու, մասնավորապես՝ հատուկ գործերով դեսպան նշանակելու մասին կոռուպցիայի մասին, երբ բարձր պաշտոնյան հեռանում է հազարապատիկ անգամ ավելացած միջոցներով, կամ խաղաղ ցուցարարներին քնած ժամանակ զենքով ցրելու մասին, դիմահար կրակով որոշներին սպանելու մասին»։ 

Թե սա ինչ կապ ունի նախագծի հետ, դուք ասեք: 

Արտառոց N3. «Հայաստան» խմբակցության պատգամավոր. «ՀՔԾ-ն ունի պետ, որի հակակշռող կառույցի՝ ԲԴԽ-ի անդամներից մեկը ՀՔԾ պետի՝ ներկայիս հակակոռուպցիոն ծառայության պետի եղբայրն է»։

Թե սա ինչ կապ ունի նախագծի հետ, դուք ասեք:

Արտառոց N4. ՔՊ խմբակցության պատգամավոր. «Ես բավարարված եմ պատասխանով»:

Թե ինչպես կարող է նախագծի հետ կապ չունեցող պատասխանը բավարարել իշխանական պատգամավորին, դուք ասեք:

Ոչ մի բան չենք հնարել: Սա կոչվում «Քրեական օրենսգրքում» և «Քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխությունների նախագծի քննարկում: Բերել են մի նախագիծ, որի մասին ընդհանրապես չեն խոսում: Խոսում են իրար անցյալներից ու ապագաներից: Ոնց որ Բեքետի պիեսից հատված լինի: Դերերը բաշխված են, ու լավ էլ խաղում են ծաղրածուի իրենց դերերը: Ու միայն այսօր չէ: Ամեն նիստին նույնն է: Ահա այսպես օրենսդիր մարմինը սարքել են Ծաղրի և երգիծանքի թատրոն: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1091 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ