...

Էլի իրենք մեղավոր չեն

Էլի իրենք մեղավոր չեն

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է. «ՄԱԿ ԱԽ նիստում Ռուսաստանի ելույթը գնահատում եմ բացասական, համարում եմ, որ դաշնակցի կողմից շատ ավելի հասցեական կարող էր հնչել հայտարարությունը։ Կարծում եմ՝ ՌԴ-ն կա՛մ չի կարողանում, կա՛մ չի ուզում, կա՛մ, միևնույն ժամանակ, և՛ չի կարողանում, և՛ չի ուզում։ Համենայնդեպս, ես զարմացած չեմ, այս վերջին իրադարձությունները ցույց էին տալիս, որ հնարավոր է՝ Ռուսաստանի կողմից նման ձևով հնչի գնահատականը: Այսինքն՝ իրենք այդ ձևով ուզում են իրենց պատասխանատվությունը նվազեցնել միգուցե»։

«ՉԻ». Բացեք 1990-ականների մամուլը, պեղեք. դուք չեք գտնի մի դեպք, երբ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հասցեական մեղադրանքներ հնչեցնեին ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ-երկրների հասցեին: 

Իսկ այն ժամանակ միայն Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ը չորս բանաձև է ընդունել, չհաշված բազմաթիվ այլ նիստերը՝ նվիրված հայ-ադրբեջանական հակամարտությանը, առանձին ԵԱՀԿ գագաթնաժողովներ են եղել, էլի ոչ մի քննադատություն, մուննաթ:

Պատճառը գիտե՞ք՝ որն էր. այն ժամանակ արտաքին քաղաքականություն իրականացնելիս հենվում էինք մեր սեփական հնարավորությունների վրա: Այն ժամանակ գիտակցում կար, որ Հայաստանի և Արցախի համար բացառապես մենք ենք պատասխանատվություն կրում: Ու ոչ ոք մեր սիրուն աչքերի համար մեզ լավություն անողը չէր: Ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ մնացածները: Եթե անհաջող, վատ բանաձև ընդունվեր միջազգային որևէ ատյանում, դրա համար ոչ թե կանգնելու էին, սրան-նրան մեղադրեին, այլ պարզելու էին, թե ինչու է նման բանաձև ընդունվել, ով է հայ պաշտոնյաներից, դիվանագետներից թերացել, վատ աշխատել, ով է գլխավոր պատասխանատուն, և նրան հանելու էին գործից: Այդպիսի դեպքեր եղել են: 

Իսկ հիմա ում ասես մեղավոր են համարում, բացի՝ իրենցից: Այսինքն՝ դուք հոյակապ աշխատում եք, տեղը-տեղին, բայց անամոթ աշխարհը ձեզ վատություն է անում: Դրա համար էլ այս վիճակում ենք հայտնվել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   280 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ