...

«Էլիտար» դպրոցի «էլիտար» հավակնորդները

«Էլիտար» դպրոցի «էլիտար» հավակնորդները

Երևանի Չեխովի անվան դպրոցի շուրջ դարձյալ ակտիվություն է։ Այս դպրոցը ժամանակ առ ժամանակ հայտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Այստեղ սովորում են նախկին պաշտոնյաների թոռներն ու զավակները։ Այսպես կոչված՝ պետական կարգավիճակով «էլիտար» դպրոց է։ Բավական է դպրոցի դասերի մեկնարկի և ավարտի ժամերին անցնել Բաղրամյան փողոցով և ավտոմեքենաների շքեղությունից, երեխաների ու նրանց ծնողների հագուկապից կհասկանաք դպրոցի «էլիտարության» աստիճանը։ Նախկին տնօրենը՝ Գայանե Սարուխանյանը, որն ազնվաբարո և մինչև վերջ ծառայել է նախկին իշխանություններին, նոր Հայաստանում ավարտեց իր գործունեությունը։ Դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթը կայացավ 2021թ., որի արդյունքում հաղթող չճանաչվեց, և գործող տնօրեն Սարուխանյանը շարունակեց պաշտոնավարել մինչև աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի ավարտը: Այնուհետև Երևանի քաղաքապետի որոշմամբ դպրոցի տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվեց տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Տաթևիկ Մելքոնյանի վրա, մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը: Տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հաջորդ մրցույթը կայացել է 2022թ.-ին, որի արդյունքում կրկին հաղթող չի ճանաչվել: Երևանի քաղաքապետի որոշմամբ էլ հիմա Դիանա Մինասյանն է նշանակվել դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Ասում են, որ նա ապագա քաղաքապետ Տիգրան Ավինյանի ընկերոջ կինն է, որը որևէ առնչություն չունի դպրոցի հետ։ Սա բարկացրել է դպրոցի ուսուցչական և ծնողական կոլեկտիվին, բոլոր դասարանների աշակերտներին։ Բողոքի ակցիա են արել, ՄԻՊ-ն էլ արձանագրել է երեխաների մասնակցության անթույլատրելիության մասին։

Տեսնես կլինի՞ մի օր, որ ուսուցիչները, տնօրենները, ծնողներն ու աշակերտները միասնաբար պայքարեն կրթական որևէ ծրագրի շուրջ, կամ պարտադրեն դպրոցների բարեփոխման իրենց փաթեթը, կամ էլ նույն դպրոցի, կրթության ու աշակերտի իրավունքի հետ կապված որևէ ակցիա անեն։ Նախկինում էլ, հիմա էլ պայքարը անձերի շուրջ է։ Սա իր մարդուն է առաջ բրթում, նա՝ իր մարդուն, ընդ որում՝ երկու դեպքում էլ մոտիվացիան հաստատ կրթության որակով պայմանավորված մտահոգությունը չէ։ Շատ ծիծաղելի էր, երբ ակցիային առնչվող նյութերից մեկում կարդացի, որ ծնողներն ասել են՝ կհանեն իրենց երեխաներին այդ դպրոցից։ Բայց հանելու շարժառիթը ասեք, որ մարդիկ հասկանան։ Եթե այնպես ստացվի, որ Ավինյանի մարդն, այնուամենայնիվ, նշանակվի, հնարավոր է պայքարող ծնողների ու երեխաների դեմ անբարյացակամ մթնոլորտ ձևավորվի դպրոցում։ Այդպիսի բազմաթիվ դեպքեր գիտենք։ Գոնե նախկինում այդպես էր։ Եվ քանի որ ամեն ինչ, հատկապես կրթության բնագավառում իրերի դասավորությունը նույնն է մնացել, ուստի՝ դեպքերը նույն սցենարով էլ ընթանալու են։ Հաջողություն երկու կողմերին էլ։ Թող հաղթի «ուժեղագույնը», միևնույնն է, դրանից ոչինչ մեծ հաշվով չի փոխվելու։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   6096 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ