...

Ենոքավանցի Չեմբեռլենը և տարածաշրջանային նոր պատերազմը

Ենոքավանցի Չեմբեռլենը և տարածաշրջանային նոր պատերազմը

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովը «Չեմբեռլեն՝ որպես պարտությա՞ն, թե՞ հաղթանակի խորհրդանիշ» վերնագրով մի հոդված է հրապարակել։ Ենթատեքստը հասկանալի է․ «անարդարացիորեն «լուզեր» համարվող» Չեմբեռլենի և «մինչև վերջ պայքարող, անզիջում Չերչիլի» միջև զուգահեռներ անցկացնելով՝ հեղինակն իրականում խոսել է «անարդարացիորեն հողատու-դավաճան համարվող» Նիկոլ Փաշինյանի և «պոպուլիստ ռազմահայրենասերների» մասին։

Այս՝ պատմաքաղաքական տեսանկյունից բավականին ճշմարտացի և դրանով իսկ արժեքավոր հոդվածի կարևորությունը մեզ համար այն է, որ հրապարակել են ՀՀ իշխանությունները, և դա հստակ պատկերացում է տալիս, թե ինչպես են ՔՊ-ական իշխանություններն ընկալում Նիկոլ Փաշինյանի գործունեությունը, կամ՝ ինչպե՞ս կցանկանային, որ ժողովուրդն ընկալեր դա։

Սկսենք նրանից, որ անցյալ դարի 30-ականների վերջերի Մեծ Բրիտանիայի և այսօրվա Հայաստանի վիճակների միջև ահռելի տարբերություններ կան։ Մեծ Բրիտանիան և Գերմանիան իրենց տնտեսական պոտենցիալներով և ռազմական կարողություններով համադրելի երկրներ էին, ու ժամանակավորապես խախտված հավասարակշռությունը հնարավոր էր վերականգնել մի քանի տարիների ընթացքում (ինչը և տեղի ունեցավ), իսկ մեր դեպքում՝ իշխանություններն իրենք են հայտարարում, որ Հայաստանը կարող է ենթարկվել ոչ միայն ադրբեջանական, այլև ռուս-թուրք-ադրբեջանական համատեղ ագրեսիայի, այսինքն՝ մեր թշնամին միայն Ադրբեջանը չէ։ Եվ եթե Մեծ Բրիտանիայի վարչապետը կարողացավ զիջողի, կռացած մարդու նվաստացուցիչ կերպարով իր երկրի համար ժամանակ շահել ու ԱՄՆ-ի օգնությամբ ողնաշարը շտկել, ապա հարց է ծագում՝ իսկ ո՞վ պետք է լինի «մեր բաժին ԱՄՆ-ը», որպեսզի կարողանանք այնքան հզորանալ, որ դիմակայենք ռուս-թուրք-ադրբեջանական համատեղ ագրեսիային։ Լավ, Թուրքիան դեռ մի կողմ թողնենք։ ՆԱՏՕ-ն մեզ կօգնի՞ հզորանալ այնքան, որ դիմադրենք ռուս-ադրբեջանական համատեղ ագրեսիային ու հաղթենք։

Քննարկենք երկրորդ տարբերակը, այն է՝ «մեր բաժին ԱՄՆ-ը» Ռուսաստանն է, Նիկոլ Փաշինյանն էլ, անձնազոհաբար կռանալով ու նվաստանալով, ժամանակ է շահում, որպեսզի Ռուսաստանը գլուխն ազատի ուկրաինական թակարդից ու հզորացնի մեզ։ Բայց այս դեպքում էլ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ համաձայնեցված է մտել «կռացած հողատու-դավաճանի» կերպարի մեջ, ու հարց է ծագում՝ ինչո՞ւ են Կրեմլից ամեն օր «շան լափ թափում» նրա գլխին։ Հակառակը՝ պիտի օգնեին, որ նա կարողանա ժամանակ ձգել, ինչո՞ւ են շտապեցնում՝ սպառնալով ադրբեջանական նոր ագրեսիայով և «պետականության համար անդառնալի հետևանքներով»։

Իրականում Նիկոլին Չեմբեռլենի հետ համեմատելու «նարատիվը» զուտ ներքաղաքական քարոզչական նպատակներ է հետապնդում, և, կարելի է ասել, Անդրանիկ Քոչարյանի քարոզչական նվերն է «շեֆին»։ Իմաստը հասկանալի է․ ամեն ինչ միակողմանիորեն զիջելու այս նվաստացուցիչ պահվածքից շվարած ժողովրդին պիտի համոզել, թե Նիկոլի այդ պահվածքը միայն առերևույթ է (մոտավորապես Ավարայրի ճակատամարտից առաջ Տիզբոնում հայ նախարարների կեղծ ուրացման նման), իսկ իրականում նա ժամանակ է շահում, ու անարդարացի է նրան «դավաճան» համարելը, որովհետև նա գիտի, թե ինչ է անում, ու վերջը լավ է լինելու։ Մի խոսքով՝ «թողեք, թող աշխատի»։

Մարկ Նշանյան

Հ․ Գ․ Հետաքրքիր է՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը գիտակցո՞ւմ է, որ նման հոդված հրապարակելով ու տարածելով՝ փաստացի հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանն իրականում ոչ թե «խաղաղասեր» է, այլ «թաքնված ռևանշիստ», այսինքն՝ կրկնում է ադրբեջանական քարոզչական դրույթներն ու դրանով իսկ խանգարում, որ Նիկոլն «աշխատի»։

ՎԱՐԿԱՆԻՇ

   542 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ