...

«․․․Բայց ինձ կասեին դավաճան-2» օպերացիան սկսվո՞ւմ է

«․․․Բայց ինձ կասեին դավաճան-2» օպերացիան սկսվո՞ւմ է

Իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, թե մի շաբաթ առաջ մոտ էինք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, բայց Ալիևը ռազմատենչ, ամպագոռգոռ հայտարարություններ է անում, ու մենք պիտի ավելի արագ բարելավենք մեր անվտանգության համակարգը։ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում էլ տեսակետներ են հայտնվում, թե պետք է կտրուկ կոշտացնել մեր հռետորաբանությունը, Ադրբեջանին ատամ ցույց տալ, և այլն։ Իյա, իրո՞ք։ Բա ի՞նչ եղավ «խաղաղության դարաշրջանը», բա արժե՞ «ամայի, անբնակ սարերի» համար նոր պատերազմի մեջ մտնել՝ ինչ է, թե Նիկոլը դրանք «կարմիր գիծ» է հռչակել։ Եվ ընդհանրապես՝ ի՞նչ է տեղի ունենում։

Ամենայն հավանականությամբ՝ տեղի է ունենում հետևյալը։ Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ Ադրբեջանի իշխանություններն իրեն «քցել են» ու ոչ մի «կադաստրի թուղթ» էլ չեն տալու՝ քանի դեռ չեն ստացել «Զանգեզուրի միջանցքն» ու «Արևմտյան Ադրբեջանի» որոշ հատվածներ։ Հասկացել է, բայց Ադրբեջանի պահանջները կատարել չի կարող։ «Զանգեզուրի միջանցքն» էլ հո Արցախը չէ, որ ասի «ես ի՞նչ կապ ունեմ, ես Հայաստանի Հանրապետության համար եմ պատասխանատու, ղարաբաղցիներն ինձ չեն ընտրել» ու մի կողմ քաշվի։ Բայց չկատարել նույնպես չի կարող, որովհետև այդ դեպքում «խաղաղության դարաշրջանի» փուչիկը վերջնականապես կպայթի, իսկ դա այն վերջին խայծն է, որով նա դեռ կարողանում է կերակրել իրեն հավատացողների նոսրացող շարքերին։ Առավել ևս, որ ռուսները նույնպես միջանցք են պահանջում՝ հիմնվելով նոյեմբերի 9-ի չարաբաստիկ փաստաթղթի 9-րդ կետի վրա։ Ուրեմն ի՞նչ պիտի անեն իշխանություններն այս իրավիճակում։

Ճիշտ է, պիտի իրականացնեն «․․․Բայց ինձ կասեին դավաճան-2» օպերացիան։ Հիշում եք, չէ՞, թե ինչ սառնասրտությամբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը, իհարկե, 2020-ի հոկտեմբերի կեսերին կարող էր կանգնեցնել պատերազմը, և արդյունքը նույնը կլիներ՝ «իհարկե, առանց զոհերի», բայց ինքն այդ քայլին չգնաց, որովհետև իրեն կասեին դավաճան։ Հիմա ինքն այդ նույն տրամաբանությամբ կգերադասեր ոչ թե իր ստորագրությամբ Սյունիքով անխոչընդոտ հաղորդակցություն (պարզ ասած՝ արտատարածքային միջանցք) տրամադրել Ադրբեջանին, այլ, եթե դա անխուսափելի է, այնպես անել, որ Ադրբեջանն ինքը փորձի ռազմական ճանապարհով բացել այդ միջանցքը։ Այդ դեպքում զարգացման հնարավոր սցենարները երկուսը կլինեն․ կամ մի քանի շաբաթվա ռազմական գործողություններից հետո կտա միջանցքը՝ պատճառաբանելով, թե «25 հազար զինվորի կյանք եմ փրկել, համ էլ՝ Կապանն ու Գորիսը շրջափակման վտանգի տակ էին», կամ էլ ռուսները կեսից կմիջամտեն, կկանգնեցնեն պատերազմը և որպես վարձատրություն՝ իրենք էլ ամբողջովին կվերահսկեն միջանցքը (եթե, իհարկե, Թուրքիան չպահանջի «համատեղ մոնիտորինգային կենտրոն» ստեղծել արդեն Մեղրիում)։ 

Այդպիսով, ըստ Նիկոլ Փաշինյանի տրամաբանության, և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան կստանան իրենց ուզածը, Ադրբեջանն այլևս ընդհանրապես որևէ պատճառ չի ունենա մերժելու «խաղաղության համաձայնագիրը», ժողովուրդն էլ իրեն դավաճան չի ասի, որովհետև կասի «դե ես ի՞նչ անեմ, ինչքան կարողացանք՝ կռվեցինք, մեղավորը դասալիքներն էին, 5-րդ շարասյունն էր, դավաճանաբար սպառազինություն չտրամադրած Ռուսաստանն էր, անտարբեր Արևմուտքն էր» և այլն։ Նույնիսկ նոր տեքստեր գրելու կարիք չի ունենա, 44-օրյա պատերազմից հետո իր արտասանած ելույթները կկրկնի, և վերջ։ 

Հետո էլ, իհարկե, արտահերթ ընտրություններ կնշանակի, ու նույնիսկ այդ դեպքում նոր նախընտրական ծրագրի կարիք չի լինի։ Ընդամենը Հադրութի ու Շուշիի փոխարեն կխոստանա Մեղրիի ու Ագարակի դեօկուպացիա, և վերջ։ Իսկ ինչո՞ւ չպիտի գնա «փորձված ճանապարհով», եթե երկրի ներսում դիմադրություն չկա կամ համարյա չկա։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   618 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ