Մինչ Հայաստանը թաղված է ներքին ու արտաքին բարդագույն խնդիրների մեջ, ՔՊ-ականներն ու նրանց հովանավորյալները վայելում են կյանքը «Մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ոչ միայն իր բարեկեցության հարցերն է լուծում, այլ նաև հոգ է տանում իր մերձավորների ու ենթակաների կյանքի որակի համար։ Բոլորովին վերջերս ԱԺ-ում կառուցվածքային փոփոխություն տեղի ունեցավ։ «Իրավական ապահովման և սպասարկման» վեց հոգանոց բաժինը փոխակերպվեց վարչության։ Սա տարօրինակ և առաջին հայացքից անհասկանալի փոփոխություն էր, քանի որ բաժինն իր փոքրիկ անձնակազմով կարողանում էր իր առջև դրված խնդիրները բնականոն կերպով լուծել։ Չպարզաբանված է մնում նաև փաստը, թե ինչպես է վեց հոգանոց փոքր բաժինը վարչություն դառնալու։ Եվ ի վերջո որն էր այդ փոփոխության նպատակահարմարությունը։ ԱԺ-ի մեր աղբյուրները փոխանցում են, որ իրականում այդ որոշումը պայմանավորված է անձնական շարժառիթներով և շահերով։ Պարզապես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցանկացել է իր մերձավոր Մարի Ստեփանյանին վարչության պետ դարձնել, ինչը ենթադրում է անհամեմատ ավելի մեծ աշխատավարձ, պարգևավճար և գործուղումների ու եվրոպական մայրաքաղաքներում վոյաժների լայն հնարավորություն։ Սա ՔՊ-ի համար արդեն իսկ սովորական դարձած փորձառություն է։ Կուսակցական պարագլուխները գործի են տեղավորում միայն իրենց ընտրյալներին, որոնք անձնվիրաբար ծառայում են իրենց պատրոններին։