«Սրանից հետո ինչքան ասեն «Զանգեզուրի միջանցք»՝ իմացեք, սա Հայաստանի մասին չէ։ Հորադիզ-Զանգելան երկար է, ասում են «Զանգեզուրի միջանցք», թող ասեն, մենք խնդիր չունենք», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«ՉԻ»․ Իսկ մենք կարծում էինք, թե «Զանգեզուրի միջանցք» ասելով՝ ադրբեջանցիները կասկածի տակ են դնում այդ տարածքի վրա հայկական ինքնիշխանությունը։ Պարզվում է՝ նման բան չկա, պարզապես ադրբեջանցիները, ի տարբերություն աշխատասեր և քարից հաց քամող հայ ժողովրդի, ընդամենը ծույլ են և ալարում են երկար բառակապակցություն արտասանել, դրա համար էլ օգտագործում են մեկ տառով ավելի կարճ ձևակերպումը։ Ճիշտ է, նրանց այդ ծուլությունը «հովհարային» է, որովհետև, չգիտես ինչու, չեն ալարում և «Հայաստանի» փոխարեն ասում են «Արևմտյան Ադրբեջան»։
Իսկ ահա Նիկոլ Փաշինյանը վարչապետության ընթացքում կարողացել է հաղթահարել իր ծուլությունը։ Առաջ ասում էր «Արցախը Հայաստան է, և վերջ», որովհետև դա ավելի կարճ էր, քան «Ղարաբաղն Ադրբեջան է, և վերջ» արտահայտությունը, բայց հետո այնուամենայնիվ որոշեց չալարել և օգտագործել ավելի երկար, բայց իր «ընկալումներին» ավելի համահունչ բառակապակցությունը։
Հա, ի դեպ՝ իշխանություններին հորդորում ենք ըմբռնումով մոտենալ, եթե որևէ մեկը «վարչապետ Նիկոլ Փաշինյան»-ի փոխարեն ասի «դավաճան Նիկոլ Փաշինյան»։ Չէ՞ որ այդպես ավելի կարճ է։