...

Կորոնավիրուսից բեթար

Կորոնավիրուսից բեթար

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող իրավակարգավորումներով երկրում հայտարարված արտակարգ դրությունը հարուցված և իրականացվող վարչական վարույթների կասեցման կամ դրանց ժամկետների երկարաձգման համար հիմք չի հանդիսանում:

Ուստի ՊԵԿ իրավաբանական վարչության իրավասությանը վերապահված վարչական վարույթները շարունակվելու են իրականացվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով, եթե առկա չեն օրենքով նախատեսված վարչական վարույթները կասեցնելու կամ դրանց ժամկետները երկարաձգելու հիմքեր:

ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության իրավասությանը վերապահված են.

  • չկատարված հարկային պարտավորությունների գանձման վերաբերյալ վարչական վարույթները,
  • հարկային գործերով վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական վարույթները,
  • ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից հայտնաբերված հարկային իրավախախտումների, ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձման սահմանված կարգի խախտումների վերաբերյալ վարչական վարույթները,
  • մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ վարչական վարույթները»:

«ՉԻ». Աշխարհին պատած կորոնավիրուսի պատուհասի այս օրերին շատ երկրների կառավարություններ, ղեկավարներ, մեծահարուստներ աննախադեպ բարություն, կարեկցանք և մարդասիրություն են դրսևորում իրենց ժողովուրդների ու քաղաքացիների նկատմամբ։ Քաղաքացիների միջև որևէ խտրականություն չդնելով՝ բոլորին բաժանվում են ֆինանսական օգնություններ, գործարարներին տրվում են հարկային արտոնություններ, անկախ մարդկանց հնարավորություններից բոլորին են առաջարկվում վարկային արձակուրդներ և այլ։

Իսկ Հայաստանում միանգամայն այլ աննախադեպ իրավիճակ է. բարձր ղեկավարությունը խուսափում է քաղաքացիներին վարկային արձակուրդ տրամադրելուց՝ պատճառաբանելով, որ դրանից կարող են օգտվել «անբարեխիղճ» վարկառուները և մուննաթ գալիս չգրանցված աշխատատեղեր ստեղծողների ու նման աշխատողների վրա։ Սոցիալական օգնության ծրագրերը կազմվում են բացառապես այնպիսի խտրական տրամաբանությամբ, որպեսզի հանկարծ որևէ մի «անարժան» քաղաքացու ավելորդ լումա չվճարվի և բարդացվում հենց այդ պատճառով։

Եվ ահա, հարկային մարմիններն էլ հատուկ հայտարարում են պատժիչ գործողությունները չդադարացնելու մասին, «եթե առկա չեն օրենքով նախատեսված վարչական վարույթները կասեցնելու կամ դրանց ժամկետները երկարաձգելու հիմքեր», այսինքն՝ տվյալ դեպքում արտակարգ դրությունը հիմք չի համարվում։ 

Իսկ ո՞վ գիտի, թե կորոնավիրուսն ում կզրկի կյանքից՝ բարեխի՞ղճ քաղաքացուն, թե՞ անբարեխիղճ։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2533 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ