...

ՊԵԿ-ը իրեն բանկերից վատ է պահում

ՊԵԿ-ը իրեն բանկերից վատ է պահում

Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հիշեցնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված են հարկի հաշվարկման, հարկերի վճարման, հարկային պարտավորությունների գանձման կարգն ու ժամկետները, ինչպես նաև հարկային արտոնությունները:

Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով կարող են սահմանվել հարկային արտոնությունների հետևյալ տեսակները` հարկի վճարման ժամկետի հետաձգում, օրենսգրքի դրույթները խախտելու համար հաշվարկված տույժերից և տուգանքներից ազատում, նվազեցում, վճարման ժամկետների հետաձգում և այլ արտոնություններ:

Ընդ որում, հարկային արտոնությունները սահմանվում են բացառապես օրենսգրքով կամ ՀՀ օրենքներով: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կամ պետական կառավարման այլ մարմին իրավասու չէ իրավական որևէ այլ ակտով այս կամ այն խումբ հարկ վճարողների համար սահմանել հարկային արտոնություններ։

Հետևաբար, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակելու է իրականացնել իրեն վերապահված գործառույթային լիազորությունները՝ հորդորելով հարկ վճարողներին ժամանակին և ամբողջ ծավալով կատարել հարկային պարտավորությունները։

«ՉԻ». Մինչ աշխարհի բոլոր կառավարությունները և նրանց լիազոր մարմին հանդիսացող հարկային մարմինները հանդես են գալիս հայտարարություններով, որ օգնելու են հարկ վճարողներին, հարկային արձակուրդներ են տրամադրելու և ընդհանրապես մտնելու են գործարարների դրության մեջ, հայրենի ՊԵԿ-ը ամեն օր հանդես է գալիս ուլտիմատումներով:

Միանգամից երևում է, որ այդ կառույցի ղեկավարները մնացել են հնի տրամաբանության մեջ: Իրենք փող գանձող են և վերջ: Ոչ մի դեպքում գործարարի գործընկեր չեն, նրանց դժվարության մեջ ուղղորդող չեն, և ընդհանրապես, նրա հոգսերով զբաղվելու ժամանակ չունեն: 

Անգամ բանկերը, որ այնքան քննադատվում են Հայաստանում, պատրաստակամություն հայտնեցին յուրաքանչյուրի նկատմամբ անհատական վերաբերմունք կիրառելու: Իսկ ՊԵԿ-ը հայտարարում է՝ վճարեք և վերջ: 

ՊԵԿ-ը լավ կանի փոքր ու միջին բիզնեսի հետևից ընկնելու փոխարեն իր հայացքն ուղղի խոշոր բիզնեսին: 

Ի վերջո պետք է հասկանալ, թե ինչպես եղավ, որ հեղափոխությունից հետո խոշոր հարկ վճարողների վճարած հարկերը ավելացան ընդամենը 14 տոկոսով: Մաշադյանը և մյուսները պետք է հիշեն՝ Փաշինյանը հայտարարել է, որ հեղափոխությունից առաջ խոշոր գործարարները ճամպրուկներով փող էին տանում Բաղրամյան 26: Դժվար թե մեկը հավատա, որ նախկին իշխանություններն այդքան համեստ էին և այդ 14 տոկոսի նկատմամբ միայն ունեին հավակնություններ: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1920 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ