...

Հայաստանում ամենաճարպիկ սուտասանի տիտղոսը վաղուց է «օկուպացված»

Հայաստանում ամենաճարպիկ սուտասանի տիտղոսը վաղուց է «օկուպացված»

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Հայաքվե» նախաձեռնությանը միանալուց հետո հայտարարել է, թե եթե իրեն ու մի խումբ դիվանագետների լիազորություններ տրվեն՝ ինքը 2-3 ամսում կարող է կտրուկ փոխել բանակցային գործընթացի տրամաբանությունը և էապես շտկել իրավիճակը։ Բայց՝ պայմանով, որ Նիկոլ Փաշինյանն այդ ընթացքում լռի, որովհետև նրա ցանկացած խոսք միայն վնասում է մեզ։ 

Մի խոսքով, Օսկանյանի ասածը սա է․ իրավիճակը շտկելու իրական հնարավորություններ կան՝ անգամ հետպատերազմյան իրողությունները հաշվի առնելով, բայց Նիկոլը խանգարում է։ Ճիշտ է ասում, իհարկե, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը հաստատ Օսկանյանին կամ որևէ այլ մեկի այդպիսի լիազորություններ չի տալու՝ ստացվում է, որ թիվ մեկ խնդիրն իշխանափոխությունն է։ Հետևաբար, ցանկացած գործչի կամ քաղաքական ուժի գործունեության արդյունքը պետք է գնահատել ըստ այն բանի՝ մեծացնո՞ւմ է իշխանափոխության հավանականությունը, թե՞ ոչ։ Եվ ամենակարևորը՝ ո՞րն է իշխանափոխության հասնելու ռազմավարությունը։ Հենց այս տեսանկյունից էլ դիտարկենք Օսկանյանի հայտարարությունը։

Այո, կարելի է միանալ «Հայաքվե» նախաձեռնությանը և արձանագրել, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը քրեական հանցագործություն է։ Որպես ներքաղաքական պայքարի գործիք և հասարակությանը համախմբելու փորձ՝ նորմալ է։ Կարելի է նաև հաշվի նստել տարածաշրջանային իրողությունների հետ, խելամիտ արտաքին քաղաքականություն իրականացնել և փորձել Հայաստանն ու Արցախն այս իրավիճակից դուրս բերել նվազագույն կորուստներով։ Դա էլ է նորմալ։ Բայց երկուսը միաժամանակ անելն արդեն նորմալ չէ։ Չի կարելի ստորագրել մի փաստաթղթի տակ, որով բացառում ես Արցախի՝ թեկուզ ինքնավարության ամենաբարձր մակարդակն Ադրբեջանի կազմում, ու միաժամանակ խոստանալ պրագմատիկ բանակցություններով հասնել հակամարտության կարգավորման՝ այն նույն միջազգային հանրության աջակցությամբ, որն Արցախն Ադրբեջանի մաս է համարում։ Ու եթե ինչ-որ մեկը միաժամանակ և՛ մեկն է անում, և՛ մյուսը, դա միայն մի բան կարող է նշանակել՝ կամ «Հայաքվեին» միանալն է կեղծիք, կամ միջազգային հանրության աջակցությամբ իրավիճակն էապես շտկելու խոստումը։

Բնականաբար՝ Վարդան Օսկանյանը, որպես փորձառու դիվանագետ և քաղաքական գործիչ, չի կարող չհասկանալ սա։ Ու եթե հասկանալով՝ այնուամենայնիվ այդ ճանապարհն է ընտրում, նշանակում է՝ իշխանափոխության հասնելու համար որպես քաղաքական գործիչ ընտրել է ոչ թե ժողովրդին ճշմարտությունն ասելու, այլ մոլորեցնելու և դուր գալու «ռազմավարությունը»։ Դրա համար էլ անգամ ժողովրդին խաբելու առումով բացարձակ ռեկորդակիր ՔՊ-ի ամենաօդիոզ դեմքերն են շտապում օգտվել առիթից ու քմծիծաղել, թե Օսկանյանին, միևնույն է, չի հաջողվի խաբել ժողովրդին։ Ու պատկերացրեք՝ այդ քմծիծաղը տեղին է, որովհետև ժողովրդին Նիկոլից ավելի ճարպկորեն խաբել, միևնույն է, որևէ մեկին չի հաջողվի, իսկ Օսկանյանի «ռազմավարությունն» ավելի շատ «սատանի մայլում քյանդրբազություն» է հիշեցնում։

Մինչդեռ գոյություն ունի նաև այլ ռազմավարություն․ ընդունել սեփական սխալները, հրաժարվել քարոզչական նպատակներով իրականացվող պոպուլիստական նախաձեռնություններից, ազնվորեն ժողովրդին ներկայացնել առկա իրողություններն ու դրանց շրջանակներում հայկական կողմի հնարավոր առավելագույն ակնկալիքները, հստակ ցույց տալ դրանց հասնելու ուղիներն ու բացատրել, թե ինչու գործող իշխանությունները դա չեն անում։ Պարզ ասած՝ ստի դեմ պայքարել ճշմարտությամբ, և ոչ թե նույնպիսի կամ ավելի ճոխ ստերով։ 

Այո, քաղաքականության մեջ դա շատ ավելի բարդ է։ Բայց մենք արդեն տեսել ենք, թե ուր է հասցնում 20 տարի շարունակ հասարակությանը ստերով կերակրող իշխանությունը, ինչպես է անսասան թվացող այդ համակարգը կայծակնային արագությամբ փլուզվում՝ ավելի ճարպիկ սուտասանի մի քանի թեթև «մուշտիներից», ու արդյունքում ինչ աղետի է վերածվում դա պետության ու ժողովրդի համար։ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   914 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ