...

Հերոսից մինչև ամբաստանյալ

Հերոսից մինչև ամբաստանյալ

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով արցախյան հակամարտության բանակցային գործընթացին, ասել է. «Հետաքրքիր ժամանակաշրջան ենք ապրում: Մեր պետության ղեկավարը, որը հայկական կողմերի ներկայացուցիչն է բանակցություններում և խոսում է հայ ժողովրդի և ՀՀ-ի անունից, կիրթ և նորմալ է անվանում Ալիևին, բայց քննադատում է Արցախի հերոսներին և Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին»:

Եթե Է. Շարմազանովը մի քիչ արխիվներում փորփրի, ապա կտեսնի, որ Ալիևի մասին դրական մտքեր հայտնել է նաև Սերժ Սարգսյանը, ավելի խորը փորփրելու դեպքում՝ նաև Ռ. Քոչարյանը: Սա բնական է, Ադրբեջանի հետ ունենք կոնֆլիկտ, որի լուծման համար անհրաժեշտ են նաև դիվանագիտակական հմտություններ, որոնք ոչ միայն ներքին, այլ նաև՝ արտաքին լսարանի համար են: Որքան էլ քչփորենք անցյալը, չենք տեսնի գեթ մեկ դեպք, որ Հայաստանի որևէ ղեկավար Ալիևին ապուշ կամ  ծալապակաս համարի: Բանակցային գործընթացում դա փաստարկ չէ և միայն կվնասի ասողին:

Իսկ ահա Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի դեպքում այլ իրավիճակ է: Թեկուզ Արցախի քառակի հերոսներ լինեն, մարշալ ու գեներալսիմուսի կոչումներ ունենան, դա նրանց որևէ իրավունք չէր տվել 20 տարի շարունակ պատերազմել սեփական ժողովրդի դեմ, հարստահարել նրանց, երկրի ունեցվածքը փոշիացնել կամ իրար մեջ բաժանել, իշխանություն զավթել, կրակել ժողովրդի վրա, Արցախն ու Հայաստանը ժողովրդագրական աղետի առջև կանգնեցնել: Այդ դեպքում պետության, ժողովրդի հանդեպ նախկին ծառայությունները, որքան էլ դրանք հերոսական լինեն, այլևս որևէ արժեք չեն ունենում:

Շարմազանովը, որն իրեն պատմաբան է համարում, պետք է որ լավ իմանա մարշալ Պետենի պատմությունը: Վերջինս 1-ին համաշխարհային պատերազմում աչքի ընկավ զորավարի փայլուն ունակություններով, 1916թ. Վերդենի ճակատամարտում բեկում մտցրեց հօգուտ Ֆրանսիայի, դարձավ Ֆրանսիայի հերոս, ժողովրդի ամենասիրելի ու ամենամեծ հեղինակություն վայելող գործիչն էր: 

Իսկ 2-րդ համաշխարհային պատերազմում Պետենը ընդունեց նացիստների նվաստացուցիչ պայմանները, գնաց համագործակցության Հիտլերի հետ, Ֆրանսիան կախման մեջ դրեց Գերմանիայից, և այդ ամենն ավարտվեց նրանով, որ մահապատժի դատապարտվեց, իր կյանքն ավարտեց բանտում, ու մինչև հիմա էլ համարվում է ամենամեծ դավաճանը: Հերոս էր, հերոս չէր, այլևս ոչ ոք դա չի հիշում: 

Այնպես որ, Շարմազանովին խորհուրդ կտանք Նժդեհի ուսմունքներից բացի (ի դեպ, նրա թեկնածուական թեման կոչվում էր «Գարեգին Նժդեհի մանկավարժական հայացքները», բանակում ծառայությունից խուսափելու համար ավելի հարմար թեմա չեք գտնի), մեկ-մեկ էլ այլ հերոսների պատմություն ուսումնասիրել: 

Կամ, որ հեռու չգնանք. Վիտալի Բալասանյանը: Հերոս մարդ էր, հարգված, հեղինակություն ուներ թե՛ Արցախում և թե՛ Հայաստանում: Ու ի՞նչ արեց. վերցրեց ու այդ ամենը ջրեց, բռնեց ստախոսության և ուրացողության ճանապարհը: Էլ ո՞վ է նրան հերոս համարում: 

Իսկ այսօր մարտի 1-ի գործով դատավարության նիստն է: Հերոսից մինչև ամբաստանյալի աթոռին նստած մարդը՝ Ռոբերտ Քոչարյանն է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1474 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ