...

Հողատուների հիշատակարանը

Հողատուների հիշատակարանը

Մեզ ուղղակի բացում է այն հանգամանքը, որը Ռոբերտ Քոչարյանն ամեն օր Նիկոլ Փաշինյանին հողատու է անվանում, երկիրը վաճառած, թուրքի ջրաղացին ջուր լցրած:

Հա, պարզ է, որ Նիկոլը պատերազմ է տանուլ տվել, հողեր է հանձնել, երկիրը աղետի եզրին է հասցրել: Իր մեծամտության և փառամոլության գինն էր դա:

Բայց, ամենաքիչը Փաշինյանին հողատու անվանելու իրավունք ունի հենց Ռոբերտ Քոչարյանը, որովհետև պակաս հողատուն էլ ինքը չէ: 

Երբ սկսում ես փաստերի լեզվով խոսել և տրամաբանել, ապա գալիս ես մի եզրահանգման. ոչ ոք այդքան վնաս չի հասցրել Հայաստանին ու Արցախին, որքան՝ Ռ. Քոչարյանը: Այդ հարցում մենակ Նիկոլը կարող է նրա հետ մրցակցել:

Եթե Նիկոլը հողեր է հանձնել, ապա Ռոբերտ Քոչարյանը՝ Հայաստանի տնտեսական անկախությունը, որը մեր պետականության ողնաշարն էր:

Մինչև Քոչարյանի՝ Հայաստանը գալը, գազաէներգետիկ համակարգի բոլոր օբյեկտները պատկանում էին Հայաստանի Հանրապետությանը. ատոմակայանը, հիդրոէլեկտրակայանները, ջերմաէլեկտրակայանները, բաշխիչ ցանցերը, գազախողովակաշարերը, ավիացիոն ոլորտը, ամեն ինչ: Այս ամենն՝ իր ամբողջությամբ, ապահովում էր մեր տնտեսական անկախությունը: Հիմա դրանցից ոչ մի բան Հայաստանին չի պատկանում:

Հերթով ներկայացնենք, թե ինչպես ստացվեց:

Հայկական ավիացիան

Հայկական ավիացիան ամենադինամիկ զարգացող ոլորտներից մեկն է, պետության խոշորագույն հարկատուներից մեկը, ամենաշատ շահույթ ապահովողներից մեկը: Բավական է ասել, որ 1996-ին ավիացիան ապահովել է բյուջեի 20 տոկոսը: Երեք ավիաընկերություն կար: Ընդամենը մի տարում Քոչարյանն այն սնանկացրեց, հետո այն բաժանեց իր մերձավորների միջև. բորտ սնունդ, վառելիքի մատակարարում, ամեն ինչ: Հայկական ավիացիան դադարեց գործելուց: Սրա հետևանքները զգացնել տվեցին 2020-ի պատերազմում, երբ մենք չունեինք սեփական ավիաընկերություն, որ դրսից զենք բերեինք: Ինքնաթիռ չունեինք: Մի բան, որը Ադրբեջանի շահերից էր բխում: 

Գազաէներգետիկ համակարգը
 
2002թ. էլէներգիայի պետական չորս ցանցերի՝ «Երևանի էլեկտրական ցանցեր», «Հյուսիսային էլեկտրական ցանցեր», «Հարավային էլեկտրական ցանցեր» և «Կենտրոնական էլեկտրական ցանցեր» ընկերությունների միավորման արդյունքում ստեղծվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը (ՀԷՑ-ը) և նույն թվականին այն վաճառվեց բրիտանական «Midland Resources Holding»-ին, որը, ինչպես հետո պարզվեց, իրականում ռուսներին պատկանող ընկերություն էր: 2006-ին դա փաստացի ամրագրվեց, երբ ՀԷՑ-ի սեփականատերը փոխվեց. այն ձեռք բերեց ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» խումբը։

2015-ին «Տաշիր» ընկերությունների խումբը ձեռք բերեց ՀԷՑ-ի ակտիվները։ ՀԷՑ-ի պաշտոնական կայքում նշվում է, որ 2017-ի ապրիլից ընկերության 70% բաժնետեր է հանդիսանում «Տաշիր կապիտալ» ընկերությունը, 30%-ի բաժնետերը` «Liormand Holding Limited» ընկերությունը։

1997թ. օգոստոսի 30-ին ստեղծված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 45%-ը պատկանում էր  ՀՀ կառավարությանը: 1997թ. սպառողների համար 1 խ/մ գազի սակագինը 51 դրամ էր:  Սակայն, ժամանակի ընթացքում, այս 45%-ը փուլ առ փուլ հանձնվեց ռուսական «Գազպրոմ»-ին:

05.11.2002. Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Իլյա Կլեբանովը և Սերժ Սարգսյանը ստորագրեցին «գույք պարտքի դիմաց» համաձայնագիրը, ըստ որի՝ 100 մլն դոլար պարտքի դիմաց Հայաստանը ՌԴ-ին է փոխանցում «Մարս» գործարանը, Հրազդանի ՋԷԿ-ը, Նյութաբանության ինստիտուտը, Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ձեռնարկությունը։

Համաձայնագրով նախատեսվում էր, որ հայկական ձեռնարկությունները ռուսներին կփոխանցվեն մինչև 2003թ. մարտի 31-ը։ Առ այսօր Ռ. Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն տվել այն հարցի պատասխանը, թե այդ պարտքը որտեղից գոյացավ: Մենք հանգիստ կարող ենք ասել. յուրացրել են: 

2003 թվական. Քոչարյանը գույքի դիմաց Ռուսաստանին հանձնեց հայկական ատոմակայանը:

17.01.2004. Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին հարկային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքը։

11.03.2005. «Հայռուսգազարդ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը գաղտնազերծեց «Հայռուսգազարդի» կանոնադրական կապիտալի որոշ մանրամասներ։ Կազմակերպության հիմնադիրները 45-ական տոկոսով ՀՀ կառավարությունն ու ռուսական «Գազպրոմն» են, և 10 տոկոսով՝ «Իտերա» միջազգային կազմակերպությունը։

13.12.2005. Առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Գևորգ Վարդանյանը հայտարարեց, որ եթե նույնիսկ Ռուսաստանը թանկացնի Հայաստան մտնող գազի սակագինը, կառավարությունը երբեք թույլ չի տա երկրի ներսում կտրուկ տատանում, «Հայռուսգազարդում» ունեցած բաժնեմասի հաշվին փուլայինի կվերածի թանկացումը։ Խոսելով Իրան-Հայաստան գազամուղի կառուցման մասին, որը 1500 մմ խողովակից դարձավ 700 մմ, նշեց. «Լավ գիտեք, որ Ռուսաստանը չէր ցանկանա` մենք ունենայինք այլընտրանքային խողովակ»։

06.04.2006. «Գազպրոմը» հաղորդագրություն տարածեց, որ ՀՀ կառավարության և «Գազպրոմի» միջև կնքվելու են պայմանագրեր` «գազային ոլորտի օբյեկտների» և Հրազդանի ՋԷԿ-ի 5 էներգաբլոկը ռուսական կողմին վաճառելու մասին պայմանագրեր։ Հաղորդագրության մեջ բառացիորեն նշված էր. «Հայաստանը «Գազպրոմին» է տալիս ոչ միայն 5-րդ բլոկը, այլև կառուցվող 40 կմ Մեղրի-Քաջարանը և 192 կմ Հայաստան-Իրան գազամուղը։ Հաջորդ օրը «Գազպրոմի» կայքում հաստատվեց, որ ՀՀ-ն ՌԴ-ին է տվել նաև գազի ոլորտի այլ օբյեկտներ, որոնք կազմում են 82 տոկոսը։ Այսինքն՝ «Հայռուսգազարդի» 82 տոկոսը պատկանում է «Գազպրոմին», ինչը նշանակում էր, որ ՀՀ-ն վետոյի իրավունք չունի «Գազպրոմի» որոշումների նկատմամբ։ Օբյեկտների հանձնումը ռուսական կողմին պետք է տեղի ունենա մինչև 2007թ. հունվարի 1-ը։ Ըստ «Գազպրոմի»՝ ՀՀ-ն և «Գազպրոմը» կնքել են` 25 տարի ժամկետով համագործակցության պայմանագիր։ Այն ամրագրում է, որ Հայաստանին վաճառվող գազի սակագինը մինչև 2009թ. հունվարի 1-ը կազմելու է 110 ԱՄՆ դոլար` 1000 խորհանարդ մետրի դիմաց։

27.10.2006. «Գազպրոմի» տնօրենների խորհուրդը հավանություն տվեց «Հայռուսգազարդի» լրացուցիչ բաժնետոմսերի ձեռքբերման գործարքին, որի արդյունքում «Հայռուսգազարդի» կանոնադրական կապիտալում «Գազպրոմի» բաժնեմասը 45%-ից կհասներ 58%-ի։ «Հայռուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով այն մտահոգություններին, որ Հայաստանի էներգետիկ ոլորտի 70-80 տոկոսը կուտակվում է մի երկրի ձեռքում, Իրան-Հայաստան գազատարն էլ է անցնում «Գազպրոմին», և Ռուսաստանը բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթն ունենալով՝ կարող է ցանկացած պահի փակել Հայաստան մտնող բոլոր գազախողովակները, հայտարարեց. «Սեփականատերերի ազգը, գույնը կապ չունի, եթե պետությունը արդյունավետ կառավարում է ուզում, պետք է օտարի»։

21.03.2007. ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը պատասխանելով այն հարցին, թե իրանական գազը որքանո՞վ կնպաստի մեր էներգետիկ անկախացմանը, երբ ՀՀ իշխանությունները հայ-իրանական գազամուղը նույնպես պատրաստվում են տրամադրել ՌԴ-ին, ասաց. «Հայ-իրանական գազամուղը դա հայ-իրանական նախագիծ է։ Դրա մեջ այլ մասնակցություններ չկան»։

20.09.2007. Իրանի գազի ազգային ընկերության գլխավոր տնօրեն Սեիդ Ռեզա Կազայիզադեն հայտարարեց, որ «Իրան-Հայաստան գազատարի խողովակաշարի կառուցման, տեղադրման աշխատանքները ավարտել են, և այժմ իրանական կողմը սպասում է «հայկական կողմի ազդանշանին` Հայաստան գազ առաքելու համար»։ Իրանը ակնկալում էր օրական 3 միլիոն խորանարդ մետր գազ առաքել Հայաստան։ Սրան ի պատասխան, ՀՀ Էներգետիկայի նախարարությունը հայտարարեց, որ «Լրացուցիչ գազի ծավալ այսօր Հայաստանին անհրաժեշտ չէ, և այդ պատճառով Հայաստանն առայժմ չի վերցնում իրանական գազը»։ Այսինքն՝ իրեն երկրի միակ տղամարդ համարող Ռոբերտ Քոչարյանը այդպես էլ մի գրամ համարձակություն չունեցավ գոնե հայ-իրանական գազա-էներգետիկ համագործակցությունում ինքնուրույնություն դրսևորել: Ռուսները մի հատ մատ թափ տվեցին, տեղում սսկվեց:

Այս գործարքների արդյունքում՝ 2008թ. «ՀայՌուսագազարդ»-ի՝ ՀՀ-ին պատկանող բաժնեմասը կազմում էր 20%, ինչն էլ 2013թ. վաճառվեց «Գազպրոմին» և «ՀայՌուսագազարդ»-ը վերանվանվեց «Գազպրոմ Արմենիա»: Այսպիսով՝ Հայաստանը վերջնականապես կորցրեց այս ոլորտում իր վերահսկողությունը։  

2013թ. Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված համաձայնագրով՝ բացի ռուսական կողմին «ՀայՌուսգազարդ»-ի՝ Հայաստանին պատկանող վերջին 20% բաժնեմասի վաճառքից, սույն փաստաթղթով ամրագրվել է նաև, որ Հայաստանը պարտավորվում է մինչև 2043թ. որևէ այլ երկրից գազ չգնել, ինչպես նաև ռուսական գազը չարտահանել երրորդ երկիր։ Այս փաստը, ինչպես նաև մինչ այդ տեղի ունեցած գործարքները, էներգահամակարգի մաս-մաս հանձնումը Ռուսաստանին, վերացրեց Հայաստանի էներգետիկ անկախությունը։

Այսինքն՝ այս մարդը Հայաստանի տնտեսական անկախությունը տարիներ շարունակ, սիստեմատիկաբար, նպատակաուղղված, հանձնել է, տվել է, նվիրել է՝ իր ենթակառուցվածքներով, տարածքներով: Սրան գումարած, հանձնել է նաև ռազմաարդյունաբերական նշանակության մի շարք ձեռնարկություններ, որոնք մեր բանակի զարգացման համար կարող էին մեծ դեր ունենալ: Ու այդ ամենը՝ կապիտուլյացիոն պայմաններով: Այսինքն՝ բացի հողատու լինելուց, նաև կապիտուլյանտին բնորոշ քաղաքականություն է իրականացրել: Ու հիմա սա՝ Նիկոլի հետ միասին, մրցավազքի մեջ են, թե ով ավելի շուտ ու էֆեկտիվ կերպով վարի կտա այն, ինչ մնացել է Հայաստանից ու Արցախից: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ