...

Իսկ գերիները մնացին փշալարերից կախված

Իսկ գերիները մնացին փշալարերից կախված

Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձում ոչինչ չկար գերիների մասին։ Համարյա ամեն ինչից ՀՀ վարչապետը խոսեց, բացի գերիներից։ Եվ հենց նրա ելույթի պահին, կառավարության շենքի մոտ Ամանորն էին դիմավորում Հադրութի շրջանից գերեվարված պահեստազորայինների ծնողները։ Տղաներին Հադրութ էին տարել Շիրակից։ Նրանցից շատերն այսօր ողջ են, Բաքվի բանտերում են՝ գերության մեջ։ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում, թեկուզ պոպուլիստական սկզբունքից ելնելով, չխոսեց գերիների մասին։ Գուցե նա՞ էլ կիսում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն կարծիքը, որ գերիները դավաճան են ու այլևս մեռած են իրենց համար։ Մինչդեռ այսօր պաշտոնական վերջին տվյալներով (ըստ «Ազատություն» ռադիոկայանի), ադրբեջանական բանտերում պահվում է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո գերեվարված 46 հայ գերի, նրանց թվում՝ եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված Խծաբերդի ու Հին Թաղերի 62 պահեստազորայինների մի մասը։ 

Եվ նորից պետք է ընդգծել՝ այսօրվա կարևորագույն հարցերից են գերիները։ Պետությունը չի կարող հրաժարվել իր քաղաքացիներից ու նրանց հռչակել մեռելներ։ Նիկոլ Փաշինյանին որևէ մեկը մինչ այսօր հարց չի տվել՝ համաձա՞յն է նա ԱԺ նախագահի տեսակետին գերիների մասով, թե՞ ոչ։ Խորհրդարանական ընդդիմությունն էլ չի տվել այս հարցը։ Մի տեսակ բոլորը փոխհամաձայնեցված լռում են։ Ընդդիմադիրները երևի շատ վեհանձն են և չեն ուզում թշնամու ջրաղացին ջուր լցնել, իսկ իշխանությունը խաղաղության դարաշրջանի պատրաստությունների մեջ է։ Իսկ գերինե՞րը։ Իսկ գերիները թող մնան փշալարերից կախված։ Եթե կարծում եք՝ կոպիտ է հնչում, սխալվում եք։ Սա հենց այն պատկերն է, որտեղ արտացոլված են բոլոր կողմերը՝ գերիները, իշխանությունն ու ընդդիմությունը։

Գոհար Վեզիրյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2421 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ