Այն, որ նիկոլական իշխանական համակարգն իր մարդկային-բարոյական նկարագրով առանձնապես շատ չի տարբերվում «նախահեղափոխական» երկու տասնամյակների համակարգից՝ հասկանալի է։ Դեգրադացիան, իհարկե, խորացել է, դերակատարները փոխվել են, բայց մեծ հաշվով՝ էությունը նույնն է մնացել։ Պարզապես նախկինում բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախարարներով, պատգամավորներով-բանով, շեֆին դուր գալու համար բասկետբոլ էին խաղում կամ եռագույն «մայկա-տռուսիկով» մասնակցում «Բազե»-ներին, իսկ հիմա հեծանիվ են քշում կամ տրտինգ տալիս «Վարչաբենդի» աղմուկի ներքո, առաջ հատուկ ծառայություններն ու իրավապահները կոմպրոմատներ էին հավաքում և շինծու դատավարություններով «փակում» ընդդիմությանը (հիշեք, օրինակ, թե 2008-ի մարտի 1-ից հետո քանի հարյուր հոգու էին կալանավորել անհեթեթ մեղադրանքներով, կամ 2015-ին քանի տասնյակ ԲՀԿ-ականներ միանգամից հռչակվեցին թմրավաճառներ ու կավատներ), իսկ հիմա այդ նույն կառույցները ճիշտ նույն մեթոդներով գործում են Եկեղեցու և ընդդիմության պոտենցիալ լիդերների դեմ, համայնքապետարաններն առաջ իշխանական հանրահավաքների համար էին գլխաքանակ ապահովում, հիմա՝ կեղծ պատարագների կամ «դեպի Կիրանցի պատ էքսկուրսիաներ կազմակերպելու» համար, և այսպես շարունակ։ Եվ ընդհանրապես՝ բովանդակային առումով մեծ տարբերություն չկա նիկոլական դիսկոտեկների ու ֆեստիվառների և պայմանական «էշերի սպարտակիադաների» միջև։
Իսկ ահա սեփական իշխանությունը պահպանելու բիզնես-մոդելը սկզբունքորեն փոխվել է։ Եթե մի նախադասությամբ ձևակերպենք՝ նախկինում շեշտը դրվում էր ժողովրդին կաշառելու և ահաբեկելու վրա, իսկ հիմա՝ խաբելու և հիմարացնելու վրա։ Նախկին բիզնես-մոդելը մոտավորապես այսպիսին էր՝ իշխանությունները տարբեր մեխանիզմներով կաշառում էին, օրինակ, 300-400 հազար ընտրողների և այդպիսով ապահովում անհրաժեշտ ձայները։ Ընդ որում՝ մարդկանց հիմարացնելու գործոնը գրեթե զրոյական էր․ այդ 300-400 հազարը շատ լավ գիտեին, որ իրենց կաշառում են ու հետո այդ ծախսածի հարյուրապատիկը հենց իրենցից էլ «քերելու են», բայց մտածում էին, որ միևնույն է՝ ոչինչ փոխել չեն կարող, և առաջնորդվում էին «շնից մազ պոկելն է՛լ ա քյար» սկզբունքով։ Իսկ ահա նիկոլական իշխանությունը որոշեց միանգամայն այլ մենեջմենթ կիրառել․ ինչո՞ւ այդքան փող ծախսել և 300-400 հազար հոգու ընտրակաշառք բաժանել, եթե կարելի է այդ գումարի կեսի կեսով 3-4 հազար ֆեյք ու լավ վճարվող քարոզիչ բուծել և հիմարացնել ժողովրդին, ինչո՞ւ ամեն ընտրատարածքում ընտրողների շրջիկ խմբեր ձևավորել և «Գազելներով» տեղափոխել տեղամասից տեղամաս, եթե կարելի է այդ գումարի կեսի կեսով շրջիկ «պատարագչիների» կամ «դիսկոտեկչիների» խմբեր ձևավորել, իսկ 3-4 հազար ֆեյքերն ու լավ վճարվող քարոզիչները տպավորություն կստեղծեն, թե իրականում ժողովուրդը Նիկոլի հետ է, սիրում է նրան, խաղաղությունն արդեն եկել է, բոլորը երջանիկ են, և այլն։
Փոխվել է նաև ուժային կառույցների և դատաիրավական համակարգի ֆունկցիան։ Նախկինում այդ կառույցների հիմնական գործառույթն էր՝ ապահովել, որ ընտրակեղծիքների համակարգն անխափան գործի, և ուժով ճնշել հնարավոր ընդվզման օջախները։ Իսկ հիմա գործառույթն այլ է՝ ապահովել, որ ժողովրդին հիմարացնելու գործընթացը «հալած յուղի պես» ընթանա, և նույն կոշտ մեթոդներով չեզոքացնել բոլոր նրանց, ովքեր կփորձեն ասել ճշմարտությունը և բացել մարդկանց աչքերը։ Սա և՛ ավելի էժան է, և՛ ավելի «անշառ»։ Ավելի լավ է մարդկանց հիմարացնես, որպեսզի նրանք «իրենց խոդով» ընտրեն օրվա իշխանություններին, քան բացահայտորեն կեղծես ընտրություններն ու հետո ստիպված լինես կրակել սեփական ժողովրդի վրա։
Մի խոսքով՝ որպես բիզնես-մոդել սա շատ ավելի ձեռնտու է։ Բայց մի «փոքրիկ հարակից բացասական էֆեկտ» ունի՝ հընթացս հասարակության դեգրադացիան խորանում է ահագնացող տեմպերով, և ինչ-որ պահի այդ պրոցեսը կարող է անդառնալի դառնալ։
Մարկ Նշանյան