...

Կառավարության ուսերին է ամբողջ պատասխանատվությունը

Կառավարության ուսերին է ամբողջ պատասխանատվությունը

Ամուլսարի պաշտպանները սեպտեմբերի 20-ը հռչակել են բնապահպանական մոբիլիզացիայի եւ արդարության օր: Օրակարգը հագեցած է լինելու:  Բազմաթիվ միջոցառումներով  բնակչությանը կիրազեկեն  Հայաստանում բնապահպանական  խնդիրների,  հանքարդյունաբերության բացասական հետեւանքների մասին:  Խնդիրների մասին  հասարակությանը կիրազեկեն տարբեր ձեւաչափերով՝ ֆլեշ մոբերով,  խորհրդանշական ակցիաներով: Ամուլսարի պաշտպանությանը կմիանան նաեւ ավտոերթով, հեծանիվներով եւ մոտոցիկլներով:  Կլինի նաեւ «Ամուլսարի պաշտպանությունը՝ ամեն տնից» ակցիա.  #SaveAmulsar գրություններով դրոշներ եւ պաստառներ կկախվեն ամեն տան պատուհաններից:

Տարաբնույթ միջոցներով կխոսեն նաեւ Կլիմայական ճգնաժամի, բնապահպանական աղետների մասին, բայց ուշադրության կենտրոնում լինելու է Ամուլսարն ու նրա շուրջ ստեղծված վիճակը:

Հենց այդ օրը Ջերմուկի բնակիչները եւ բնապահպանները նշանակել են երկրի կառավարության համար այն վերջնաժամկետը, երբ որոշում պետք է կայացվի Ամուլսարի մասին։

«Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության» անդամ Աննա Շահնազարյանը  «ՉԻ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ  պահանջելու են  դադարեցնել Ամուլսարի  հանքային ծրագիրը, ինչի համար գիտական ու իրավական հիմքեր կան: Բնապահպան ակտիվիստը կրկին պնդեց, որ հանքի ծրագիրն անօրինական է եւ աղետաբեր:

«Եթե «Էլարդի» հիմնական եզրակացությունն  այն է, որ «Լիդիանը» թերագնահատել է բացասական ազդեցությունը, ապա դրա տողատակում երեւում է, որ բացասական ազդեցությունն ահռելի է: Նույն «Էլարդի»  ցեկույցի մեջ դրանք  մանր տառերով գրված են: Ընդհանուր եզրակացությունը շատ ավելի մեղմ է, քան այն, ինչ որ գրել են զեկույցի էջում: Այսքանից հետո կառավարության ուսերին է ամբողջ պատասխանատվությունը  սուտ տեղեկությունների տարածման համար»,- շեշտեց նա:

Բնապահպանը սուտ է որակում  կառավարության այն հիմնավորումը,  թե Ամուլսարը փակելու հարցում  իրավական  հիմքեր չկան: Նա մեկ այլ հայտարարությունն էլ է մանիպուլյացիոն համարում:

«Սուտ է  նաեւ այն, որ ասում են, թե հանքը պետք է շահագործվի, որովհետեւ ազգային անվտանգության եւ պատերազմի խնդիր ունենք: Անառարկելի փաստ է, որ հանքը լուրջ բնապահպանական խնդիրներ է ստեղծելու: Ես որպես քաղաքացի իմ կյանքի, գոյատեւման, իրավունքի հարցն եմ  լուծում եւ այդ հարցը ոչ բռնի եղանակով եմ լուծում՝ Սահմանադրությամբ ինձ տրված բոլոր լիազորություններով: Ես եմ որոշում, թե կառավարությունն ինչ պետք է անի: Եթե կառավարությունն ուրիշ բան է անում, դա իր պատասխանատվությունն է»,- նշեց Աննա Շահնազարյանը:

Ըստ նրա՝ Ամուլսարի հարցն այսօր Ջերմուկի տարածքից դուրս է եկել: Անկախ վարչապետի Ամուլսարը ապաշրջափակելու կոչի՝ բնապահպանը պնդում է, որ պայքարելու են մինչեւ վերջ:

Հավելենք, որ Հայկական բնապահպանական ճակատը բնապահպանական մոբիլիզացիայի օրվա մեկնարկը տալու է Մաշտոցի պուրակից, ժամը 13։00-ին: Արդեն 18։30-ին Երեւանում միջոցառումներ անցկացնող բոլոր խմբերը կմիանան  Օպերայի մոտ, որտեղից կսկսվի երթը։

Հանքարդյունաբերության դեմ բողոքի գործողություններ կլինեն նաեւ հանրապետության ազդակիր համայնքներում: Ալավերդիում, Կապանում եւ այլ վայրերում, որոնք հանքարդյունաբերության հետեւանքներն իրենց մաշկի վրա զգում են,  բողոքի նոտա կհղեն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   5135 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ