Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե «Առաջարկ Հայաստանին» գաղափարը Նոյյան տապանի պես մի բան է, որովհետև միայնակ փրկվել հնարավոր չէ։ «Ես մտադիր եմ իսկապես քաղաքական, հանրային Նոյյան տապան ստեղծել», ասել է նա՝ ավելացնելով, որ հենց այդ ձևաչափով էլ պատրաստվում են մասնակցել առաջիկա ընտրություններին։
«ՉԻ»․ Նոյյան տապանի գաղափարն իսկապես լավն է։ Առավել ևս՝ որ իջնելու տեղը կա (Հատիս լեռը), ագռավի ու աղավնու թեկնածությունների հարցում էլ հաստատ դժվարություններ չեն լինի։
Այլ հարց է, որ աստվածաշնչյան ջրհեղեղի հետևանքով փրկվել են միայն Նոյն ու իր ընտանիքը, իսկ մնացյալ մարդկությունը ոչնչացել է, այնպես որ՝ համեմատությունը, մեղմ ասած, հազիվ թե դուր գա պրն Ծառուկյանի տապանում տեղ չգտած ու դրանով իսկ ոչնչացման դատապարտված մարդկանց, այսինքն՝ Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությանը։
Իսկ եթե պրն Ծառուկյանը համարում է, որ Հայաստանին այնպիսի մասշտաբային աղետ է սպասվում, որ տապան կառուցելու ժամանակն է, ապա կարող ենք ավելի արդյունավետ լուծում առաջարկել։ Կարելի է շատ ավելի փոքր տապան կառուցել և այնտեղ տեղավորել ոչ թե բոլոր արժանավորներին, այլ ընդամենը մի քանի ՔՊ-ականների՝ արու և էգ։ Իսկ հետո դուռը դրսից փակել և նավն իջեցնել Արաքս գետը։ Թող «իրա խոդով» հանգիստ լողա հայոց մայր գետի ալիքների վրա, ԹՐԻՓՓ-ով անցնի ու հասնի մինչև․․․ Դե երևի գիտեք, թե որտեղ է լցվում Արաքսը։ Եվ վերջ, այդ դեպքում վստահաբար՝ ոչ ջրհեղեղ կլինի, ոչ էլ ազգովի փրկվելու անհրաժեշտություն կառաջանա։