...

Կաթողիկոսների խոսքում մի բան պակասում էր

Կաթողիկոսների խոսքում մի բան պակասում էր

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արամ Ա կաթողիկոսը հանդես են եկել ուղերձներով, որտեղ Նիկոլ Փաշինյանին կոչ են արել հրաժարական տալ:

Գարեգին Բ-ն իր խոսքում ասել է. «Մենք հանդիպում ունեցանք նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Թելադրված երկրի առջև ծառացած և ահագնացող ներհասարակական լարվածությամբ, արտաքին և ներքին լուրջ մարտահրավերներով և վարչապետի անձի նկատմամբ հանրային վստահության պակասով՝ հայրաբար հորդորեցինք հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները»։

Արամ Ա կաթողիկոսն իր խոսքում նշել է. «Այս սկզբունքներից ու հանձնառությունից մղված՝ շուրջ երկու տարի առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց Հայաստանի իշխանության ղեկը։ Ներկա ճգնաժամային պայմաններում կոչ ենք անում, որ նույն սկզբունքներից ու հանձնառությունից ելնելով՝ վարչապետ Փաշինյանը որոշի հրաժարվել վարչապետությունից՝ Ազգային ժողովին հնարավորություն տալով սահմանադրական կարգն ու գործընթացը հարգելով նոր վարչապետ ընտրել։

Մենք ակնկալում ենք, որ նոր ընտրված վարչապետի գլխավորությամբ կազմված համաձայնության անցումային կառավարությունն առաջնահերթ կլինի ԱԺ արտահերթ ընտրությունների շուտափույթ կազմակերպումը»:

«ՉԻ». Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայ եկեղեցու երկու առաջնորդների մտահոգությունը լիովին հասկանալի է: 

Բայց հոգևոր հայրերի խոսքում մի բան բացակայում է, և դա էլ մեզ է մտահոգում: Այն, որ նույնքան հայրաբար ընդդիմությանը կոչ չեն արել և չեն հորդորել զերծ մնալ ամեն գնով իշխանությունը վերցնելու, արյուն թափելու, բախումների գնալու և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու հայտարարություններից: Օրինակ, չեն տեսնո՞ւմ, թե այդ ընդդիմության կողմից առաջնորդ հռչակվածը ինչ հայտարարություններ է անում:

Դա Լևոն Տեր-Պետրոսյանը չէ, որ պիտի ասեր, այլ հենց՝ Կաթողիկոսները: Թե չէ Առաջին նախագահը խոսք է ասում, ընդդիմադիրների «ֆազերը» գցում է, սկսում են զառանցել: Նույն ոճով, նույն մտահոգությամբ Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն պետք է իշխանություններին և ընդդիմությանը կոչ անեն բացառապես խաղաղ ճանապարհով, Սահմանադրության ոգուն և տառին համապատասխան, լուծում գտնեն ստեղծված իրավիճակից և բանը չհասցնեն բախումների: Թե չէ ստացվում է, որ մեր հոգևոր հայրերը միացել են ընդդիմությանը:

Հա, մեկ էլ, լավ կլիներ, թեկուզ ներքին կարգով՝ Շիրակի թեմի առաջնորդին բացատրեին, որ մի քիչ քրիստոնեական շրջանակների մեջ մնա: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1630 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ