ՀՀ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, որով նախատեսվում է պատասխանատվության ենթարկել Կաթողիկոսին՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի որոշումը չկատարելու և Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատելու համար։
«ՉԻ»․ Մեծ հավանականությամբ՝ առաջիկայում Կաթողիկոսի նկատմամբ նաև խափանման միջոց կընտրվի, և նրան կարգելվի բացակայել բնակության վայրից։ Կաթողիկոսի ոտքին տեղորոշման «բրասլետ» կհագցնեն, թե ոչ՝ դժվար է ասել, բայց նպատակն ակնհայտ է՝ թույլ չտալ, որ Ավստրիայում նախատեսված եպիսկոպոսաց ժողովը կայանա։
Փաստացի՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է պատանդ պահել Գարեգին Բ-ին, բայց գերիների և պատանդների հարցերով զբաղվող միջազգային կառույցները հազիվ թե զբաղվեն այս հարցով։ Տվյալ դեպքում պատանդների փոխանակման տարբերակը նույնպես չի կարող գործել, որովհետև Եկեղեցին չի կարող պատանդ վերցնել որևէ ՔՊ-ականի և առաջարկել համարժեք փոխանակում։ Իսկ ահա գրավի դիմաց խափանման միջոցը փոխելու տարբերակը կարող է իշխանությունների սրտով լինել։ Որպես գրավ կարող են ընդունել, օրինակ, Մայր Աթոռի թանգարանի ցուցանմուշները (լոմի գնով) կամ, ասենք, Սևանավանքը (հոյակապ հյուրանոցային համալիր կստացվի)։