Երբ գյուղացին մտնում է հավանոց՝ հավերից մեկին բռնելու, մյուս հավերն ահավոր կչկչոց են բարձրացնում, ինչը, բնականաբար, գյուղացուն ոչնչով չի խանգարում։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության շուրջ լրատվամիջոցներում ու սոցկայքերում բարձրացած աղմուկը հենց այդ կչկչոցն է, որը, ի դեպ, կամա թե ակամա նպաստում է իշխանությունների հիմնական նպատակին՝ հասարակությանն ահաբեկելուն։
Եվ իսկապես էլ՝ երկրով մեկ այնպիսի աղմուկ է բարձրացել, ասես Նիկոլն ինչ-որ անսպասելի, չտեսնված-չլսված բան է արել։ Ո՞վ չգիտեր, որ Վարդան Ղուկասյանը վաղ թե ուշ հայտնվելու է բանտում։ Դեռ Գյումրիի ավագանու ընտրությունների նախօրեին էինք ասել, չէ՞, որ ընդդիմությունը փաստացի ոչ թե քաղաքապետի պաշտոնի համար է պայքարում, այլ «բերդի պուծյովկի», որովհետև ի սկզբանե պարզ էր՝ ՔՊ թեկնածուից բացի ով էլ քաղաքապետ դառնա, հայտնվելու է բանտում։ Ընդ որում՝ սա շարունակական գործընթաց է, և ՔՊ «գլխավոր հովանավորն» անգամ խաղադրույքներ կարող է ընդունել, թե ո՞վ է լինելու հաջորդը՝ կաթողիկո՞սը, թե՞, օրինակ, «մեր ձևով»-ական վերնախավը։
Տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանի «նոու-հաուն» այն է, որ նա նախապես է անում այն, ինչն իր նախորդներն անում էին միայն ընտրություններից հետո, ընդ որում՝ ո՛չ այսքան լկտիորեն։ Առաջ (2003-ին, 2008-ին, 2013-ին) ինչպե՞ս էր։ Իշխանությունները կեղծում էին ընտրությունները, ընդդիմությունը մարդկանց դուրս էր բերում փողոց, հետո արդեն տեղի էին ունենում զանգվածային ձերբակալությունները, «մասկի-շոուները», շինծու մեղադրանքներով կեղծ դատավարությունները, և այլն։ Իսկ Նիկոլն այդ ամենը նախապես է անում։ Ինչո՞ւ սպասել, որ ընտրություններ լինեն, իրենք էլ մտածեն, թե ոնց կեղծեն, զայրացած ժողովուրդն էլ լցվի փողոցները, եթե կարելի է նախապես ասֆալտին փռել շատից-քչից հեղինակավոր ընդդիմադիրներին, ժողովրդին վախեցնել՝ երկրում իրավական ամենաթողության ու տեռորի մթնոլորտ ստեղծելով, քաղաքական դաշտից «դուրս շպրտել» բոլոր այն ուժերին, որոնք կարող են բողոքի ալիք գեներացնել, ու միայն դրանից հետո գնալ ընտրությունների՝ արդեն «խախանդ» մթնոլորտում։
Իսկ ինչո՞ւ «խախանդ»։ Որովհետև իշխանական տոտալ քարոզչությամբ ու ֆեստիվառների հարայ-հրոցով բթացված «սիրելի ժողովուրդը», ճիշտ է, նիկոլական հերթական աներևակայելի լկտիության արդյունքում երբեմն-երբեմն ժամանակավորապես թոթափում է թմբիրը, բայց դա, որպես կանոն, տևում է առավելագույնը մեկ-երկու շաբաթ։ Հետո իշխանությունները տալիս են հերթական «կուտը» (օրինակ՝ իբր արդեն իսկ վրա հասած խաղաղության մասին), կազմակերպվում է հերթական ֆեստիվառը, ներարկվում է գեբելսյան քարոզչության հերթական դոզան, հրահրվում է ընդդիմադիր ուժերի միջև գզվռտոցի հերթական փուլը, և վերջ․ նախորդ լկտիությունները մոռացվում են։ Դա էլ մե՛ր յուրօրինակ «հիմա ո՞վ է հիշում հայերին»-ն է՝ հիմա ո՞վ է հիշում Միքայել Աջապահյանին կամ Բագրատ Գալստանյանին։ Ճիշտ այդպես էլ՝ կաթողիկոսի ձերբակալությունից հետո ո՞վ է հիշելու, ասենք, Սամվել Կարապետյանին։ Իսկ հետո, օրինակ, «Թրամփի ուղու» մանրամասները կհրապարակվեն, կպարզվի, որ իսկապես էլ մեր տրամադրածն արտատարածքային միջանցք է, ու կաթողիկոսին կմոռանան, մի քիչ աղմուկ կբարձրացնեն, բայց նոր ֆեստիվառ կկազմակերպվի, Նիկոլը ձեռքի մատներով ա՛յլ կոմբինացիա ցույց կտա, ու կմտնենք նույն ցիկլի մեջ։ Սա՛ է։
Կարող է հարց առաջանալ՝ «բա լա՛վ, ի՞նչ եք առաջարկում»։ Ոչ մի բան էլ չենք առաջարկում, թող առաջարկեն նրանք, ովքեր ամիսներ շարունակ հոխորտում էին, թե Վարդան Ղուկասյանը ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետ է։ Բա ո՞ւր է այդ ժողովուրդը։
Մարկ Նշանյան