...

Մղձավանջ հանձնաժողովային մեր օրերում

Մղձավանջ հանձնաժողովային մեր օրերում

Եվ այսպես, նոյեմբերի ՈւԹԻՆ վերջապես տեղի է ունեցել Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողովի առաջին նիստը: Նիստը նախագահել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նիստին չեն քննարկվել մանրամասներ առ այն, թե ինչու և ինչպես հոկտեմբերի ՏԱՍՆՀԻՆԳԻՑ առ այսօր ՀՀ կառավարությանը, նույն ինքը` Արայիկ Հարությունյանին, նույն իրենք` հանձնաժողովի անդամ պետական այրերին, այսինքնՍ նույն ինքը` վարչապետ Փաշինյանին`

Ա. Ոչ մի կերպ չի հաջողվում հրապարակավ ու պաշտոնապես, գրավոր ցավակցել Սիրադեղյանի ընտանիքին, մերձավորներին ու հարազատներին,

Բ. Ոչ մի կերպ չի հաջողվում Սիրադեղյանի աճյունը Հայաստան վերադարձնել,

Գ. Ոչ մի կերպ չի հաջողվում չխանգարել, որպեսզի Սիրադեղյանի ընտանիքը և հարազատները աճյունը Հայաստան վերադարձնեն,

Դ. Ոչ մի կերպ չի հաջողվում հասկանալ, թե որտեղ է հուղարկավորվելու Սիրադեղյանը,

Ե. Ոչ մի կերպ չի հաջողվում հրապարակավ տարբերակել ու ձևակերպել, թե ով է Սիրադեղյանը,

Զ. Ոչ մի կերպ չի հաջողվում (առհասարակ):

Այսինքն՝ նիստին, վերոգրյալ բոլոր ձախողումների նկատառմամբ` ըստ էության ոչինչ էլ չի քննարկվել, քանի որ Արայիկ Հարությունյանը և մյուս իպաշտոնե ներկաները հստակ պատկերացում և ցուցումներ չեն ունեցել վերոգրյալի մասին, այլ միայն՝ մոտավոր: Մասնավորապես` երբ քննվել է Կոմիտասի անվան պանթեոնում աճյունը թաղելու շրջանառված հանրային պահանջը, կրթությամբ բանասեր-արևելագետ Հարությունյանը, որ նաև պետհամալսարանի դասախոս է, հանուն հանձնաժողովի և ՀՀ կառավարության, պնդել է, որ Վանո Սիրադեղյանը գրող չէ… այն իմաստով, որ իրենք հիմա գրողին չեն թաղում, այլ պետական քաղաքական գործչին: Իրենք, պնդել է նա, իհարկե, այն կարծիքի են ԻՐԵՆՔ, որ Վանո Սիրադեղյանն, իհարկե, գրող է, բայց իրենք հիմա քաղաքական գործչի…

Թե այս գաղափարին ինչպես են արձագանքել հանձնաժողովում ընդգրկված, ՀՀ կառավարության կարծիքով` Վանո Սիրադեղյանի մտերիմները` ԲՏ նախարար Վ. Խաչատրյանը և լրա-գրող Վ. Դարբինյանը, մենք հստակ չգիտենք, բայց, դատելով ամեն ինչից` բարձր չեն արձագանքել:

Դա իր հերթին նշանակում է, որ Կոմիտասի անվան պանթեոնը ԻՐԵՆՔ չեն քննարկում, այլ քննարկում են, որ Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ) մի լրիվ առանձին տեղ հատկացնեն, ինչ-որ պատ տեղաշարժելով, որտեղ էլ, ուրեմն կամփոփեն աճյունը, այդպիսով, վերջապես դարակազմիկ լուծում գտնելով քաղաքական գործիչների (ենթա)գերեզմանոց ստեղծելու առումով:

Իհարկե, պիտի կարծիքներ հնչեին և հնչել են Կոմիտասի անվան պանթեոնում ոչ գրող ու ոչ արվեստագետ մի քանի պետական-քաղաքականների առկայության մասին, ինչին ԻՐԵՆՔ-ը պատասխանել է՝ մի քանի անգամ այդ հանգուցյալների անունները կրկնելով, դրանք զուգորդելով անհստակ բառապաշարով, ուր գերակա են եղել ժամանակաշրջան, հանգամանք, դեպք, իրավիճակ կարգի բառեր, բայց առկա չի եղել որևէ տրամաբանություն:

Նիստը ավարտվել է սկսած գործը ավարտին հասցնելու բարձր վճռականությամբ: Որոշվել է հանձնաժողովով գնալ Թոխմախի պանթեոն` նշյալ պատը տեղաշարժելու և առանձնակի, հատուկ տեղը ստեղծելու նկատառմամբ:

Նիստի ավարտին այդպես էլ պարզ չի դարձել, թե ինչու է հանձնաժողովը ստեղծվել նոյեմբերի ԵՐԵՔԻՆ և նիստ գումարել նոյեմբերի ՈւԹԻՆ, եթե ԻՐԵՆՔ-ը արդեն հոկտեմբերի ՏԱՍՆՅՈԹԻՆ ի պաշտոնե գիտեր Սիրադեղյանի մահվան մասին և հոկտեմբերի ՔՍԱՆԻՆ էր հայտարարել, թե կստեղծվի հանձնաժողովը: Նաև պարզ չի դարձել, թե Սիրադեղյանի աճյունը ինչու չի կարող նրա ծննդյան (և հոբելյանի) օրն արդեն` նոյեմբերի ՏԱՍՆԵՐԵՔԻՆ Հայաստանում լինել, այլ կլինի ավելի ուշ, ինչպես որ պարզ չէր դարձել, թե ինչ կապ ուներ ԻՐԵՆՑ` նոյեմբերի իննին Մոսկվա գնալ-չգնալու առիթով այս նիստի հետաձգումը մինչև օրս:

Մեր տեղեկությամբ, սույն զառամախտին ներկա է եղել Սիրադեղյանի կրտսեր որդին` Խաչատուրը: Մեր տպավորությամբ, սույն նիստը կազմակերպված է եղել և խաղարկվել է Սիրադեղյանի ընտանիքի և մերձավորների վրա պատշաճ ճնշում բանեցնելու նկատառմամբ, ինչը չի հաջողվել:

Խաչատուրին, Սիրադեղյանի տիկնոջը` Ռուզանին մենք կորով և տոկունություն ենք մաղթում, սգակցում ենք: Համոզված ենք` ընտանիքն ունի իր կամքն ու վճիռը, գիտի իր քայլերը` նկարագրված զառամախտին որևէ կերպ չառնչվելու և հայ բարձր մտավորականին ու պետական գործչին վերջապես պատվով և ըստ արժանվույն մայրենի հողին հանձնելու համար:

Կարեն Միքայելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2173 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ