...

Նիկոլ Փաշինյանի երազը


Կաբինետում կուչ եկած՝ հետևում է իր իսկ հրավիրած արտակարգ խորհրդակցության ընթացքին։ Աշխատասեղանին Չաուշեսկուի կիսանդրին է, Հայաստանի քարտեզի թիթեղյա մակետը՝ մկրատի հետ միասին, և ինչ-որ թոնրատան գովազդային բուկլետ՝ անվճար առաքման հեռախոսահամարներով։ Իսկ դրսում իրավիճակը խիստ լարված է, հրապարակում հավաքված մի քանի հարյուր հազար մարդիկ վանկարկում են «դա-վա-ճա՛ն», ու վտանգ կա, որ ամեն վայրկյան կարող են ներխուժել կառավարության շենք։

Դիմում է Սուրեն Պապիկյանին․ «լա՛վ, Սուրո, ինչքան հիշում եմ՝ պաշտպանության նախարար ես, հիմա ո՞նց անենք»։ «Դե ի՞նչ, ասեմ, օրինակ՝ կարող ենք խնդրել, որ Ալեն Սիմոնյանը թքի․․․», կմկմում է Սուրեն Պապիկյանը։ «Աչքիս՝ սաղս էլ թքելու ենք»,- սեղանի տակից լսվում է Ալեն Սիմոնյանի նվաղած ձայնը, բայց Սուրոն առարկում է․ «թքել ասելով՝ ես նկատի ունեի ոչ թե մեր քաղաքական ճակատագրի հանգուցալուծումը, այլ պաշտպանվելու մարտավարությունը»։ «Էկեք սկանդինավյան խաղաղապահներ կանչենք», առաջարկում է Արամ Զավենիչը՝ նյարդայնորեն ծամելով նարնջագույն փողկապը ու միաժամանակ հեռախոսի մեջ փնտրելով Պուտինի հետ 25 տարի առաջվա լուսանկարը։

Ուրիշ ճար չկա, ոչ կարող է ավտոբուսով գործի գնալ, ոչ հեծանիվ քշել, ստիպված՝ պիտի լայվ մտնի։ Գրպանից հանում է սմարթֆոնը, միացնում, դեմ տալիս Չաուշեսկուի կիսանդրուն ու սկսում․ «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության համբա՛լ քաղաքացիներ․․․ վայ, կներեք, լեզվի սայթաքում էր․․․ Տիկո, դեմիցս էն կո՛ղմ գնա, քեզ տեսնում եմ՝ շեղվում եմ։ Ու ընդհանրապես՝ sms էղի ստեղից, դուրս արի միջանցք»։ «Համբալ» բառը լսելով՝ Զավենիչն աշխուժանում է․ «գործ կա՞, էլի պետք ա ինչ-որ համբալի համայնքապետ դարձնե՞լ, հարմար գներով կօգնեմ․․․»։ «Դե հերի՛ք ա, դու է՛լ sms էղի», բարկանում է ինքը ու դիմում Աննային․ «Մի հատ զանգի Մակրոնին»։ Աննան դուրս է գալիս ու քիչ անց վերադառնում մի մեծ ափսե մակարոնով։ «Ես քեզ ասում եմ Մակրոն՝ դու մակարոն ե՞ս բերում»,- հիստերիայի մեջ է ընկնում ինքը, բայց Աննան շոյում է գլուխը՝ «դու հանգստացի ու սուսուփուս կեր, բտվելը նորաձև է»։ Ինքը ձեռքով մի կողմ է հրում ափսեն ու կռանում սեղանի տակ․ «Ալենչո, դու Ռոբի տղու հետ մոտիկ էիր, չէ՞, զանգի խնդրի՝ թող Ռոբը գա էդ ժողովրդի մեջ երևա, ցրվեն տներով»։ 

Քիչ անց Ալենը գլուխը հանում է սեղանի տակից ու կմկմում․ «Մեծարգո պարոն վարչապետ, ձրի չի համաձայնվում, կես միլիարդ դոլար ա ուզում»։ Ինքը խեղճացած նայում է Աննային․․․ «Էլ մի՛ տենց նայի վրես, հոգապահուստին ձեռք չենք տալու»,- ատամների արանքից նետում է նա ու բարկացած դուրս գալիս կաբինետից։ Բայց քիչ անց վերադառնում է․ «Մակրոնը զբաղված էր, բայց Մեհրիբանը զանգեց, հրավիրում ա Շուշի՝ մուղամ լսելու»։ 

Իսկ դրսի աղմուկն ուժեղանում է։ Արդեն ձայներ են լսվում նաև միջանցքից։ «Բա հիմա ո՞նց դուրս գանք»,- սփրթնում է ինքը, «լավ, Աննա, գոնե հարցրու տես կարա՞ն ստեղից դուրս գալու անխոչընդոտ միջանցք ապահովեն»։ «Անպայման չերեզ Դավալու»,- սեղանի տակից գոռում է Զավենիչը։ Բայց միջանցքից լսվող աղմուկն ուժեղանում է, ապա դուռը դղրդոցով տապալվում է․․․ 

Արթնանում է սառը քրտինքի մեջ կորած։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ