...

Նիկոլ Փաշինյանն ու մարտի 1-ի ծխածածկույթը

Նիկոլ Փաշինյանն ու մարտի 1-ի ծխածածկույթը

Հայաստանում ևս մի մարտի 1 նշվեց ու անցավ, և ինչպես միշտ՝ առանց բովանդակության։ Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժերը համատեղ հարգեցին զոհերի հիշատակը, մարդիկ տարբեր եթերներից դժգոհեցին, որ հանցագործությունը դեռևս բացահայտված չէ ու մարդասպաններն էլ ազատության մեջ են, և վերջ։ Ու այդպես էլ բաց մնաց հիմնական հարցը՝ ինչո՞ւ այնուամենայնիվ իշխանափոխությունից չորս տարի անց էլ մարտի 1-ը չի բացահայտվում։

Ի՞նչ էր, ի վերջո, 2008-ի մարտի 1-ը։ Դա միայն ուժայինների գրոհ չէր սեփական ժողովրդի նկատմամբ։ Բախումներն ընդամենը երևացող մասն էին։ Մեծ հաշվով՝ դա լավ գործող ավտորիտար համակարգի տոտալ հարձակումն էր իր իրավունքների համար պայքարելու համարձակություն ցուցաբերած ժողովրդի վրա։ Համակարգ, որում ներգրավված էին ցանկացած հրաման կատարելու պատրաստ հատուկջոկատայինները, քրեաօլիգարխիկ համակարգը՝ իր բանդաներով, դատախազությունը, դատավորները, որոնք պատրաստ էին ցանկացած անհեթեթ մեղադրանք հաստատել ու հարյուրավոր մարդկանց լցնել բանտերը, իշխանական քարոզչամիջոցները, որոնք խաղաղ ցուցարարներին ներկայացնում էին որպես զինված թմրամոլներ ու հարբեցողներ, ԿԸՀ-ը, որի գործունեության բացահայտ ցինիզմն էլ, ի դեպ, ընդդիմության ցույցերի հիմնական պատճառը դարձավ, ՍԴ-ն էր՝ իր կրավորական կեցվածքով, և այլն։ Հետևաբար, ամբողջովին բացահայտել մարտի 1-ը՝ նշանակում է բացահայտել այս ամբողջ սխեման ու դրանում ներգրավվածներին։ Չենք ասում՝ անպայման բոլորին քրեական պատասխանատվության ենթարկել, բայց՝ գոնե հստակեցնել և եզրակացություններ անել։

Բայց դա կցանկանա անել միայն այն իշխանությունը, ում մտքով երբևէ չի անցնի կրկնել մարտի 1-ը՝ հանուն սեփական իշխանության պահպանման։ Իսկ նա, ով աչքի առաջ ունի, որ մի օր էլ ինքն է կրակելու սեփական ժողովրդի վրա, բնականաբար՝ չի ցանկանա քանդել «պետական պատժիչ համակարգն» իր լեգիտիմ և անօրինական բաղադրիչներով։ Ավելին՝ պիտի անվտանգության երաշխիքներ տա, որպեսզի անհրաժեշտության դեպքում համակարգը նաև ի՛ր հրամանով մարտի 1 անի ու վստահ լինի, որ անպատիժ կմնա։ 

Բաց տեքստով սա, իհարկե, չի ասվում, ավելին՝ մարտի 1-ի գործն առերևույթ դեռ փակված էլ չէ (կա «անջատված մաս», որն այսօրվա իշխանություններին դեռ կարող է պետք գալ)։ Բայց որտե՞ղ են, օրինակ, այն դատավորները, որոնք մարտի 1-ից հետո հարյուրավոր ընդդիմադիրների անհեթեթ մեղադրանքներով լցնում էին բանտերը։ Ճիշտ է, շատերն այսօր էլ դատավորներ են ու նույնիսկ հաճույքով «վնգստում են» մարտի 1-ից մի քանի օր առաջ կալանավորված Ջհանգիրյանի «պատերի տակ»։ Որտե՞ղ են օլիգարխները։ Ճիշտ է, դարձել են «բարեխիղճ գործարարներ» ու այսօր էլ պատրաստ են իշխանություններին ծառայեցնել իրենց «անվտանգության ծառայությունները» (հասկանալի է՝ «հեղափոխության պահապանների» ջոկատների հետ համատեղ)։ Որտե՞ղ է, օրինակ, 2008-ին Սերժ Սարգսյանի հաղթանակն արձանագրած ԿԸՀ նախագահը։ Ճիշտ է, նույն տեղում։ Որտե՞ղ են պետական լրատվամիջոցների լրագրողները, որոնք խաղաղ ցուցարարներին որպես թմրամոլներ էին ներկայացնում։ Ճիշտ է, մեծ մասը հիմա էլ նույն տեղում է ու նույն եռանդով օրվա իշխանությունների պատվերներն է կատարում։ Որտե՞ղ են նախկինների օրոք ընտրություններ կեղծող «տասովչիկները»։ Ճիշտ է, վերջին ընտրությունների ժամանակ ՔՊ-ի օգտին էին «աշխատում», իսկ շատերը նույնիսկ թեկնածուներ էին։

Պարզ ասած, մարտի 1-ը բացահայտել՝ կնշանակեր թուլացնել ու քայքայել համակարգը, մինչդեռ Նիկոլ Փաշինյանին այն դեռ պետք է գալու։ Սա է, այլ բացատրություն չկա։ Իսկ ժողովրդին հանգիստ կարելի է խաբել նաև ծաղկեպսակների ու հուզիչ ճառերի ծխածածկույթով։ Ով-ով, բայց Նիկոլ Փաշինյանն այդ հնարքին լավ է տիրապետում։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3113 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ