...

Արժանապատվության «շուկայական գին» է սահմանվել 10 հազար դրամը

Արժանապատվության «շուկայական գին» է սահմանվել 10 հազար դրամը

Հայաստանում չկա մարդ, որ չհասկանա՝ ապրիլի 1-ից թոշակները 10 հազարով բարձրացնելը սովորական ընտրակաշառք է։ Այն լոլոները, թե իբր տնտեսությունը նախատեսվածից ավելի շատ է աճել, անսպասելիորեն պարզել են, որ բյուջեում այդքան լրացուցիչ փող կա և այլն, որևէ մեկը լուրջ չի ընդունում․ անկախ քաղաքական հայացքներից՝ բոլորն էլ գիտակցում են, որ եթե հունիսին ընտրություններ չլինեին, «առռը հա», թե թոշակները կբարձրանային։

Ցանկացած կաշառք, այդ թվում՝ ընտրակաշառքը, ինքնին հանցագործություն է, որովհետև, անկախ ձևակերպումներից, ենթադրում է հանցավոր գործարք։ Օրինակ՝ «ես քեզ այսինչ բանն եմ տալիս, իսկ դու աչք ես փակում իմ կատարելիք ապօրինությունների վրա, այսինչին նշանակում ես այսինչ պաշտոնին», և այլն։ Ընդ որում՝ կաշառք տվողը հո չի՞ ասում «ես քեզ կաշառք եմ տալիս», ասում է «էս էլ իմ կողմից շնորհակալություն՝ վերցրու, մի լավ նպատակով կօգտագործես»։ Ճիշտ այնպես էլ կառավարությունը հո չի՞ ասում, որ ընտրակաշառք է տալիս, ասում է «բարձրացնում ենք մեր սիրելի թոշակառուների կենսամակարդակը»։

Բայց հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ իշխանությունները հանկարծ որոշեցին, որ 10 հազարանոց ընտրակաշառքն անհրաժեշտություն է։ Չէ՞ որ, ըստ իրենց իսկ քարոզչության, դրա կարիքն ամենևին չկար․ իրենք «վերջնական խաղաղություն են բերել», «սահմաններին չեն կրակում», «Հայաստանը վերջապես լիարժեք ինքնիշխան պետություն է դարձել», «համակարգային կոռուպցիան վերացել է», իսկ իրենց մրցակիցները «հանցագործ օլիգարխներ և օտարերկրյա լրտեսներ» են, հետևաբար՝ ընտրություններում իրենց շռնդալից հաղթանակը երաշխավորված է։ Բա այդ դեպքում ինչո՞ւ են խուճապային քայլեր անում։

Պատասխանն ակնհայտ է՝ որովհետև նիկոլական քարոզչական փուչիկներն այլևս չեն աշխատում։ Մարդիկ ոչ «տևական խաղաղությանն» են հավատում, ոչ «իրապես ինքնիշխան Հայաստանին», ոչ «կոռուպցիայի վերացմանը», որովհետև իրական կյանքում հակառակն են տեսնում՝ ադրբեջանական օկուպացիայի և ամենօրյա նվաստացումների տակ կքած երկիր, աշխարհով մեկ ծաղրուծանակի ենթարկվող խեղկատակային իշխանություններ, «նորարարական» կոռուպցիոն սխեմաներ, միլիարդների հասնող «ինքնապարգևատրումներ» և այլն։ Իսկ այդ իրավիճակում թոշակները 10 հազար դրամով բարձրացնելու որոշումն արդեն բոլորովին այլ իմաստ է ստանում և շատ հստակ ուղերձ է պարունակում․ «ժողովուրդ ջան, հա, ճիշտ եք ասում, Ղարաբաղը վարի ենք տվել, Զանգեզուրի միջանցքը հանձնել ենք, բյուջեն էլ ոնց ուզում՝ լափում ենք, բայց ի՞նչ եք իրար խառնվել, ձեր ուզածը կուշտ փորով հաց ուտելը չի՞, դե էս էլ ձեր փայն ա, ամսական 10 հազարը առեք, կերեք ու սուս մնացեք»։ 

Հասկացա՞ք, թե իրականում ինչ կարծիքի են ՔՊ-ական իշխանությունները «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների» մասին։ Նրանց կարծիքով՝ մարդիկ կասեն «տո դե ջանդամը, թե երկիրը վարի չեն տվել, կարևորը՝ 10 հազար դրամ էլ մեզ փայ հասավ», ու կընտրեն Նիկոլին։ Համաձայնվեք՝ որևէ իշխանություն սեփական ժողովրդին ավելի մեծ վիրավորանք հասցնել չէր կարող։

Այնպես որ՝ եթե անգամ ժողովրդի ինչ-որ հատված մինչև թոշակները բարձրացնելը մտադիր էր քվեարկել ՔՊ-ի օգտին, հիմա երևի պիտի վերանայի իր այդ որոշումը, որովհետև արժանապատվություն ունեցող որևէ մեկի համար պիտի մահու չափ վիրավորական լինի, որ իրեն վերաբերվում են որպես անուղեղ ու բացառապես ստամոքսով առաջնորդվող ինչ-որ անհասկանալի գոյացության։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   29 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ