...

Գերադասեցին պայքարել երկրորդ տեղի համար

Գերադասեցին պայքարել երկրորդ տեղի համար

Ամիսներ շարունակ միավորվելու և համախմբվելու մասին խոսող «Ուժեղ Հայաստանն» ի վերջո միավորվեց և համախմբվեց․․․ երկու կուսակցությունների հետ, որոնց մասին հայ հանրության 99 տոկոսը մինչ այդ չէր էլ լսել։ Սա իսկապես ջրբաժանային որոշում էր, որովհետև Սամվել Կարապետյանի ուժը երկու տարբերակ ուներ՝ կամ օգտագործել ընդդիմադիր դաշտը համախմբելու իր պոտենցիալն ու առավելությունները (նյութական և ենթակառուցվածքային մեծ ռեսուրսներ, մյուս բոլոր ուժերի համեմատ՝ նվազագույն բացասական վարկանիշ և այլն), կամ համալրել սովորական-շարքային ընդդիմադիր ուժերի ցանկը։ «Ուժեղ Հայաստանն» ընտրեց երկրորդ տարբերակը։

Ինչո՞ւ է այս որոշումը սխալ կամ խոցելի։ Ներկայացնենք ընդամենը մի քանի առավել ակնհայտ կետերը։

1․ Եթե իշխանություններն «Ուժեղ Հայաստանից» լուրջ վտանգ զգան՝ միանշանակ արգելելու են մասնակցել ընտրություններին (դրա իրավական և քարոզչական նախապատրաստումն ընթանում է մեծ ինտենսիվությամբ)։ Ու դա հեշտությամբ մարսելու են, որովհետև ասելու են «դե հիմա ի՞նչ է պատահել, ընդդիմադիր ուժերից մեկին արգելել ենք, բայց մյուսները հանգիստ մասնակցում են»։ Մինչդեռ ընդդիմադիր դաշտի լայն համախմբում ապահոված ուժին ընտրություններից դուրս թողնելը բոլորովին այլ կերպ կընկալվեր և հեշտությամբ չէր մարսվի։

2․ «Ուժեղ Հայաստանն» անընդհատ խոսում է քաղաքական ծանրակշիռ ուժերի ու «նախկինների» (այլ կերպ ասած՝ քաղաքական դաշտի հնաբնակների) հետ համագործակցությունը մերժելու և «թարմ, նորարարական մոտեցումների» մասին, իսկ իրենց հետ դաշինք կազմած ուժերից մեկի ներկայացուցիչն ընդհանրապես հայտարարում է, թե «պետության ղեկավարումը չի կարելի վստահել քաղաքական գործիչներին, դրանով պիտի տեխնոկրատները զբաղվեն»։ Հարգելիներս, երիտասարդ, նորարար տեխնոկրատների առատությունը լավ է բիզնես-նախագծերի համար, իսկ երկրի քաղաքական ղեկավարումը պիտի իրականացնեն պետական և քաղաքական գործիչները (դրա համար էլ, ի դեպ, ժամանակակից բիզնեսի ու տարբեր «ստարտափների» առավել հաջողակ ներկայացուցիչները 30-35-40 տարեկան երիտասարդներ են, իսկ պետությունների առավել հաջողակ ղեկավարները՝ առնվազն 55-ն անց փորձառու մարդիկ)։ Բացի այդ էլ՝ այսօրվա Հայաստանի աղետալի վիճակի հիմնական պատճառը ոչ թե տնտեսության տարբեր ոլորտների անարդյունավետ կառավարումն է, այլ արկածախնդիր արտաքին քաղաքականությունը, ինչը շտկելու համար ոչ թե տեխնոկրատներ են պետք, այլ խելամիտ պետական և քաղաքական գործիչներ։

3․ «Ուժեղ Հայաստանի» հիմնական քաղաքական կապիտալն այն էր, որ հասարակությունն ի դեմս այդ ուժի տեսնում էր ընդդիմադիր դաշտը համախմբելու և օրվա պատուհաս-իշխանություններից երկիրն ազատելու հնարավորություն ունեցող կառույց։ Հասկանալի է, չէ՞, որ ընտրություններին փաստացի միայնակ մասնակցող ուժն ի վիճակի չի լինելու անել դա, իսկ եթե ի վիճակի չի լինելու՝ այդ ուժի նկատմամբ հանրային հետաքրքրությունը կտրուկ նվազելու է։ Ի վերջո եթե հաջորդ խորհրդարանում ՔՊ-ն մեծամասնություն է ունենալու, մարդկանց համար ի՞նչ տարբերություն, թե ուրիշ ի՛նչ ուժեր են որպես ընդդիմություն «ծանրակշիռ ներկայություն ունենալու» ԱԺ դահլիճում։ Իսկ «Ուժեղ Հայաստանն» իր որոշմամբ ընտրեց հենց այդ՝ հաջորդ խորհրդարանում «ընդդիմադիր լուրջ ներկայություն ունենալու» տարբերակը։ Պարզ ասած՝ որոշեց պայքարել երկրորդ տեղի համար (ընդ որում՝ եթե թույլ տան մասնակցել, երկրորդ տեղը գրեթե երաշխավորված է)։

Մինչև ընտրությունները, իհարկե, բավականին ժամանակ կա, և գուցե դեռ հնարավոր է ինչ-որ բան փոխել։ Բայց եթե այս «կոնֆիգուրացիան» չփոխվի՝ մեծ հավանականությամբ, հունիսի 7-ից հետո Հայաստանում նույնպես ոչինչ չի փոխվելու։ Շատ-շատ՝ խորհրդարանում «Հայաստան» դաշինքի դերը ստանձնի «Ուժեղ Հայաստան» դաշինքը։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   432 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ