Լևոն Զուրաբյանի՝ Սիվիլնեթ-ին տված հարցազրույցը կարծես թե լրջորեն մտահոգել է իշխանություններին և ուրախացրել նիկոլական ֆեյքաբուծարանի աշխատակիցներին։ Ընդ որում՝ խնդիրը ոչ բուն հարցազրույցն է, ոչ էլ հարցազրուցավարը (դե հիմա մարդ է՝ փորձել է հնարավորինս քողարկված առաջ մղել իշխանությունների քարոզչական թեզերը, ու դա այնքան էլ հաջող չի ստացվել, և առաջին հերթին հենց իրեն պիտի մտահոգի, որ ֆեյքերի՝ իր հասցեին ուղղված գովասանքները «քոփի-փասթ» են արված Հ1-ի Պետրոս Ղազարյանի հաղորդումների մեկնաբանություններից)։ Իշխանությունները մտահոգվել են, որովհետև Լևոն Զուրաբյանը հստակ փաստեր ու հիմնավորումներ է ներկայացրել, այլ կերպ ասած՝ փորձել է քաղաքական բովանդակություն հաղորդել պեռաշկիա-հեծանվային քարոզչական լեզվակռվին։ Իսկ ֆեյքերն ուրախացել են, որովհետև «գործ է կպել», ընդ որում՝ թեթև գործ, որովհետև իրենց վճարում են ոչ թե փաստարկների, այլ ավել-պակաս դուրս տալու համար, իսկ դա ենթադրում է ոչ թե ուղեղի, այլ ընդամենը ցուցամատի առկայություն։ Ինչևէ։
Հիմա՝ բուն հարցազրույցի մի քանի առանցքային կետերի մասին՝ շատ կարճ։
1․ Լևոն Զուրաբյանն ասում է, որ ԹՐԻՓՓ-ի նախագիծն իր ներկայիս տեսքով մտահոգիչ է, որովհետև ըստ դրա՝ Հայաստանը չի կարող առանց ամերիկացիների թույլտվության հայ-իրանական երկաթուղի կառուցել։ Վարողը պնդում է, որ նման բան չկա, լավ էլ կարող է, որովհետև խոսքը տարածքի մասին չէ, շատ-շատ՝ մի 8-10 մետր լայնության․․․ Շատ լավ, բայց նախ՝ Նիկոլ Փաշինյանն ինքն է խոսել միջանցքի լայնության մասին՝ ասելով «ենթադրենք՝ 500 մետր․․․» և այլն։ Երկրորդ՝ հայ-իրանական երկաթուղի կառուցելու հնարավորության մասին հարցը մի քանի անգամ նաև իշխանություններին է ուղղվել, բա ինչո՞ւ որևէ պաշտոնյա կես բերան չի ասել, որ Հայաստանն այդ իրավունքը պահպանում է։ Բա ասեիք, ՀԱԿ-ի «պորտը տեղը դնեիք», ինչո՞ւ եք բերաններդ ջուր առել։
2․ Իշխանական ֆեյքերն ու վճարովի «նիկոլադարձները» (խոսքը վճարի դիմաց նիկոլական դարձած «ինտելեկտուալների» մասին է) հեգնում են, թե այդ ինչպե՞ս է ՀԱԿ-ը բացառելու բիզնեսի և քաղաքականության սերտաճումը՝ համագործակցելով բիզնեսմենների հետ։ Դե իհարկե, շատ բարդ է հասկանալը, որ այդ սերտաճումը բացառելու է ոչ թե որևէ քաղաքական ուժ, այլ օրենքը, իսկ քաղաքական ուժի գործն է՝ հետևել, որ օրենքները կատարվեն։ Իրականում սա հասկանալը, իհարկե, բարդ չէ, պարզապես հասկանալու համար չեն վճարում, իսկ հեգնելու և հայհոյելու համար վճարում են։
3․ ՀԱԿ-ը թիրախում է հայտնվել, որովհետև, իբր, մի կողմ է դրել սկզբունքներն ու համագործակցում է ում հետ ասես, այդ թվում՝ օլիգարխների․․․ Սա, վստահաբար, ամենակարևոր թեման է, ընդ որում՝ Լևոն Զուրաբյանը, որպես քաղաքական գործիչ և վարչապետի թեկնածու, չի կարող բացել բոլոր փակագծերը և պարտավորված է խոսել բացառապես քաղաքական բառապաշարով։ Իսկ ուրիշները կարող են։
Այո, այդ թիրախավորումը տեղին կլիներ, եթե հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունենային սովորական ընտրություններ՝ սովորական իրավիճակում։ Բայց այդ ընտրություններն այն մասին չեն, թե հաջորդ խորհրդարանում որ ուժը քանի տոկոս կունենա, այդ ընտրություններն ուրիշ բանի մասին են՝ Նիկոլ Փաշինյանը կվերարտադրվի՞, թե՞ ոչ։ Այլ կերպ ձևակերպենք։ Այս ընտրություններն այն մասին չեն, թե ինչպիսին կլինի Հայաստանը հունիսի 7-ից հետո՝ «ռուսամե՞տ», թե՞ «արևմտամետ», այս ընտրություններն այն մասին են, թե հունիսի 7-ից հետո Հայաստան անունով պետություն ընդհանրապես կլինի՞, թե՞ ոչ։ Ու հիմա ինքներդ որոշեք՝ ո՞ր սկզբունքն է ավելի կարևոր, «սպիտակ ձեռնոցներով» քաղաքականություն վարե՞լը, թե՞ Հայաստանի հետագա գոյությունն ապահովելը։
Մարկ Նշանյան
Հ․Գ․ Ֆեյքերին ու «նիկոլադարձներին» տեղեկացնենք՝ հույս չունենաք, թե հունիսի 7-ից հետո ձեր կյանքում ոչինչ չի փոխվելու, և շարունակելու եք հայհոյանքներ գրելով «տուն պահել»։ Եթե Նիկոլը պարտվի՝ դառնալու եք գործազուրկ, եթե հաղթի՝ լավագույն դեպքում վճարվելու եք ադրբեջանական մանաթով, վատագույն դեպքում՝ թուրքական լիրայով։