Այն, որ «Կրթվելը նորաձև է» շարժումը կամաց-կամաց տալու է իր պտուղները՝ սպասելի էր։ Ի վերջո՝ այդ շարժումը ոչ այնքան «նորաձև կրթվելու», որքան նախկինում ստացած կրթությունը մերժելու, մոռանալու և արդեն մաքուր էջից «նորովի կրթվելու» մասին է, և «նախկինում սխալ կրթվածների» ու «նորովի ճիշտ կրթվողների» միջև խզումը վաղ թե ուշ տեղի էր ունենալու։ Բերենք ընդամենը երկու՝ առաջին հայացքից կարծես թե իրար հետ կապ չունեցող օրինակ։
Առաջին։ Մերձավանի դպրոցում տեղի ունեցածը հանրային մեծ ռեզոնանս առաջացրեց, և դա հասկանալի է։ Հարցը ներկայացվեց մոտավորապես այսպես․ ուսուցչուհին աշակերտներին ասել էր, որ 1905 թվականին հայ-թաթարական բախումները ռուսներն են հրահրել, պետք է նորմալ վերաբերվել թուրքերին և այլն, դպրոցի ուուցիչներն ու աշակերտներն էլ, ծնողների հետ միասին, ի նշան բողոքի դասադուլ են կազմակերպել, փողոցային բառապաշարով անարգանքի սյունին գամել ուսուցչուհուն, և այլն։ Բայց ակնհայտ էր, որ այս պատմության մեջ ինչ-որ բան այն չէ։ Նախ՝ ուսուցչուհին առանձնապես նոր բան չէր ասել (ո՞վ չգիտի, որ հայ-թաթարական բախումներն իսկապես էլ ցարական Ռուսաստանի իշխանություններն են հրահրել), ու հազիվ թե դա բողոքի նման ալիք բարձրացներ, և երկրորդ՝ ուղղակի աչք էր ծակում, որ սոցկայքերում այդ ուսուցչուհուն պաշտպանում էին հատկապես այն «հանրային դեմքերը», որոնք առավել ակտիվ են պաշտպանում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը։
Ու ի՞նչ է պարզվում։ Պարզվում է, որ այս առճակատումը ամիսների պատմություն ունի, Արմավիրի մարզպետարանում էլ շատ լավ տեղյակ են եղել խնդրին ու հակված են եղել ազատվել այդ ուսուցչուհուց։ Մասնավորապես՝ մարզպետարանի ներկայացուցիչը «Հայկական ժամանակ»-ին ասել է, որ «ներկայացված մեղադրանքներին Ռոզա Դավթյանը որևէ հակափաստարկ բերել չի կարողանում», եթե անհրաժեշտ լինի՝ այդ ուսուցչուհին կհեռացվի և այլն, թերթն էլ իր հերթին տեղեկացրել է, որ դասադուլ իրականացնողների պնդմամբ՝ այդ ուսուցչուհին, ուշադրություն, «ոչ պատշաճ կերպով է արտահայտվում արցախցիների մասին․․․»։ Հասկացա՞ք։ Հետո թե մի քանի ժամվա մեջ ինչ է փոխվում՝ հայտնի չէ, բայց ԿԳՄՍ-ն հայտարարում է, թե նույն այդ «Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ» որոշում է ընդունվել աշխատանքից ազատել դպրոցի տնօրենի ժպ-ին (ըստ երևույթին՝ այդ իսկապես խայտառակ ակցիան կազմակերպելու կամ չկանխելու համար)։ Բա իհարկե, «արցախցիների մասին ոչ պատշաճ կերպով արտահայտվողները» պիտի իմանան, որ իշխանություններն իրենց թիկունքին են։
Երկրորդ օրինակը։ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում «Իմ քայլը» հիմնադրամը հարցում է կազմակերպել՝ պարզելու համար, թե ժողովրդի կարծիքով ո՞վ է Հայաստանի ամենաճշգրիտ, արդար և ազնիվ լրագրողը։ Առայժմ ձայների վիթխարի առավելությամբ առաջատարն է․․․ «Խոսնակ լրատվականի» ղեկավար Նանե Իսրայելյանը։ Այս լրատվամիջոցը հանրության լայն շրջանակներին հայտնի դարձավ ընդամենը վերջերս, երբ տեսանյութեր հրապարակեց, որտեղ ինչ-որ մարդիկ կոչ էին անում «սատկացնել» արցախցիներին։ Հասկանալի է, չէ՞, որ հարցմանը մասնակցել են առավելապես «Կրթվելը նորաձև է» շարժման «ֆանատները»։ Եվ ահա ստացվում է, որ ըստ նրանց՝ ամենաարդարն ու ազնիվը նա է, ով ամենաշատն է հայհոյում արցախցիներին։ Դրա համար Աննա Հակոբյանի կողմից մեդալի արժանանալը, համաձայնվեք, մի քիչ սիրուն չէր լինի, բայց «ամենավստահելի լրագրողի» տիտղոսին արժանացնելը չէր խանգարի։
Այնպես որ՝ պատրաստ եղեք, «Կրթվելը նորաձև է» շարժման թափ հավաքելուն զուգահեռ՝ նման ճեղքվածքները խորանալու են։
Մարկ Նշանյան