...

Ոչ մի թիզ ավել

Ոչ մի թիզ ավել

Լայն չռված ականջներով

Շաբաթն ավարտվում է Բանակի օրով: Այս առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է.

«Մենք այսօր հավաքվել ենք վերահաստատելու մեր ուխտը մեր նախնիների, մեր հերոսների ու նահատակների, մեր լեգենդար զորահրամանատարների ու զինվորների առաջ. մենք այս հայրենիքը որևէ մեկին չենք զիջի, մենք այս հաղթանակը որևէ մեկին չենք զիջի:

Եվ ուրեմն՝ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, փա՛ռք Հայոց հաղթանակած բանակին»:

Չռվեցի՞ն ձեր աչքերը: Մտածում եք՝ էս ի՞նչ բողկ է կերել վարչապետը: Նեուժելի՞ նման բաներ է ասել:

Այո, այո, մի զարմացեք, սա հատված է նրա ելույթից: Բանակի օրվա առթիվ: Բայց.... 2019 թվականի ելույթից: Այն ժամանակ շատ դուխով տղա էր, հաթաթա էր տալիս բոլորին, աջուձախ սուրը կտրում էր, Արցախի Հանրապետությունն էր փառաբանում:

Էն վաղ էր, որ էշը կաղ էր: 2024թ. հունվարի 28-ին էլ է բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ հղել, որում մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետությունն ինքն իրեն պետք է նույնականացնի այն տարածքի հետ, որի վրա և ճանաչվել է միջազգային հանրության կողմից: Այն է` Հայկական ԽՍՀ տարածքը, որը նույնական է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հետ: Մենք պետք է հստակ և աներկբա արձանագրենք, որ որևէ այլ տարածքի նկատմամբ որևէ հավակնություն չունենք և չենք ունենալու:

Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Ընդ որում, երկու անգամ է «կեցցել» Հայաստանի Հանրապետությունը: Ինչը աննախադեպ է մեր երեքհազարամյա պատմության մեջ: Նույնքան աննախադեպ, որքան այն, որ առաջին անգամ երկրի ղեկավարի շնորհավորական ուղերձում Արցախ անունը չի հիշատակվում: Ոչ մի կերպ: Զգացի՞ք տարբերությունը. 2019-ի ու 2024-ի ուղերձների: Բաաա...

Երեկվա Հայաստանի կենացը

Սպասենք, տեսնենք՝ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով օգոստոսին ինչ է ասելու: Օրինակ՝ նույն 2019-ին ասել է. «29 տարի է անցել այն օրից, երբ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը: Դա հայ ժողովրդի միասնական և հավաքական կամքի դրսևորումն էր, որով ազդարարվեց հայոց պետականության սկիզբը։

Ղարաբաղյան գոյամարտը, 2016 թվականի ապրիլյան պատերազմը, 2018 թվականի ապրիլ-մայիսի իրադարձությունները ցույց տվեցին, որ հայ ժողովուրդն անհաղթահարելի և անհնարին թվացող խնդիրները կարող է լուծել՝ ապավինելով բացառապես սեփական ներուժին, հավաքական կամքին ու զարգանալու անխախտ հավատին։

Վստահ եմ, որ հայ ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տա պետականության, ինքնիշխանության ու իրավունքի կորուստ»:

Ենթադրում ենք, որ այս տարի մուննաթ է գալու Անկախության հռչակագրի վրա, ասելու է, որ այն վերաիմաստավորելու և փոխելու կարիք կա, ու էլի սենց բաներ: Առանց Ղարաբաղի գոյամարտի: Ինքնիշխանության կորստի մասով էլ մի թեթև կակնարկի 29900 քառակուսի կիլոմետրից ոչ մի թիզ ավել չհավակնելու մասին: 

Սեպտեմբերին էլ, Անկախության օրվա առթիվ... էս մեկն ավելի անկանխատեսելի է: Հլը սպասեք, հասնենք էդ օրվան: 2018-ին գիտենք՝ ինչ էր ասել տոնի առթիվ: Մանավանդ էս մի հատվածը շատ սյուռ է հնչում. «Ադրբեջանի կողմից հնչող պատերազմական սպառնալիքները չունեն որևէ հեռանկար. ենթադրել, թե մենք վախենալու ենք այդ սպառնալիքներից և բավարարելու ենք Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, սին են:

Մեր գլխավոր ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանի Դաշնությունն է, որի հետ մենք կապված ենք բազում և դարավոր կապերով։ Մենք մտադիր ենք էլ ավելի խորացնել մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում»:

Եվ ուրեմն, հարգելի՛ սեղանակիցներ, կեցցե՜ այն Հայաստանը, որ երեկ էր գալու: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   329 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ