...

«Աբիժնիկների» և կոմպրոմատների տիրակալը

«Աբիժնիկների» և կոմպրոմատների տիրակալը

Թե ինչի հաշվին է Նիկոլ Փաշինյանին հաջողվում ցանկացած իրավիճակից շահած դուրս գալ և «մնալ թաթերի վրա»՝ հասկանալի է․ ցանկացած իրավիճակում նա կարողանում է պառակտել ցանկացած համակարգ, բաժանել առնվազն երկու մասի, հանել միմյանց դեմ, և «շները կռվեցին՝ ճամփորդի գործը հաջողեց» սկզբունքով շարժվել առաջ։ Բայց ինչի՞ շնորհիվ է նրան հաջողվում պառակտել այդ համակարգերը։ Հիմնական պատճառները երկուսն են։

1․ «Աբիժնիկները»։

Այո, ցավոք՝ ցանկացած համակարգում մեծաթիվ «աբիժնիկներ» կան․ սեփական սոցիալական կարգավիճակից «աբիժնիկ», ղեկավարությունից «աբիժնիկ», և ընդհանրապես՝ կյանքից «աբիժնիկ»։ Մարդիկ, ովքեր համարում են, որ շատ ավելիին են արժանի, քան կան իրականում, և դրա համար մեղավոր են ուրիշները։ Հենց այդ «աբիժնիկներն» էլ ցանկացած պառակտման ամենակարևոր դետոնատորներն են։ 2018-ի հեղափոխության շարժիչը հենց նրանք էին՝ շարքային քաղաքացիներ, որոնք դժգոհ էին, որ իրենց հասանելիք «քյաբաբն» ուրիշներն են կերել, փաբ-երում զվռնող «ինտելեկտուալներ», որոնք համոզված էին, որ արժանի են պետական պաշտոնների, բայց քանի որ պետական համակարգը կոռումպացված է՝ իրենք դրա փոխարեն ստիպված են «նիսյայով» գարեջուր խմել կամ լավագույն դեպքում՝ «մի քանի կոպեկի համար» մի քանի տակ ծալվել օտարերկրյա գրանտատուների առջև, տարբեր կուսակցությունների միջին օղակների «քաղաքական գործիչներ», որոնցից ամեն մեկն ինքն իրեն Չերչիլ էր համարում, բայց փաստացի՝ անգամ իր կուսակցության նախընտրական ցուցակում հայտնվելու շանս չուներ, ստորին և միջին օղակների չինովնիկներ, անգամ բավականին բարձրաստիճան պաշտոնյաներ, ոստիկաններ ու զինվորականներ, որոնք իշխանություններից «աբիժնիկ» էին և համարում էին, որ կարող էին նաև ավելի բարձր դիրքերում լինել, և այլն։

Նիկոլ Փաշինյանն էլ կարողացավ գնահատել «աբիժնիկության» ներուժը և հաջողությամբ օգտագործել։ Սկզբում հեղափոխություն արեց, հետո խորհրդարանում «Սերժից աբիժնիկների» ձայներով ընտրվեց վարչապետ, հետո ուժային համակարգերի ներսի «աբիժնիկների» միջոցով իր վերահսկողության տակ առավ ուժային կառույցները, հետո օլիգարխներից ու նախկին հանցավորներից «աբիժնիկ» ժողովրդի ճնշմամբ քանդեց իրեն վարչապետ դարձրած կոալիցիան, պատերազմից հետո՝ արդեն իսկ իր գրպանային դատաիրավական համակարգի և «աբիժնիկ» գեներալների օգնությամբ պառակտեց բանակը, հետո՝ «իրարից աբիժնիկ» Քոչարյանի ու Սերժի միջոցով պառակտեց ընդդիմադիր դաշտը, «իրարից աբիժնիկ» օլիգարխների լուռ համաձայնությամբ սկսեց հերթով «կուռկուռի ձագ դարձնել» նույն օլիգարխներին և նոր օլիգարխներ բուծեց, հիմա էլ «աբիժնիկ» եպիսկոպոսների միջոցով Եկեղեցին է պառակտում․․․ 

2․ Կոմպրոմատները։

Սա Նիկոլ Փաշինյանի հաջողության երկրորդ կարևորագույն բաղադրիչն է։ Հասկանալի է, որ ցանկության դեպքում և ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ կարելի է ցանկացած մեկի դեմ կոմպրոմատներ հավաքել, բայց խնդիրը նույնիսկ դա չէ, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանը կարող է կոմպրոմատով վախեցնել բոլորին, բայց ինքը կոմպրոմատներից չի վախենում, նա այդ «էտապը» վաղուց հաղթահարել է։ Օրինակ՝ ի՞նչ կոմպրոմատ կարող է հրապարակել որևէ մեկը նրա դեմ։ Որ նա, ասենք, սեփական սխալների պատճառով մի քանի հազար երիտասարդների մահվան պատճա՞ռ է դարձել։ Բայց նա ինքն է խոստովանել դա։ Կամ, ասենք, որ նա Սերժի «հաճախո՞րդն» է եղել։ Է, հետո՞ ինչ, Սերժի փեսան անձամբ է ուղիղ եթերում պատմել, թե ինչպես էր ֆինանսավորում նրան, և ի՞նչ։ Կամ՝ որ նա քաղաքական հալածանքնե՞ր է իրականացնում՝ սեփական լիազորությունները գերազանցելով և հրահանգներ տալով դատաիրավական համակարգին։ Բայց նա դա ուղիղ եթերո՛վ է արել, ընդ որում՝ մի քանի անգամ։

Այս ցանկը կարելի է ժամերով շարունակել, բայց էությունը մնում է նույնը․ Նիկոլ Փաշինյանը ինչ արել է՝ հրապարակավ է արել, ու կոմպրոմատներից վախենալու բան չունի։ Եվ եթե հանկարծ վաղը տեսագրություն տարածվի, օրինակ, թե ինչպես է նա Ղարաբաղի դիմաց 5 միլիարդ դոլար վերցնում, էլի ոչինչ չի փոխվի։ Կասի « է հա, վերցրել եմ՝ լավ եմ արել, ասֆալտ եմ փռել, դպրոց-բան եմ սարքել», ու կանցնի-կգնա։ Մինչդեռ իր հակառակորդների դեմ եղած կոմպրոմատների հիման վրա կարող է քրեական գործեր հարուցել ու բոլորին մեկուսացնել։

Ահա և Նիկոլ Փաշինյանի «հաջողության բանաձևի» ողջ անատոմիան։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   120 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ