...

Որպես կանոն՝ ՀԱՊԿ-ին անդամակցում են, որպեսզի Ռուսաստանը վնաս չտա

Որպես կանոն՝ ՀԱՊԿ-ին անդամակցում են, որպեսզի Ռուսաստանը վնաս չտա

Ռուսաստանում «ափսոսում են», որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ գագաթնաժողովին, միաժամանակ «հույս են հայտնում», որ մեր երկիրն այնուամենայնիվ կշարունակի աշխատանքներն այդ կազմակերպության շրջանակներում, ու «ձեռքի հետ» էլ հիշեցնում են, որ մեր տարածաշրջանում պատերազմի վերսկսման հավանականությունը բավականին մեծ է։ Համաձայնվեք՝ այս ուղերձները մեկնաբանելու կարիք առանձնապես չկա, որովհետև հայտնի է, թե «թամամ խոսքն» ում են ասում։ Մեր հասարակությունն էլ ակտիվորեն քննարկում է՝ ի վերջո արժե՞ ռիսկի դիմել ու դուրս գալ ՀԱՊԿ-ից, թե՞ ոչ։

Քննարկել, իհարկե, պետք է, բայց եթե ուզում ենք, որ այդ քննարկումներն իսկապես արդյունավետ լինեն և ոչ թե վերածվեն ներքաղաքական անիմաստ լեզվակռվի՝ նախ պետք է հասկանալ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ կոչվածը։

Մեծ հաշվով՝ ՀԱՊԿ-ը Ռուսաստանն է, որի շուրջ հավաքվել են նախկին խորհրդային ևս 5 երկրներ, ընդ որում՝ հավաքվել են ոչ թե նրա համար, որ Ռուսաստանն իրենց պաշտպանի ինչ-որ արտաքին վտանգներից, այլ որպեսզի իրե՛նք պաշտպանվեն Ռուսաստանից, այլ կերպ ասած՝ որպեսզի Ռուսաստանն իրենց վնաս չտա։ Գործնականում հենց այդ սխեման է աշխատել, ու եթե որևէ երկիր դուրս է եկել ՀԱՊԿ-ից կամ ի սկզբանե հրաժարվել է անդամակցել այդ կազմակերպությանը՝ նախապատվությունը տալով «արևմտյան վեկտորին», «անպաշտպան մնացած» այդ երկրների վրա ոչ թե «արտաքին ուժերն» են հարձակվել, այլ հենց Ռուսաստանը։ Այլ հարց է, որ այդ սխեման ուղղակիորեն գործել է միայն այն երկրների դեպքում, որոնք Ռուսաստանի հետ ընդհանուր սահման ունեն։ Վրաստանը փոխեց վեկտորը, և ռուսական տանկերը համարյա հասան Քութաիսի, Աբխազիան ու Հարավային Օսիան էլ պոկվեցին այդ երկրից, Ուկրաինան փոխեց վեկտորը, և ռուսական տանկերը հասան Դնեպր, Ղրիմն ու Դոնբասն էլ պոկվեցին այդ երկրից․․․ Իսկ ահա Հայաստանի հետ Ռուսաստանն ընդհանուր սահման չունի, հետևաբար՝ սխեման գործեց (ու գործելու է) միջնորդավորված, այսինքն՝ վեկտոր փոխելու առաջին իսկ փորձի արդյունքում ոչ թե ռուսական, այլ ադրբեջանական տանկերը հասան Շուշի, երկրորդ փորձից հետո ոչ թե ռուսական, այլ ադրբեջանական զորքերը հայաթափեցին Արցախը։ Կարելի է չկասկածել, որ եթե Հայաստանն ու Ռուսաստանն ընդհանուր սահման ունենային՝ այդ դերը որևէ պատրվակով հենց ռուսական բանակն էլ կստանձներ։ Այս սխեման, ի դեպ, գործել է նաև ՀԱՊԿ-ի «իրավանախորդ» ԽՍՀՄ-ի գոյության վերջին տարիներին։ Պարզապես այն ժամանակ Ադրբեջանում դեռ խորհրդային բանակ կար, ու երբ Հայաստանը ԽՍՀՄ կազմից դուրս գալու առաջին քայլերն արեց՝ հենց այդ բանակն էլ «Կոլցո» օպերացիա իրականացրեց, հայաթափեց Շահումյանի շրջանն ու «ինտեգրեց» Ադրբեջանին։ 

Ինչևէ։ Այսքանից հետո անգամ հարց չի ծագում, թե որը կլինի Ռուսաստանի հետագա քայլը, եթե Հայաստանն արդեն պաշտոնապես դուրս գա ՀԱՊԿ-ից։ Հարցն ընդամենը այն է, թե Ադրբեջանը հերթական անգամ կհամաձայնվի՞ խաղալ «ռուսական մահակի» դերը, ու եթե համաձայնվի՝ Արևմուտքը դա կանխելու կամ հարվածները գոնե մեղմելու բավարար կամք ու ռեսուրսներ կունենա՞, թե՞ ոչ։ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ մեծ հաշվով, Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալ-դուրս չգալու հարցը ոչ Հայաստանից է կախված, ոչ էլ անգամ Ռուսաստանից, դա ավելի շատ Արևմուտք-Ադրբեջան (Թուրքիա) հարաբերությունների տիրույթում է։ 

Ադրբեջանն էլ հայտարարում է, թե խաղաղության համաձայնագրի ստորագրման համար «այլևս որևէ խոչընդոտ չի տեսնում», այլ կերպ ասած՝ «թույլ է տալիս», որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից։ Այլ հարց է, թե ի՞նչ գին է պահանջելու դրա դիմաց, և արդյո՞ք կարելի է ընդհանրապես վստահել այդ երկրին։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   412 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ