...

Հերթով ասում են, որ իրենց վրա հույս չդնենք

Հերթով ասում են, որ իրենց վրա հույս չդնենք

ՀԱՊԿ-ը եկել էր Երևան՝ ասելու, որ իր վրա հույս չդնենք։ «Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագծում ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ անգամ քաղաքական գնահատական չկար, Լուկաշենկոն էլ նախ հայտարարեց, թե «ինչ-որ մեկին հետ պահելը մեր գործը չէ», ապա հակամարտության կարգավորման ձգձգման համար ըստ էության մեղադրեց հայկական կողմին՝ նշելով, թե իրենք կարող են կարգավորել հարցը, բայց՝ «առաջին հերթին Հայաստանի ղեկավարության ցանկության դեպքում» (այսինքն՝ եթե մինչև հիմա չեն կարգավորել, պատճառը Հայաստանի ղեկավարության դիրքորոշումն է)։ Եվ իզուր էր «Նիկոլ Վովային» փորձում անեկդոտիկ ռուսերենով մանրամասն բացատրել նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերը, իզուր էր փորձում հիմնավորել, որ մեղավորն Ադրբեջանն է՝ երևի կարծելով, թե ներկաների մեջ կա մեկը, ով այդ մասին չգիտի․․․ Լուկաշենկոն սառնասրտորեն Երևանի կենտրոնում հնչեցրեց ադրբեջանական դիրքորոշումներն ու գնաց Առինջ՝ ասենք թե համապատասխան Գագոյենց տուն։ 

Ի դեպ՝ ընդամենը մի երկուսուկես-երեք ամիս առաջ էլ «նենգ Եվրոպան» էր եկել ասելու, որ իր վրա հույս չդնենք։ Եվրամիությունը էներգետիկ համագործակցության ոլորտում Ադրբեջանին «հուսալի գործընկեր» անվանեց, ու բառացիորեն օրեր անց Ադրբեջանը ներխուժեց ՀՀ տարածք։ Հետո նրանք, իհարկե, քաղաքացիական դիտորդներ ուղարկեցին Հայաստան, որպեսզի տեղում համոզվեն, որ Ադրբեջանն իսկապես էլ ագրեսոր է, և համոզվեցին։ Բայց Ադրբեջանը, որքանով տեղյակ ենք, շարունակում է «հուսալի գործընկեր» մնալ։ 

Բայց վերադառնանք ՀԱՊԿ-ին։ Այդ կառույցում Բելառուսը, հասկանալի է, ինքնուրույն միավոր չէ (Ղազախստանն ու Ղրղզստանը շատ ավելի ինքնուրույն են), Բելառուսը գործնականում ռուսական մարզի պես բան է, Լուկաշենկոն էլ սովորաբար ասում է այն, ինչը Պուտինը չի ասում, որովհետև «սոլիդ» չէր լինի։ Այսինքն՝ ստացվում է, որ կոնկրետ մեր դեպքում ՀԱՊԿ-ը միայն մի առաքելություն ունի․ համոզել, որ հակամարտությունը կարգավորենք ոչ թե միջազգային իրավունքի նորմերի, այլ Ադրբեջանի թելադրած վերջնագրային պահանջների հիման վրա, պարզ ասած՝ ուժի կիրառման սպառնալիքի ներքո կամ «ատրճանակը քունքին սեղմած»։ Մինչդեռ, եթե այդ կառույցն իսկապես ձգտում է հասնել հակամարտության կարգավորմանը, պիտի ճիշտ հակառակն աներ՝ առաջին հերթին բացառեր ուժի կիրառման սպառնալիքը և Ադրբեջանին կոչ աներ զորքերը դուրս բերել ՀՀ տարածքից։ Եթե այդպես չի վարվում՝ դա միայն մի բան է նշանակում․ ՀԱՊԿ-ին (Ռուսաստանին) կարգավորում պետք չէ։ Պետք է սառեցված հակամարտություն՝ ամեն վայրկյան թեժացվելու պոտենցիալով։ Իսկ դրա համար, ի դեպ, հայաբնակ Արցախի գոյությունը պարտադիր չէ, ՀՀ տարածքի օկուպացիան ու «Զանգեզուրի միջանցքի» թեման լիուլի հերիք են։ Չէ, Ռուսաստանը, իհարկե, կփորձի հնարավորինս երկար մնալ Արցախում, բայց եթե չստացվի էլ՝ շատ դարդ չեն անի, որովհետև ի դեմս Սյունիքի պոտենցիալ «երկրորդ Արցախի» պահեստային տարբերակ կա։ Այստեղից էլ՝ հակամարտությունն ադրբեջանական պայմաններով կարգավորելու և գործնականում Արցախի հայաթափման հետ համակերպվելու «բարեկամական հորդորները»։ 

Ի դեպ, հետաքրքրիր է՝ խորհրդարանում ներկայացված «տիտղոսակիր ընդդիմությունը» մտադիր չէ՞ անդրադառնալ ՀԱՊԿ դիրքորոշմանը, և համաձա՞յն է, որ այդ կառույցը «որևէ մեկին զսպելու համար չէ», խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ձգձգման հիմնական մեղավորն էլ Հայաստանն է։ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   509 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ