...

Ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք

Ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք

Բայց մեր խորհրդարանը վերջն է: Խորհրդարան չի, այլ մուրազ: Ցանկացած պահի միացրեք, հետևեք նիստերին: Ըհը. ՔՊ-ի խմբակցության պատգամավորն է խոսում: Ասում է. այ, «Հայաստան» դաշինք, բա գիտե՞ք, Լևոն Տեր-Պետրոսյանը ձեր մասին ահա այսպիսի բաներ է ասել: Էս թվին, էսինչ տեղում: Ձեզ մեղադրել է ահա էս ու էս բաներում: Դե, տղա եք, պատասխանեք:

Գալիս է «Հայաստան» դաշինքի պատգամավորը: Դե, քանի որ իրենց առաջնորդի հասցեին մեղադրանքներին որևէ հակափաստարկ չունեն, ի՞նչ պիտի ասեն: Ասում են՝ այ, իշխանավորներ, բա Լևոն Տեր-Պետրոսյանը ձեր առաջնորդի մասին ահա սենց ու սենց բաներ է ասել: Բա սրա՞ն ինչ կասեք:

Սա գնում է, գալիս է հաջորդ քպ-ական պատգամավորը: Թե բա՝ լսե´ք, այ ընդդիմադիր կոչվողներ, բա հիշո՞ւմ եք, որ Առաջին նախագահը էսինչ թվին Քոչարյանի մասին սենց բան է ասել ու այսպիսի գնահատականներ է տվել: Դուք ո՞վ եք, որ այդքանից հետո համարձակվում եք մեզ բան ասել:

Հաջորդ քոչարյանական պատգամավորն է գալիս: Այ հողատունե´ր, ասում է, մոռացե՞լ եք, թե էսինչ թվին Լևոնն ինչ ասաց, զգուշացրեց, թե ձեր առաջնորդն ինչ զուլում է բերելու: Մոռացե՞լ եք:

Կինո է: Լևոնի խոսքերով իրար տոպկում են: Ընդ որում՝ ինչն է հետաքրքիր, որ Տեր-Պետրոսյան մեջբերելիս նշում են, թե դա երբ է ասվել, ոնց, որ օրը, ժամը, հղումներով, հեղինակային իրավունքները պահպանելով: Այսինքն՝ երկու կողմն էլ բան ու գործ չունեն, օրերով ինտերնետում Տեր-Պետրոսյանի ելույթներն ու հոդվածներն են փնտրում, գտնում, կարդում, ուսումնասիրում, անգիր անում, հետո գալիս՝ խորհրդարանում դա ներկայացնում են: Ու այնպիսի տոնով, կարծես գյուտ են արել: 

Սա նրանից է, որ երկու կողմն էլ ասելիք ու անելիք չունեն: Որևէ ռացիոնալ միտք, բանական խոսք, առաջարկ, ընդհանրապես չկա: Սրանց ամբողջ բանավեճը կազմված է Տեր-Պետրոսյանին մեջբերելով: Բա հիմա չասե՞ս. գնացել եք խորհրդարան, որ իրար հիշեցնեք, թե Լևոնը ինչ է ասե՞լ: Ձեր մտքի թռիչքը սրանից այն կողմ չի՞ ձգում: Եթե չի ձգում, իսկ մենք գիտենք, որ չի ձգում, մանդատները վայր դրեք, թող գան այն մարդիկ, որոնց հասցեին Տեր-Պետրոսյանը մեղադրանքներ չի հնչեցրել: Եթե դա է պատգամավոր լինելու չափանիշը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1330 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ